Լրահոս
Օրվա լրահոսը

Հառիճավանք. Ճանապարհ դեպի լույս

Ապրիլ 26,2024 17:05

Հառիճավանքը Հայաստանի վաղ միջնադարյան վանական համալիրներից է: Խորհրդավոր ու պատմական այս միջավայրում Մայր աթոռի հովանու ներքո գործում է «Թրբանճյան» ընծայարանը, որը կրթում է ներկայիս մեր իրականության մեջ անսովոր՝ ազգային, պետական ու հոգեւոր բացառիկ արժեքներով հայորդիներ:

Դպրոցը գիշերօթիկ է՝ ավագ դպրոցի կարգավիճակով: Այստեղ այլ է կարգուկանոնը, սովորելու, միմյանց հետ հաղորդակցվելու մշակույթը, անգամ սովորական թվացող դասապրոցեսը տարբերվում է մյուս ավագ դպրոցներից՝ չկան դասին անպատրաստ երեխաներ, ամեն դասը վերածվում է ինտելեկտուալ խելահեղ զվարճանքի:

Ինչպես նշեց «Թրբանճյան» ընծայարանի հոգեւոր տեսուչ հայր Վաչեն՝ «մեր կրթօջախը շատ առանձնահատուկ է մի քանի դիտանկյուններից նայելով, նախ ինքը գիշերօթիկ է, այստեղ աշակերտներն ապրում են, գտնվում են այս հոգեւոր միջավայրում՝ վանական համալիրի մեջ եւ յուրահատուկ է նաեւ, որ միայն միասեռ է, այսինքն, միայն տղաներ են սովորում այստեղ»:

«Թրբանճյան» ընծայարանում այս պահին սովորում է 19 աշակերտ: Դժվար է կտրվել ընտանիքից ու տեղավորվել այլ իրականության մեջ, բայց այստեղ ոչ ոք պատահական չի հայտնվում:

Ընծայարանում արդեն 3 տարի է՝ սովորում է Վահե Հարությունյանը: Նա վստահեցրեց. «Եթե ցանկանում ես լինել հոգեպես ավելի կայուն, ավելի զարգացած եւ կարողանաս կառավարել քո հույզերը, զգացմունքները եւ լինես ավելի ուշադիր, կյանքը ավելի արժեւորող, ապա Հառիճավանքը կարելի է համարել կատարյալ վայր՝ նման հատկանիշներ ձեռք բերելու համար: Եվ ամենակարեւորը՝ այստեղ սովորում ենք լինել ինքնուրույն՝ ընտանիքից զատ եւ ունենում ենք հոգեւոր միջավայր, հոգեւոր շրջապատ, ինչպես նաեւ նոր ծանոթություններ ու ընկերություններ»:

Այստեղ չկան աշխարհիկ հաճույքներ, զվարճանքներ, համակարգչային խաղեր եւ առհասարակ այն ամենը, ինչը կշեղի մարդուն կրթվելու եւ ինքն իրեն գտնելու ճանապարհից: Բայց աշակերտները գոհ են, որովհետեւ գիտեն՝ ուր են եկել ու ինչի համար: Վահե Հարությունյանի խոսքով՝ «Պետք է ունենաս այն գիտակցումը, որ դու սովորում ես առաջին հերթին քո ժողովրդի, քո ազգի, երկրորդ հերթին՝ ընտանիքի եւ արդեն քո համար ու այդ գիտակցումը շարժիչ ուժ պետք է լինի քո համար, որ դու շարունակես ուսումդ եւ մոռանաս դրսի հաճույքները»:

Սաներից մեկին՝ Վլադիմիր Մաթեւոսյանին հարցրեցինք՝ այստեղ աշխարհիկ հաճույքներ, գայթակղություններ չկա՞ն՝ նա պատասխանեց. «Դե, իհարկե, աշխարհիկ հաճույքներ կան, սակայն մենք խորապես գիտակցում ենք դրանց էությունը եւ փորձում ենք չտրվել աշխարհիկ հաճույքներին, այլ իմանալ եւ պահպանել այն ամենը, ինչը մնայուն է»:

Այս տղաները՝ Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարանի աշակերտները, խորապես գիտակցում են, որ նրանք են այն ընտրյալները, որոնք ընդունվել են քննությամբ՝ ուսանելու Մայր աթոռի հովանու ներքո: Հառիճավանքի շշմելու միջավայրում ամեն ինչ թվում է խորհրդավոր, ֆիլմային ու չկրկնվող: Պատիվ է լինել այստեղ ու սովորել այն կրթօջախում, որտեղ ապրել ու արարել են հայ մեծամեծներ:

«Հառիճավանքը իր ողջ պատմության ընթացքում հայտնի է եղել այն իրողությամբ, որ այստեղ միշտ դպրոց է եղել, համալսարան: Այն առավել հայտնի դարձել է 19-րդ դարի կեսերից, երբ որ արդեն այստեղ հիմնվել է ծխական դպրոց, վանական դպրոց, ուր, ինչպես գիտեք, ուսանել են շատ նշանավոր հայազգի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, Երվանդ Տեր-Մինասյանը՝ Մայր աթոռի նախկին միաբաններից: Սովետական շրջանում ինքը՝ դպրոցը դադարել է իր գործունեությունը, վերածվել է մի կարճ ժամանակահատվածում գյուղական դպրոցի: 2011-2012-ին ներկայիս Վեհափառ Հայրապետի հայրական ջանքերով եւ մեծ տեսիլքի հետեւից գնալով՝ Վեհափառը որոշում է այստեղ վերականգնել այդ կրթական պրակտիկան, փորձառությունը: Եվ ահա ամերիկաբնակ Թրբանճյան ընտանիքի հովանավորությամբ եւ անմիջական հոգացողությամբ եւ նշեցինք՝ Վեհափառի հայրական հոգածությամբ այստեղ վերահիմնադրվում է, կարելի է ասել, «Թրբանճյան» ընծայարանը՝ այդ մեծ ավանդական դպրոցի»,- պատմեց «Թրբանճյան» ընծայարանի հոգեւոր տեսուչ տեր Վաչե աբեղա Մկրտչյանը:

