Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյանը՝ ՔՊ-ին․ Իմ նախագծերը հանում եք օրակարգից, որ ի՞նչ լինի, որ է՛լ չմտնեն օրակարգ, թե՞ միայն ՔՊ-ից լինեն նախագծեր ու չզեկուցվող

Ապրիլ 16,2024 13:15

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ից Արմեն Գալջյանի առաջարկով «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանի 5 նախագիծ հանվեց օրակարգից: Գալջյանը նշել էր, որ դրանց վերաբերյալ հավելյալ քննարկում պետք է իրականացվի։

Այս խնդրի վերաբերյալ Հայկ Գրիգորյանը նիստում ասաց՝ մենք լուրջ խնդիր ունենք Երեւանի ավագանու եւ հանձնաժողովների հետ․ «Իմ ներկայացրած մի քանի նախագծերը իրավական հանձնաժողովում պարզ դարձավ, որ այդ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները որեւէ պատկերացում չունեն իրավական տեխնիկայի մասին։ Թե՞ նախագիծը չէին կարդացել, եւ ընդհանրապես, իրենք չէի՞ն հասկանում մի հասարակ բան՝ ոչ ավել, քան չորս ամիսը դա նույն բանը չէ, ինչ չորս ամիսը, չէին հասկանում, որ օրենքով կարգավորված հարցը կարող է նաեւ ավելի մանրամասն կարգավորվել կանոնակարգով։ Այդ նիստին ներկա էր պարոն Գալջյանը, քննարկում եղել է, իսկ այսօր նա ասում է, որ քննարկում չի եղել»։

Գրիգորյանի խոսքով՝ ամբողջ քաղաքապետարանը չունի մի հատ իրավաբան, որ եզրակացություն տա՝ եթե արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել նախագծերին, ապա դրանք չունեն իրավական խնդիր․ «Գալջյանը չի կարողանում ինձ պատասխանել՝ այս նախագծերի իրավական խնդիրը ո՞րն է, չի կարողանում պատասխանել, ասում է՝ օրենքին հակասում է։ Ասում եմ՝ ումի՞ց կարող ենք հարցնել՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ , կա՞ նման մարդ։ Ասում է՝ չէ, ես էդպես եմ կարծում»։

Գրիգորյանն ասաց, որ ՔՊ-ն անընդհատ ընդդիմությանն ասում է՝ եթե մի բան եք ուզում փոխել, բերեք նախագիծ․ «Իմ նախագծերը բերվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամսին, դեկտեմբերին դրական եզրակացություն է ստացել, ապրիլին նոր օրակարգ է գալիս, դուք էլ հանում եք օրակարգից։ Որ ի՞նչ լինի, որ էդ նախագծերը նորի՞ց գան․ թե՞ որ է՛լ չմտնեն, թե՞ ընդհանրապես այլեւս որեւէ հարց չբերենք, թե՞ միայն ՔՊ-ից լինեն նախագծեր ու չզեկուցվող»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հաջորդ զեկուցվող հարցը դուք եք զեկուցելու, ձեր նախաձեռնությունն է։

Արմեն Գալջյանն էլ ի պատասխան Գրիգորյանի հարցի, ասաց՝ այո, առաջին երեք հարցերը քննարկվել են հանձնաժողովում, ստացել են բացասական եզրակացություն․ «Մյուսներն անգամ չեք էլ զեկուցել, քննարկման հնարավորություն չի եղել, քանի որ չեք զեկուցել, բացասական ենք քվեարկել»։

Գալջյանի խոսքով՝ ՔՊ-ն չզեկուցվող հարցերի ընթացակարգը վերացնելու առաջարկին դեմ է, բայց դեմ չէ կոնկրետ հարցեր, անհրաժեշտության դեպքում, դարձնել զեկուցվող, ինչը եւ արել են։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930