Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյան․ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող, օգտակար պետության վերածվող Հայաստան

Փետրվար 02,2024 12:14

«Առաջարկում եմ՝ ավարտենք մշտապես շարունակվող բանավեճը եւ մեզ համար արձանագրենք, որ պետք է արդեն մտածենք, թե ինչպես ներդնենք արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության մեջ, թվայնացման համակարգում, ռադիոհաղորդակցության, տեղեկատվական գիտության ոլորտում»,-այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանանք, որ մարդու մտածելակերպի եւ ընկալման ու հույզերի մեջ երկու մոտեցում կա․ «Այսինքն, այսօր էլ մենք գուցեեւ փորձում ենք գտնել լուծումներ, մյուս կողմից էլ առկա են վախեր։ Տեխնոլոգիական տարբեր հեղափոխությունների փուլերում այդ վախերը եղել են, դրանք նույնանման են այսօրվա այն վախերին, որոնք ունենք արհեստական բանականության հետ կապված»։

Հայրապետյանն ասաց՝ այն պետությունները, սուբյեկտներն ու ազգերը, որոնք երկար կմտածեն դրա շուրջ, իրենք հետ են մնալու ամբողջ աշխարհի զարգացումից․ «Այս առումով ունեմ մտավախություն, որ մենք տեղ-տեղ արդեն ուշացել ենք։ Հետեւաբար, թռիչքային աճի համար մեզ պետք են տասը անգամ արագ որոշումներ եւ գործողություններ։ Սրանով է պայմանավորված մեր ապագա զարգացումը»։

Նախարարի ներկայացմամբ՝ այսօր պետական տարբեր գերատեսչություններում, երբ առաջարկվում է նոր ռազմավարություն եւ մոտեցումներ, դժվարությամբ կգտնեք այդ թղթերում «արհեստական բանականություն» բառակապակցությունը։ Նա վստահեցրեց, որ ԲՏԱ նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն, որպեսզի արհեստական բանականության շուրջ խոսակցությունները ճիշտ ներկայացվեն հասարակությանն ու գերատեսչություններին․ «Այն վախերը, որոնք նույնիսկ պետական ապարատում կան, պետք է կոտրենք եւ հենց հիմա պիտի անենք դա։ Ինչ թվայնացման կամ փաստաթղթաշրջանառության կամ պետական ապարատի արդյունավետ կառավարման մասին է խոսքը, եթե ունենք այդ վախերն անգամ որոշումներ կայացնողների մակարդակով։ Այդ վախերը կոտրելով, վստահ եմ, Հայաստանն աշխարհում կարող է դառնալ մրցունակ ու ամբիցիաներ ունեցող երկիր, ունենալ կարեւոր դեր աշխարհում՝ մոլորակի մարդկանց ինչ որ լուծումներ առաջարկելով, ինչը վերափոխելու է Հայաստանը եւ հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը։ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող եւ օգտակար պետության վերածվող Հայաստանի հանրապետություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829