Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ է տվել

Մարտ 15,2024 23:20

Մեդիա կենտրոնում` «Ինչու չեն բացահայտվում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերը» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի հյուրերն էին ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների  իրավահաջորդների  ներկայացուցիչներ, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Զարուհի Մեջլումյանը եւ Դավիթ Գյուրջյանը:

Փաստաբանների խոսքով, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի բացահայտման հարցում տեղաշարժ չկա:

Նրանք անդրադարձան գործերի քննությանը ներպետական եւ միջազգային կառույցների արձագանքներին: Մասնավորապես, ԵԽ նախարարների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերին կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ արագ ավարտել ոչ մարտական պայմաններում  մահացած զինծառայողների գործերով քննությունը եւ ժամանակ է տվել մինչեւ 2025 թվականը ներկայացնելու վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում  մահվան  դեպքերի քննության մասին, քանի որ գործերի քննության տեւականության պատճառով անցնում են վաղեմության ժամկետները:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ իրենք այս խնդիրների մասին եւս մեկ անգամ խոսել ցանկացել են այն պարզ պատճառով, որ հանդիսացել են  աշխատանքային խմբի անդամներ, կազմել խորհրդատվական եզրակացություններ եւ ներկայացրել վարույթն իրականացնող մարմիններին: «Այո, գործերի քննությունների տեւական ժամանակ ընթանալը հանգեցնում է նրան, որ կորսվում են ապացույցները: Մենք, օրինակ, ունենք գործ 2007 թվականից, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի  գործերը՝ 2010 թվականից: 2017-2018 թվականներից են Լեւոն Թորոսյանի եւ Անդրանիկ Մկրտչյանի գործերը:

ԵԽ նախարարների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ ընդունած փաստաթղթով ամրագրել է նաեւ, որ մինչեւ 2025 թվականի հերթական նստաշրջանը կրկին անդրադարձ է կատարվելու Հայաստանում քննությունների արդյունավետությանը եւ դրանց վերաբերյալ փաստական վիճակագրական տվյալներ է պահանջելու»,-ասաց նա:

Դավիթ Գյուրջյանը նշեց, որ պատահական չէ, որ Տիգրան Օհանջանյանի եւ Վալերիկ Մուրադյանի գործերով կայացվել են վճիռներ Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով, որ իսկապես, այդ գործերում շատ լուրջ թերություններ են եղել, որոնք արձանագրվել են նաեւ մեր խմբի կազմած խորհրդատվական եզրակացություններում: Խոսքը թե ժամանակին չկատարված քննչական գործողությունների մասին է, թե վարկածների անարժանահավատության՝ ապացույցներով չհիմնավորվող վարկածների, թե ապացույցների կորուստի եւ այլն»,-ասաց նա:

Զարուհի Մեջլումյանը անդրադարձավ այս երեւույթների պատճառներին այն համատեքստում, որ ՄԻԵԴ-ը կայացնում է որոշումներ, բայց դրանք ազդեցություն չեն ունենում: Հետեւաբար, արդյո՞ք օբյեկտիվ են պատճառները, թե գործ ունենք անգործության հետ: «Այո, կան մի խումբ օբյեկտիվ պատճառներ: Դրանցից ամենագլխավորը ապացույցների անդառնալի կորուստն է: Այն, ինչ տեղի է ունենում քրեական արդարադատության ոլորտում, եթե նայում ենք դասական իրավաբանության տեսանկյունից, արդյունավետ քննության առաջին մի քանի օրն է կարեւոր, եթե ոչ  ժամերը: Առաջին ժամերին է, որ պետք է ապացույցները վերցվեն: Ի՞նչ մենք տեսանք քրեական գործերի այդ բազմահատորանոց նյութերն ուսումնասիրելով: Տարրական նմուշառումների հետ կապված առաջին օրը մասնագետ ներգրավված չէ, անգամ մատնահետքաբանական փորձաքննություն, որը հասանելի է մարդկությանը դեռեւս 1800-ականներից չի վերցվել զենքի վրայից կամ երկտողի վրայից, ինչպես Անդրանիկ Մկրտչյանի գործով: Գրպանում երկտող է դրված ու, այ քեզ բան, նմուշառում չի կատարվել: Այսինքն, այն, ինչ կորսվել է անդառնալիորեն, Ապացույցների բավարարություն պետք է լինի: Իրավաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին արդեն հայտնի է, որ պետք է լինի ապացույցների համակցություն, վերաբերելիություն, թույլատրություն:

Բայց չեմ բացառում նաեւ սուբյեկտիվ գործոնները: Արդյո՞ք այդ ապացույցների կորուստը չի եղել միտումնավոր, որին պետք է գնահատական տրվեր: Արդյունավետ քննությունն է գլոբալ գնահատականը, որ տեղի չի ունեցել», ասաց Զարուհի Մեջլումյանը:

Տիկին Մեջլումյանը անհրաժեշտություն է համարում այսօր նաեւ՝ ճշմարտության հանձնաժողովներ ստեղծելը, որպեսզի տուժածները  ճանաչվեին անարդարության զոհեր՝ դրանից բխող հետեւանքներով, այսինքն, փոխհատուցումներով: «Եթե պետությունը չի կարողանում այսքան տարիներ անց օբյեկտիվորեն անդրադառնալ այս հարցերին, եթե բարի են նպատակները, երե օբյեկտիվորեն չի կարողանում գործերի վերաբացում կատարել, իմ կարծիքով տուժած մարդիկ անարդարության զոհեր պետք է ճանաչվեն»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031