Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես վստահ եմ, որ եթե 2018 թվականին ասվեր՝ 30 տարում տեղի ունեցածը սխալ է, իշխանության եկածներից որեւէ մեկն իշխանության չէր գա»․ Ալեքսան Հակոբյան

Փետրվար 20,2024 16:35

«1988-ի Արցախյան շարժումը մի շարք կարեւոր առանձնահատկություններ ուներ։ Դա հասարակության սուբյեկտության ֆիքսում էր, որովհետեւ դա շարժում էր, որին մասնակցում էր ամբողջ ժողովուրդը։ Բոլոր որոշումները կամ հրապարակի ազդակով էին կայացվում, կամ հենց հասարակության մասնակցությամբ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա՝ երկրորդ կարեւոր առանձնահատկությունը լիդերության արդյունավետությունն էր՝ «Ղարաբաղ կոմիտեն»՝ իր 11 անդամներով, հետո դրան ավելացավ ՀՀՇ վարչությունը։ «Սա հետսովետական տարածքի միակ շարժումն է, որը Հայաստանի անկախությանը կարողացել է հասնել բացառապես լեգալ ճանապարհով։ Իրականում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց այդ հեղափոխությունն ունեցել է էլեկտորալ դրսեւորում։ «Ղարաբաղ կոմիտեն», հետո ՀՀՇ-ն նոր քաղաքական խոսք էին հայ իրականության մեջ։ Անշուշտ, Կոմունիստական կուսակցության ղեկավար որեւէ գործիչ դեմ չէր լինի Ղարաբաղի միացմանը Հայաստանին։ Ընդհանրապես, Ղարաբաղն ինքն էլ որպես խնդիր կարող էր համազգային դառնալ առանց «Ղարաբաղ կոմիտեի»։ Բայց Ղարաբաղյան շարժման ամբողջ խնդիրը հենց այն էր, որ այդ շարժումը շատ տարողունակ էր։ Առանցքում ունենալով Ղարաբաղի խնդիրը՝ ինքն անկախական էր ըստ էության։ Հենց դրանով ինքը լուրջ մարտահրավեր էր կոմունիստական իշխանությանը։ Եթե շատ անկեղծ լինենք, մեր պետականության կայացման շարժում էր դա»,- ասաց Սուրենյանցը։

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Ալեքսան Հակոբյանն էլ ասաց, որ «Ղարաբաղ կոմիտեն» ուղիղ հայտարարեց, որ ինքը ստանձնում է ժողովրդին ղեկավարելու պատասխանատվությունը։ «Հետագայում քարոզչական միջոցներով «Ղարաբաղ կոմիտեի» վրա բարդեցին լիքը վատ բաներ, այն դեպքում, երբ եղան լիքը օբյեկտիվ խնդիրներ, որոնք հաղթահարվեցին։ Մենք համարում ենք, որ Արցախյան շարժումն իրականում սկսվեց փետրվարի 20-ին։ Արցախցիները համարում են, որ փետրվարի 12-13-ին է սկսվել, քանի որ Հադրութում եւ Ասկերանում փոքր հանրահավաքներ էին եղել։ Արցախում փետրվարի 20-ին եղավ հայտնի փաստաթղի ընդունումը՝ խնդրանքով դիմել, որպեսզի Արցախը ադրբեջանական ԽՍՀ-ից հանվի եւ միացվի հայկական ԽՍՀ-ին։ Արցախում դա նշում էին որպես Վերածննդի օր, պաշտոնապես նշել են»,- ասաց Ալեքսան Հակոբյանը։ Նա հավելեց, որ երկար տարիներ պայքար է եղել այն բանի դեմ, ինչ ունեցանք 1999 թվականի հոկտեմբեի 27-ից հետո։

«2018 թվականի հեղափոխության հիմնական բանաձեւը հետեւյալն էր, որ վերջին 20 տարում եղածը սխալ է եղել, մենք փոխում ենք։ Հետո բավական արագ, մի քանի ամսվա ընթացքում այդ բանաձեւը փոխվեց։ Այսինքն՝ հեղափոխությամբ ձեւավորված իշխանությունը փոխեց այդ բանաձեւը, որ ոչ թե 20 տարում եղածն է սխալ, այլ 30 տարում եղածը։ Դա ոչ մի կերպ չեմ ընդունում, դա տգեղ բան է։ Ես վստահ եմ, որ եթե 2018 թվականին ասվեր՝ 30 տարում տեղի ունեցածը սխալ է, իշխանության եկածներից որեւէ մեկն իշխանության չէր գա։ Դա կեղծիք է, վնասակար է՝ խոսել այն մասին, որ 30 տարում ինչ եղել է, սխալ է եղել, այսինքն՝ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել, պատերազմը սխալ է եղել եւ այլն։ Մենք պետք է ճիշտ գնահատենք, ասենք, որ Ղարաբաղյան շարժումը լավ էր, Շարժման ավանդույթները ճիշտ կլինի, որ վերականգնվեն։ 90 տոկոսանոց բարի հասարակությունը ես տեսել եմ, իմ սերունդը տեսել է՝ դա Ղարաբաղյան շարժման ժամանակաշրջանն էր եւ դրան հետեւած 1990-ականների սկիզբն էր, որ ժողովուրդը 90 տոկոսանոց բարի հասարակություն էր։ Դա ինչ-որ տեղ «Ղարաբաղ կոմիտեի» ստեղծած իշխանության շնորհիվ էր։

Այն ժամանակ ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Այն, ինչ արել ենք սկսած 1999 թվականի հոկտեմբերի 27-ից ու հետո 2018 թվականից հեղափոխությունից հետո, սա սխալ էր։ Հիմա պետք է փոխենք։ Ինչպե՞ս փոխենք, ես չգիտեմ։ Ենթադրում եմ, որ նույն բանաձեւը մնացել է ուժի մեջ, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց 2021 թվականի ընտրություններից առաջ։ Ինքը դրեց բանաձեւը, որ երեք ուժերը պետք է միանան՝ Քոչարյանի ուժը, Սերժ Սարգսյանի եւ ՀՀՇ-ի ուժերը։ Այդ դեպքում ինքը շանս էր տեսնում, որ ժողովուրդը մեծամասամբ հարցը լուծված կհամարի, թե ով իրեն կղեկավարի։ Ես էլ տեսնում եմ՝ ոնց որ թե ուրիշ ճար չկա»,- ընդգծեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829