Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի լռության օր է

Փետրվար 29,2024 23:25

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքացիները վաղը՝ ուրբաթ, ընտրելու են հետհեղափոխական շրջանի 12-րդ գումարման խորհրդարանի (Իսլամական Խորհրդարանի) անդամներին։ Մեկշաբաթյա քարոզարշավից հետո այսօր լռության օր է։ Իրանը 1979 թվականի Իսլամական Հեղափոխությունից առաջ ևս ունեցել է խորհրդարան, որի հիմքը դրվել է Իրանի Սահմանադրական Շարժման ժամանակ։ 1906 թվականին ժողովրդավարական պայքար մղող ուժերը հաղթեցին և Սահմանադրություն գրելով, Ղաջար արքաներից Մուզաֆար Էդդինին ստիպեցին խորհրդարան ընտրել։ Իրանի ժամանակակից հասկացողությամբ առաջին խորհրդարանն իր աշխատանքը սկսեց 7-ը հոկտեմբերի 1906 թվականին և 24 գումարումից հետո լուծարվեց 1979 թվականին։

1980 թվականին ընտրվել է ԻԻՀ-ի առաջին խորհրդարանը և յուրաքանչյուր չորս տարվա ավարտին կատարվել է նոր ընտրություն։ ԻԻՀ-ն ունի նաև «Խոբրեգան» (Գիտակների-Բանիմացների) Ժողով, որի իրավասություններն ավելի ընդարձակ են և երկրի առաջնորդի ընտրությունը նրան է վերապահված։ Խորհրդարանը միայն նախագահի գլխավորած կառավարության և նրա անդամների գործունեությունն է վերահսկում և չի կարող հսկել այն ոլորտները, որոնց ղեկավարներին նշանակում է առաջնորդը (իրավապահ մարմիններ, դատական ուժ, զինված ուժեր, ռադիո-հեռուստատեսություն ․ ․ ․): Քվեարկողները վաղը ընտրելու են նաև Գիտակների Ժողովի անդամներին։

Խորհրդարաննն ընտրվում է չորս տարին մեկ անգամ, իսկ Գիտակների Ժողովը՝ ութ տարին մեկ անգամ։ Իրանի Սահմանադրությամբ ճանաչված ոչ-մուսուլման կրոնական փոքրամասնությունները միայն խորհրդարանում ներկայացուցիչներ ունեն․ դրանք են զրադաշտականները, մովսիսականները, հայ ու ասորի քրիստոնյաները, որոնք հինգ տեղ ունեն 290 անդամից բաղկացած Իսլամական Խորհրդարանում։ Այդ հինգ տեղից երկուսը հայերին են հատկացված, քանի որ նրանք մյուսներից քանակով ավել են։

Փորձագետների կարծիքով այս տարի քիչ մարդ է մասնակցելու ընտրություններին՝ 34-40 տոկոս։ Դրա պատճառը ընտրողների հիասթափությունն է խորհրդարանից․ նախ երկու ինստիտուտ՝ Ներքին Գործերի Նախարարությունը և Սահմանադրության Պահապան Խորհուրդը զտում են թեկնածուներին և անբաղձալի տարրերին մերժում են, և հետո՝ խորհրդարանը լծակ չունի առաջնորդի միահեծան որոշումները վերահսկելու։ Թեհրանի «Էվին» կալանավայրից ընտրությունները բոյկոտելու կոչ է արել նաև Նոբելյան Խաղաղության մրցանակի 2023 թվականի դափնեկիր տիկին Նարգես Մոհամադին։

***Այս մթնոլորտում աշխուժություն է նկատվում իրանահայ համայնքում։ Թեհրանի և հյուսիսի հայերի համար նախատեսված ընտրատարածքի մեկ տեղի համար մրցում են գործող պատգամավոր Արա Շահվերդյանը, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը և մաթեմաթիկոս Սևան Սոհրային։ Նոր-Ջուղայի և հարավի հայերի համար նախատեսված ընտրատարածքի մեկ տեղի համար մրցում են քաղաքագետ Գեղարդ Մանսուրյանը և տնտեսագետ Էմին Հովսեփը։ Շահվերդյանը և Մանսուրյանը վայելում են ՀՅԴ-ի հովանավորությունը։

Հայը ցանկության դեպքում կարող է ընտրական այլ տեղամաս այցելել և ոչ-հայ թեկնածուների օգտին քվեարկել, բայց ոչ-հայ ընտրողը չի կարող քվեարկել հայերի համար նախատեսված ընտրական տեղամասում։ Հինգ թեկնածուն քարոզարշավ են կատարել հայկական թաղերում, միություններում, եկեղեցիներում, եղել են ընտրատարածքի մյուս հայաշատ վայրերում (Թավրիզ, Ուրմիա, Շիրազ, Շահինշահր), մասնակցել են հայկական միությունների և Իրանի պետական հեռուստատեսության հրավիրած կլոր սեղաններին։

Հայ թեկնածուները իրենց կողմնակցությունն են հայտնել ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության, պաշտպանել են Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և խոստացել են Իսլամական Խորհրդարանի մշտական հանձնաժողովների միջոցով լուծել իրանահայերի համայնքային խնդիրները, զարկ տալ Իրան-Հայաստան հարաբերություններին և ԻԻՀ-ի Սահմանադրության թույլատրելի սահմաններում արծարծել հայերի միջազգային իրավունքները և Հայկական Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։

Իմ կարծիքով` հայ համայնքում կհաղթեն թեկնածուներ Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը։ Կհանդիպենք առաջիկա շաբաթ օրը։

 

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829