Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված մի արասցե, եթե մի օր դուք վարեք այս նիստերը, կմեկնաբանեք ձեր ձեւով»․ Ավինյանը՝ Գրիգորի Երիցյանին

Ապրիլ 16,2024 11:18

Երեւանի քաղաքապետարանի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որոնցից 26-ը չզեկուցվող են։ Նիստի մեկնարկից օրակարգից հանվեց 5 հարց։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանն օրակարգի մասին ասաց՝ Երեւանի ավագանու այս ոչ թափանցիկ եւ հակաժողովրդավարական գործելաոճն անընդունելի է․ «Չզեկուցվող հարցեր չպետք է լինեն։ Զեկուցվող են միայն ընդդիմության ներկայացրած նախագծերը եւ ՔՊ-ի բերած մեկ նախագիծ, որի շնորհիվ ձեզ ավագանու նիստին գովազդային դադար եք ապահովելու։ Սրանով ապացուցվում է մեր այն վարկածը, որ չզեկուցվող հարցերն ընդամենը գործիք են ընդդիմության դեմ՝ սահմանափակելու ընդդիմության ելույթ ունենալու եւ հարց բարձրացնելու հնարավորությունը»։

Երիցյանն առաջարկեց չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող եւ խմբակցության ղեկավարի առաջարկը քվեարկության դնել առանձին-առանձին։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ առաջարկեց օրակարգը նախ դրվի քվեարկության։ Զեկուցվող-չզեկուցվող նախագծերի մասին խմբակցությունը որոշման նախագիծ է ներկայացրել․ «Զեկուցվող-չզեկուցվող հարցերը պետք է դադարեն քննարկման առարկա լինել։ Բոլոր հարցերը պետք է զեկուցել։ Զեկուցվողի անվան տակ մի հատ հուշատախտակ եւ հողամասի նշանակության փոփոխման նախագիծ բերելը ակնհայտորեն ինչ-որ բաներ կոծկելու խնդիր է հետապնդում»։

Սուքիասյանն առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող եւ օրակարգի վերաբերյալ լինի քվեարկություն․ «Իսկ եթե հանկարծ չզեկուցվողները չդառնան զեկուցվող, ոչ իշխանական խմբակցություններին կոչ եմ անում օրակարգի հաստատման քվեարկությանը չմասնակցել»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ի պատասխան ասաց, որ ավագանու նիստերը բավականին ծանրաբեռնված են լինում, նույնիսկ վեց-յոթ հարցի դեպքում պատահում է, որ մեկ օրն էլ քննարկելու համար բավարար չի լինում․ «30-ից ավելի հարցեր զեկուցելու պայմաններում ավագանու նիստերը կարող են տեւել օրեր»։

ՔՊ-ից Արմեն Գալջյանն էլ առաջարկեց ավագանու կանոնակարգին վերաբերող հարցերը հանել օրակարգից, արդարադատության նախարարությունն առաջարկել է դրանք մեկ փաթեթով քվեարկել, եւ տրամաբանական չէ առանձին որոշումներով կարգավորումները մտցնել, նաեւ չի ապահովվել տվյալ նախագծի պատշաճ քննարկումը, ընդ որում՝ չորս ամիս շրջանառության մեջ է եղել։

Ըստ այդմ՝ Գալջյանն առաջարկեց 29-33 հարցերը հանել օրակարգից եւ դրանց վերաբերյալ հավելյալ քննարկում իրականացնել։ Այս նախագծերը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է ներկայացրել։

Ընդդիմության առաջարկած՝ բոլոր չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող առաջարկությունը մերժվեց, դեմ քվեարկեցին ավագանու 35 անդամ, կողմ՝ 24:

Գրիգոր Երիցյանը միջամտեց, ասաց, որ ըստ կանոնակարգի, «Մայր Հայաստանի» առաջարկը պետք է առանձին քվեարկել։

«Ամեն ինչ չէ, որ պետք է տառացի հասկանալ, նույնաբովանդակ առաջարկություն է»,-պատասխանեց քաղաքապետը։

«Աստված մի արասցե, եթե առիթ լինի, մի օր դուք վարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով»,-հավելեց Ավինյանը։

Գալջյանի առաջարկը՝ «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանի՝ 29-33 հարցերը հանել օրակարգից, ընդունվեց։ Այդ հարցերը հանվեցին օրակարգից։

Օրակարգում մնաց 25 հարց, որից 2-23-ը չզեկուցվող են, որոնք վերաբերում են նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալուն, բնության պահպանության միջազգային կազմակերպությանն անդամակցելուն, հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն, ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալուն, գույք նվիրաբերելուն։ Այս բոլոր հարցերը հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություն։

Չզեկուցվող հարցերն ընդունվեցին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930