Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջանառության հարկը եւ հարկման ընդհանուր համակարգը` շահութահարկը, անհամատեղելի են». ՀՀ ֆինանսների փոխնախարար

Մարտ 03,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության հարկ: Պատգամավորի տեղեկացմամբ նախաձեռնության վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկումներից հետո որոշվել է որոշ փոփոխություններ կատարել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

«Ոլորտը զգայուն է, եւ հաճախ զուտ մասնագիտական փաստարկները կարող են շահարկումների առիթ հանդիսանալ»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ քննարկման նպատակն է լսել փոփոխությունների վերաբերյալ ոլորտի պատասխանատուների նկատառումներն ու դիրքորոշումները: Հանձնաժողովի նախագահի տեղակալի դիտարկմամբ ավելացող հարկային բեռը պետք է համադրելի լինի ընկերությունների ստացած շահույթին:

Ներկաներն անդրադարձել են ոլորտում առկա իրավիճակին, շահումների ծավալներին, խոսել փոփոխությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Խաղային ոլորտն առավել վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու համար կարեւորվել է օպերատորի ինստիտուտի առկայությունը: Նշվել է, որ բնագավառում գովազդային սահմանափակումների հետեւանքով նվազել են խաղադրույքների ծավալները:

«Շրջանառության հարկը եւ հարկման ընդհանուր համակարգը` շահութահարկը, անհամատեղելի են»,- ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը պատգամավորական նախաձեռնության վերաբերյալ` նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Խոսելով խաղային ոլորտի համար հարկային բեռի բարձրացումից` փոխնախարարն ընդգծել է` նպատակահարմար է այդ տեսլականը քննարկել առկա համակարգերի եւ քաղաքականության, մասնավորապես, պետական տուրքի շրջանակում:

Անդրադառնալով պետական տուրքի դրույքաչափի բարձրացմանը` նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ նախատեսվում է այն շարունակական դարձնել մինչեւ այն հաշվետու տարվա սկիզբը, երբ ներդրված  կլինի օպերատորի ինստիտուտը:

«Հայաստանում գրանցված, օրինական դաշտում աշխատող եւ հարկ վճարող ընկերությունների համար խաղի կանոնների սահմանմանն ու դրանց աստիճանաբար խստացմանը զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկել, որ Հայաստանում չգրանցված բուքմեյքերական ընկերությունները մեր երկրում չունենան հասանելիություն»,- նման համոզմունք է հայտնել Բաբկեն Թունյանը: Նա, կարեւորելով քննարկման ընթացքում հնչած դիտարկումները, նշել է, որ դրանք հաշվի կառնվեն ոլորտի վերաբերյալ վերջնական փոփոխություններ կատարելիս:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31