Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաղական կիսապատրաստվածքների, ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար պետական տուրք կսահմանվի

Փետրվար 06,2024 11:16

Ազգային ժողովի նստաշրջանում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Պետական տուրքի մասին լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Դրանով մենք պատրաստվում ենք սեւ եւ գունավոր մետաղի եւ դրանցից արտադրվող ապրանքատեսակների առեւտուրը կարգավորել։ Վերջնական նպատակ ունենք երկարացնել արժեշղթան եւ Հայաստանում արտադրվող մետաղական կիսապատրաստվածքների վերջնական մշակումը խթանել։ Հիշեցնեմ, որ 2021 թվականին, երբ կառավարությունն արգելք դրեց սեւ մետաղի ջարդոնի արտահանման վրա, դրանով հարուցեց խոշոր ներդրումներ մետալուրգիայի ոլորտում, եւ այդ ընթացքում մինչեւ այսօր կատարվել են մոտ 100 մլն դրամի ներդրումներ, ստեղծվել են մոտ 750 նոր աշխատատեղեր։ Ընդ որում, մետալուրգիայի ոլորտում հիմնվել է 4 նոր գործարան։ Այս նախագծով մենք առաջարկում ենք պետական տուրք դնել մետաղական կիսապատրաստվածքների արտահանման վրա, որով մենք կխրախուսենք այդ կիսապատրաստվածքների վերջնական մշակումը եւ Հայաստանում վերջնական սպառման ապրանքների արտադրությունը»,- ասաց Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ քննարկվել է հարցը, որ պետք է տալ բավարար ժամանակ այն ընկերություններին, որոնք այսօր ստեղծում են կիսապատրաստվածքներ։ «Համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի այս նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը լինի 2025 թվականի հունվարի մեկը»,- ասաց Քերոբյանը։

Պետական տուրքի մասին օրենքում առաջարկվող այլ փոփոխություններով նախատեսվում է արտահանման տուրք սահմանել նաեւ ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների վրա։ Վահան Քերոբյանն ասաց՝ փոփոխությունն արվում է՝ հաշվի առնելով այն, որ այս առեւտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենա ՀՀ բյուջեի հավաքագրման գործընթացում։

«Առաջարկում ենք այս երեք ապրանքատեսակների համար սահմանել արտահանման տուրք՝ մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում։ Օրինակ՝ մեկ կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է։ Վերջին ժամանակահատվածում այս տիպի առեւտուրն էական աճ է արձանագրել, եւ կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել»,- նշեց նա։

Ըստ Քերոբյանի՝ առաջին անգամ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտեցել է կամ կանցնի ՀՆԱ-ի 110 տոկոսը։ Իսկ արտաքին առեւտրային բացասական սալդոն ավելի մեծ է, քան –2 տոկոսը՝ -2 տոկոսից 0-ի սահմաններում է լինելու։ «Դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավական արագ մոտեցնում է մեր կառավարության դրած թիրախին, այն է՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- ընդգծեց Քերոբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829