«Իշխանությունը կարող է շատ բան չընդունել, կան չափանիշներ ԵԽԽՎ կողմից հաստատված․ մարդիկ, ում մասին մենք խոսում ենք, քաղբանտարկյալ են և այդ չափանիշներին լիովին համապատասխանում են։ Հետևաբար և՛ մեր ամբողջ հասարակությունը գիտի, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ մյուսները հետապնդվում են քաղաքական պատճառներով։ Ընդ որում՝ երկու նպատակ կա. մեկը քաղաքական հաշվեհարդարն է, այսինքն՝ փորձել են կանխել այս մարդկանց ընտրվելու հնարավորությունը, փորձել են նրանց պատժել քաղաքականությանը մասնակցելու համար, քաղաքական հայտի համար։ Եվ երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է բարենպաստ միջավայր ձևավորել արտաքին պարտավորությունները կատարելու համար։ Այսինքն՝ ակնհայտորեն գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, էլ չասեմ, որ այնպիսի տոտալ կեղծիքների գնացին Ազգային ժողովի ընտրություններում, որպեսզի իրենց համար երեք հինգերորդի մեծամասնություն ապահովեն՝ դուրս թողնելով անցողիկության շեմը հաղթահարած ԲՀԿ-ին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հարց հնչեց երկրորդ նախագահի պահման պայմանների մասին։ Տեւական ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ահազանգում են, որ դրանք չեն համապատասխանում սահմանված կանոններին։
«Բոլոր հանիրավի կալանավորվածները խոշտանգվում են։ Խոշտանգումը պարտադիր չի՝ ֆիզիկապես լինի, դա կարող է բանտային պայմաններ լինել։ Ի վերջո, մարդկանց այս վարկաբեկման արշավը, որ տոտալ տարվել է իշխանության կողմից․․․ Հայաստանում քրեակատարողական հիմնարկներ չկան, որոնք համապատասխանում են ինչ-որ եվրոպական չափանիշների։ Հետևաբար` բոլորի պահման պայմաններն էլ բավարար չեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, անցած շաբաթ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գեւորգյանի մահվան դեպքը։ Նա դա իշխանության քինախնդրության արդյունք է համարում․ «Այո՛, չփորձի իշխանությունը իր վրա այս պատասխանատվությունը գցել, որովհետև փակ տարածքներում պետությունը պոզիտիվ պարտականություն ունի մարդու կյանքն ու առողջությունը պահպանելու։ Այսինքն՝ մարդկանց հանիրավի կալանք… ընդհանրապես կալանքը դարձրել են պատժի գործիք։ Սրանից ավելի մեծ խոշտանգում չկա։ Կալանքը ընդամենը նախաքննության բնականոնությունը ապահովելու նպատակ ունի, դա չի կարելի դարձնել պատժի գործիք, կալանքը չի կարելի սովորական բան դարձնել։ Անցած տարվա ընթացքում նախաքննության մարմնի միջնորդություններից 88%-ը կալանքի վերաբերյալ բավարարվել են։ Այս պարագայում լրիվ հիմքերը ունենք կայուն ավտորիտարիզմի մասին խոսելու»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