«Թրբանճյան» ընծայարանի սաներին բացարձակ չեն պարտադրում դառնալ հոգեւորական, նրանք ազատ են ընտրության մեջ. «Մեր ընծայարանի նպատակը, առաքելությունը կայանում է հետեւյալում, որ մենք փորձում ենք այստեղ պատրաստել, կրթել գիտակից, կրթյալ, գրագետ, քրիստոնյա հայորդիներ: Հետագայում, եթե այդ քրիստոնյա հայորդիների մեջ կլինեն անձինք, ովքեր կցանկանան այլեւս եկեղեցական ասպարեզում իրենց գործունեությունը շարունակելու՝ ընդունվելով հոգեւոր ճեմարան՝ Գեւորգյան կամ Սեւանի Վազգենյան դպրանոց՝ դառնալու հոգեւորական, մենք միայն առավել դրանով կուրախանանք: Պիտի մեր հոգին ոգեւորվի»:

Մինչ օրս «Թրբանճյան» ընծայարանն ավարտել է մոտ 120 աշակերտ, մեծամասնությունն ընտրել է եկեղեցու ճանապարհը: Բացառություններից է սաներից Հովհաննես Հովհաննիսյանը, որը, օրինակ, հոգեւորական դառնալու մտքից հրաժարվել է 44-օրյա պատերազմից հետո: Տեսնելով մեր երկրի արտաքին քաղաքականության խնդիրները՝ որոշել է դիվանագետ դառնալ. «2020 թվականից հետո իմ մոտ փոխվեց ամեն ինչը: Մինչեւ դա էլի ես համոզված էի, որ պետք է ճեմարան գնայի, բայց 2020-ից հետո մտածեցի, որ հայրենիքին օգուտ տալը կարող եմ ոչ միայն հոգեւոր դաշտում, այլեւ հենց հայրենիքի շահերը ներկայացնելով միջազգային ատյաններում»:

Այստեղ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ դեպի լույս ճանապարհը հեշտ չէ, բայց կրթվելուն այլընտրանք չկա:

Վահե Հարությունյանը կրթության կարեւորությունն այսպես բացատրեց. «Կրթությունը մարդու համար առաջնային է, քանի որ կրթությամբ, իր բարձր որակով է մարդ հասարակությանը ներկայանում: Եթե չունես բարձր կրթություն, մանավանդ մեր հոգեւորականներիս դեպքում, ապա մեր խոսքը լսելի չի լինի հոտի համար»:

«Կրթությունը դա միայն զուտ գիտելիք ստանալը չէ, այսինքն, դա միայն կարդալ եւ սովորել, որ սա սա է նշանակում կամ երկուսին գումարած երկուս, հավասար է չորս, միայն դա չէ: Դա ընդհանրապես անձի հոգեկերտվածքին վերաբերող մեծ, մի ամբողջ դպրոց է: Երբ որ դու անձ ես կերտում, սա է կրթությունը»,- ասաց հայր Վաչեն:

Մայր աթոռը հետեւողական է, որ ընծայարանում դասավանդեն միայն առաջատար մասնագետներ, մարդիկ, որոնք կրթում են ՄԻՏՔԸ: Ու դա տալիս է իր արդյունքը: «Թրբանճյան» ընծայարանում ծառայող Տիգրան սարկավագն ասաց. «Ամեն անգամ աշակերտ այստեղից ճանապարհելով՝ մենք վստահ ենք, որ ամեն ինչ արել ենք, որ այդ աշակերտը ունենա վերլուծելու կարողություն, եւ մնացածն արդեն իր խղճի, իր հավատքի վրա է, թե ինքը կյանքի ինչ ճանապարհ կընտրի: Կարեւորը մեր նպատակն այն է, որ իրենք ունենան ուղենշային որակներ, որպեսզի ցանկացած պարագայում խաբված չլինեն տարբեր գեղեցիկ եւ կեղծ գաղափարախոսություններից, եւ չթողնեն իրենց օգտագործեն, որպեսզի իրենք իմանան իրենց արժեքը, որպեսզի իրենք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»:

Հայր Վաչեի խոսքով՝ «Ընծայարանը ինքը մի վայր է, մի դպրոց է, որտեղ, ես կարող եմ նաեւ վստահ ասել, որ դուրս են գալիս այնպիսի հայորդիներ, որոնց համար մենք երբեք չենք ափսոսա, որ այստեղ սովորել են, այսինքն, իրենց գործունեությամբ, իրենց կյանքի ընթացքով պիտի լինեն լավ քաղաքացիներ, լավ մարդ եւ նաեւ լավ քրիստոնյա»:

 

Հառիճավանքում անհնար է չզգալ այն ահռելի ուժը, որը պետք է մեզ՝ խորհելու, պայքարելու, գոյատեւելու ու ցրելու մտքի եւ հոգու խավարը:

Առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյութը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930