Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե այս անգամ ինչ պետք է արվի, որպեսզի նախորդ տարիների սխալները չկրկնվեն, եւ այս գործընթացը երբ կդառնա գործողություն, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ասաց. «Առաջին քայլն արդեն արվել է։ Եթե նախկին պատերազմական բոլոր դաշինքները կամ համագործակցելը ձեւավորվել են շատ ընդհանրական օրակարգի շուրջ՝ թեկուզ իշխանափոխության, բայց «ներքին դարակներ» բովանադակություն չի եղել, հիմա մենք հակառակ տրամաբանությամբ ենք գնացել։ Առանձնացրել ենք չորս կետ, այսինքն, բովանդակային դարակները ֆիքսել ենք, եւ կոնկրետ, փոքր, բայց հաստատուն քայլերով ենք գնում մեծ խնդրին՝ իշխանափոխության հարցին։
Կարծում եմ, այս դեպքում ձախողման հավանականությունը շատ փոքր է: Խնդիրները շատ հստակ են ձեւակերպված, համագործակցության ձեւաչափը հստակ ֆիքսված է, կուսակցությունները կաշկանդված չեն բացի այդ չորս խնդիրը ունենալ այլ դիրքորոշումներ եւ մոտեցումներ: Այսինքն, որդեգրվել է համագործակցության կամ կոնսոլիդացիայի այլ ձեւաչափ։
Երկրորդը՝ հետագա քայլերը։ Բոլորիս համար պարզ է, որ ի վերջո այս իշխանությունները տեղի են տալու հասարակական շատ մեծ ճնշման պայմաններում։ Հետեւաբար, մեր բոլոր գործողությունները՝ այս հավաքները, դեպի փողոց վաղվա փոքր ակցիաները, մասնագիտական այլ խմբերի հետ հանդիպումները միտված են հասարակական միջավայրի այնպիսի ձեւավորմանը, որ ռեժիմի երախի ատամները մաշվեն: Այսինքն, ռեպրեսիաները, մարդ բռնելը ռեժիմի համար շատ թանկ արժենա:
Ի վերջո, մի բան հաշվի առեք։ Այս երկիրն իր ռեսուրսներով շատ տեւական շրջան ավտորիտար բեսպրեդել հանդուրժել չի կարող։ Եվ ի վերջո, եթե մենք կարողանանք հասարակությանը համախմբելու բանաձեւը գտնել, մի օր իրավապահները որոշելու են Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































