Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Միջազգային քրեական դատարանի կամ տրիբունալի կողմից ցեղասպանություն որակված դեպքերում զոհերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ չկան. Civilnet

Ապրիլ 25,2024 16:07

CivilNetCheck. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։

Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։

Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ

1948թ.-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով. խմբի անդամների սպանություն, ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում, միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը, խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Թյուր կարծիք կա, թե գործողությունները ցեղասպանություն են որակվում, եթե գրանցվել են մեծ թվով զոհեր, մինչդեռ կարևոր են ոչ թե թվերը, այլ մոտիվը։ Երևույթը համարվում է ցեղասպանություն այն դեպքում, երբ թիրախավորում են մարդկանց որոշակի խմբեր՝ նրանց ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ:

Ցեղասպանության գործերը քննվում են նաև Միջազգային քրեական դատարանում։ Մինչև դատարանի ստեղծումը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արձագանքել էր Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանություններին իր կողմից հաստատված միջազգային քրեական տրիբունալներում։

Արդյոք քրեական տրիբունալներում/դատարանում հաստատված ցեղասպանությունների դեպքում հաջողվե՞լ է հավաքել զոհերի տվյալները

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ մեկ այլ ճեպազրույցում պնդում էր արել, թե հրեաներին հաջողվել է կազմել Հոլոքոստի զոհերի ցուցակը։

«Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվի», – հարցադրում էր արել Քոչարյանը:

Հոլոքոստը

Հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, իրականացվել է նացիստական Գերմանիայի կողմից 1933-1945-ին։ Հոլոքոստի զոհերի թիվը նշվում է 6 միլիոն։ Այս թիվը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նախապատերազմյան և հետապատերազմյան շրջանում ժողովրդագրական ուսումնասիրությունները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարներ ուղարկվողների, տարբեր քաղաքներում հրեաների թվի վերաբերյալ պահպանված փաստաթղթերը։

Ցեղասպանված հրեաների ամբողջական ցուցակներ չկան: «Յադ Վաշեմը»՝ Իսրայելում Հոլոքոստի հիշատակի համաշխարհային կենտրոնը, կարողացել է տվյալներ հավաքագրել 4 միլիոն 900 հազար անձանց մասին։

Ռուանդայի ցեղասպանությունը

Ռուանդայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994-ին։ Ռուանդայում իշխանության եկած հութուները ցեղասպանել են տուտսի էթնիկ փոքրամասնության շուրջ 800 000 հազար ներկայացուցչի։

Ռուանդայի հարցերով ստեղծված միջազգային քրեական տրիբունալը (The International Criminal Tribunal for Rwanda) 93 անձի մեղավոր է ճանաչել ցեղասպանության և միջազգային մարդասիրակաան իրավունքի այլ խախտումների մեջ։

Տարբեր աղբյուրներում զոհերի թիվը տարբեր է (ՄԱԿ-ի տվյալներով՝ 800 000), իսկ դրա վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են։

Զոհերի իրական թիվը, սակայն, շարունակում է անհայտ մնալ, քանի որ մինչև վերջերս էլ Ռուանդայում հայտնաբերվել են զոհվածների զանգվածային գերեզմաններ։

Դարֆուրի ցեղասպանությունը

Միջազգային քրեական դատարանը Սուդանի նախկին ղեկավար Օմար ալ-Բաշիրին մեղադրանք է առաջադրել Սուդանի Դարֆուր քաղաքում իրականացրած ցեղասպանության համար։

Սուդանի հյուսիսային և հարավային շրջաններում տարիներ շարունակ քաղաքացիական պատերազմ է ընթացել՝ տեղի մուսուլման և քրիստոնյա խմբերի միջև։ Դատարանը Բաշիրին մեղադրանք է առաջադրել 2003- 2008 թվականներին տեղի ֆուր, մասալիտ, զագհավա էթնիկ խմբերի 300 000 մարդու ցեղասպանելու համար, որոնք ապստամբել էին կառավարության դեմ։

ՄԱԿ-ը ցեղասպանվածների թիվը նշում է՝ հիմնվելով փորձագետների հաշվարկի վրա, որը Սուդանը հերքում է՝ այն համարելով չափազանցված, իսկ զոհվածների իրական թիվը շարունակում է անհայտ մնալ։

Այսպիսով, անգամ Միջազգային քրեական դատարանի կամ տրիբունալի կողմից ցեղասպանություն որակված դեպքերում զոհերի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ չկան։

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930