Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Հայաստանը փորձեց որակազրկել խաղաղապահներին, իսկ հիմա նրանք հեռանում են». «Հրապարակ»

Ապրիլ 20,2024 11:40

Մեկնաբանություն խնդրեցինք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովից։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Տարասովը նախ շեշտեց՝ խաղաղապահների դուրսբերումը չի նշանակում, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից, ապա հռետորական հարց հնչեցրեց, թե խաղաղապահներն այնտեղ ո՞ւմ էին պաշտպանում։

Ըստ ռուս քաղաքագետի՝ այն բանից հետո, երբ Պրահայում Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, խնդիրը լուծվեց հօգուտ Ադրբեջանի։ Հաջորդիվ արդեն, նոր իրողությունների պայմաններում, խաղաղապահներն ամեն ինչ արեցին, որպեսզի ապահովեն արցախահայության անվտանգ հեռացումը։ Սրանով, ըստ նրա, ստեղծված իրավիճակում, խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարեցին։ Մինչդեռ խաղաղապահների հետ կապված խնդիրը, Տարասովի խոսքով, այլ տեղ է։ Նրանք այդպես էլ մանդատ, կարգավիճակ չստացան։

«Նախկինում Մոսկվան առաջարկում էր 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում որոշակիացնել խաղաղապահների կարգավիճակը՝ մանդատը, իսկ կարգավիճակը լիազորություն է ենթադրում, բայց Երեւանն ու Բաքուն հրաժարվեցին, իսկ երբ սկսվեցին այդ իրադարձությունները, սկսեցին ներկայացվել պահանջներ, որոնք դուրս էին խաղաղապահների իրավասության շրջանակներից։ Ահա թե որն է խնդիրը։ Այժմ, երբ բնակչությունն այնտեղից հեռացել է, նրանք մինչեւ 2025 թվականն ո՞ւմ պետք է պաշտպանեն՝ Ղարաբաղի առնետներին ու մկների՞ն։ Խաղաղապահների ներկայության իմաստը, բնականաբար, կորել է, եւ կողմերը որոշեցին այդ ուժերի դուրսբերումն ապահովել»,- ասում է Ստանիսլավ Տարասովը։

Ռուս փորձագետը, ըստ էության, իրավիճակի պատասխանատվությունը պաշտոնական Երեւանի ու Փաշինյանի վարած քաղաքականությամբ է պայմանավորում՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Հայաստանի իշխանությունը փորձում էր, այսպես ասած, ղարաբաղյան պարտիան խաղարկել՝ հույս ունենալով, որ Արցախում ռուս խաղաղապահներին կփոխարինեն ՄԱԿ-ի խաղաղապահները, բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, դա տեղի չունեցավ։ «Հայաստանը քննադատեց Ռուսաստանին՝ չստորագրելով մանդատի վերաբերյալ փաստաթուղթը, փորձեց որակազրկել խաղաղապահներին, իսկ հիմա նրանք հեռանում են։ Հիշեք, թե քանի անգամ է նախագահ Պուտինը բարձրացրել խաղաղապահների կարգավիճակի հարցը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նրանց տեղակայումն էր ապահովում, այդ մենք էինք անվանում խաղաղապահներ, բայց նրանք կարգավիճակ չունեին։ Հարկավոր էր հստակեցնել լիազորությունները, աշխարհագրությունը, չէ՞ որ սահմանային միջադեպեր են եղել, հայկական կողմը տվյալ հենակետը համարել է իրենը, ադրբեջանական կողմը՝ իրենը, իսկ արդյունքում մեղավոր են կարգել խաղաղապահներին։ Այդ առաքելության համար պետք է հստակ լիազորություններ եւ սահմաններ գծվեին, թե այս կամ այն իրավիճակում ինչպիսին պետք է լինեն նրանց քայլերը։ Այդ ամենը չի արվել»,- բացատրում է ռուս փորձագետը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930