Պսորիազը տարածված մաշկային հիվանդություն է, որը հանգեցնում է մաշկի վրա՝ ավելի հաճախ ծնկների, արմունկների, գլխամաշկի, մեջքի շրջանում թեփուկավոր բծերի առաջացման։ Այդ բծերը սպիտակ մաշկի վրա կարմրավուն տեսք ունեն, իսկ մուգ մաշկի վրա՝ մանուշակագույն կամ ավելի մուգ երանգի են լինում։
Այս հիվանդության հետ կապված բավականին շատ թյուրըմբռնումներ կան, որոնց անդրադարձել են Medical News Today-ի փորձագետները՝ խոսելով պսորիազին առնչվող տարածված «առասպելների» մասին։
1․ Պսորիազը վարակիչ է
Այդ կարծիքը թյուրըմբռնում է, քանի որ պսորիազն աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը ոչ ադեկվատ պատասխան է տալիս՝ արտադրելով մաշկի չափից ավելի բջիջներ։
Պսորիազով չի կարելի վարակվել անձնական շփման արդյունքում, համբուրվելիս կամ համատեղ սնունդ օգտագործելիս, միևնույն լողավազանից օգտվելու ժամանակ։
Կարդացեք նաև
2․ Պսորիազը պարզապես մաշկի չորություն է առաջացնում
Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մաշկի բջիջները սովորաբար թարմանում են 28 օրը մեկ, իսկ պսորիազի դեպքում դա կարող է տեղի ունենալ 4-5 օրվա ընթացքում, և այդ կարճ ժամանակահատվածում մաշկի բջիջները չեն հասցնում լիովին հասունանալ՝ առաջացնելով թեփուկներ։
Ինչպես նշում են փորձագետները, արյունատար անոթների դիրքը ևս փոփոխության է ենթարկվում պսորիազի դեպքում․ դրանք ավելի մոտ են տեղակայվում մակերեսին, ինչի պատճառով մեծանում է վնասվածքների, արյունահոսության, մաշկի կարմրության ու ցավոտության վտանգը։
Ծանր դեպքերում պսորիազը կարող է հանգեցնել մաշկի ճաքերի, ցավերի ու արյունահոսության առաջացման։
3․ Պսորիազը միայն մի տեսակի է լինում
Սա նույնպես թյուրըմբռնում է, քանի որ կան պսորիազի մի շարք տարատեսակներ, այդ թվում՝ վահանիկային պսորիազը, որն առաջացնում է հաստ թեփուկներով ծածկված մաշկից բարձրացած բծեր: Մեկ այլ տարատեսակ է կաթիլանման պսորիազը, որի բծերը կաթիլ են հիշեցնում ու բարակ թեփուկներով են պատված լինում։
Հակադարձ պսորիազը հիմնականում ախտահարում է սեռական օրգանների, աճուկի, կրծքի մաշկային ծալքերը։
Էրիթրոդերմիկ պսորիազը հազվադեպ հանդիպող տեսակ է, որը կարող է գրեթե ողջ մարմինը ծածկել կարմիր թեփոտվող բծերով:
Բշտիկավոր (պուստուլոզ) պսորիազը նույնպես հազվադեպ տեսակ է, որն առաջացնում է թարախով լցված բշտիկներ:
4․ Պսորիազն առաջանում է վատ հիգիենայի պատճառով
Դա նույնպես թյուրըմբռնում է։ Իրականում պսորիազ ունեցող մարդիկ ստիպված են ավելի ջանասիրաբար վերաբերվել իրենց մարմնի խնամքին։
5․ Պսորիազը բուժվող է
Ներկայումս պսորիազը վերջնական բուժում չունի, սակայն գիտնականները շարունակում են ուսումնասիրություններն այս հիվանդության հետ կապված։ Այժմ կան բուժման մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել պսորիազի ախտանշանները և ընտրվում են՝ կախված դրանց ծանրությունից։ Կարող են կիրառվել շատ տարբեր միջոցներ՝ տեղային օգտագործման միջոցներ, լուսային թերապիա, բերանային (օրալ) կամ ներարկային դեղամիջոցներ:
Քանի որ պսորիազը քրոնիկ հիվանդություն է, մարդը, հնարավոր է, ժամանակ առ ժամանակ կարիք կունենա բժշկի հետ խորհրդակցելու՝ պսորիազի բուժման պլանը փոփոխությունների ենթարկելու համար։
6․ Պսորիազն ախտահարում է միայն մաշկը
Հիվանդության ազդեցությունն ավելի ակնհայտ է մաշկի վրա, սակայն պսորիազը մաշկից բացի կարող է ախտահարել հոդերը՝ առաջացնելով պսորիազային հոդաբորբ (արթրիտ), որն առաջացնում է հոդերի և հարակից շրջանների ցավ, կարկամություն և այտուցվածություն։ Ֆիզիկական հետևանքներից զատ պսորիազը նաև հոգեբանական ազդեցություն ունի, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, պսորիազ ունեցող մարդիկ ավելի հաճախ են առնչվում տագնապի, դեպրեսիայի, ցածր ինքնագնահատականի ու անինքնավստահության հետ։ Դա նշանակալի ազդեցություն է ունենում այդ խնդիրն ունեցող մարդկանց կյանքի որակի վրա։
7. Պսորիազն ախտահարում է միայն մեծահասակներին
Թեև պսորիազն ավելի հաճախ է հանդիպում մեծահասակների շրջանում, բայց հանդիպում է նաև դեռահասության շրջանում և կարող է պատահել անգամ երեխաների մոտ։
8. Պսորիազն ու էկզեման նույն խնդիրն են
Թեև և՛ պսորիազի, և՛ էկզեմայի նախանշանները մաշկային են, դրանք բացարձակապես տարբեր վիճակներ են։ Էկզեմայի հիմքում հաճախ ալերգիկ ռեակցիան է, ժառանգական նախատրամադրվածությունը, ի տարբերություն պսորիազի, որն աուտոիմունային հիվանդություն է։ Էկզեման ավելի հաճախ է հանդիպում երեխաների մոտ ու ժամանակի ընթացքում կարող է անցնել։ Իսկ պսորիազն ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ և դառնում է ողջ կյանքի ուղեկից։ Դրանից բացի էկզեման սովորաբար դրսևորվում է արմունկների ու կրունկների ծալվող մասերում, իսկ պսորիազը՝ արտաքին հատվածներում։
9. Սննդակարգի փոփոխությունը կարող է նպաստել պսորիազի բուժմանը
Ապացույցներ չկան, որ որևէ դիետա կարող է բուժել պսորիազը։ Սակայն առողջ ապրելակերպի անցնելը, քաշը նվազեցնելն ու կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են դրական անդրադառնալ ընդհանուր առողջության, այդ թվում պսորիազի ընթացքի վրա։ Հայտնի է, որ այնպիսի գործոնները, ինչպիսիք են ճարպակալումը, ծխելն ու ալկոհոլը, կարող են սրել պսորիազի ախտանշանները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today



















































