Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչպե՞ս նա բոլորիս դարձրեց իր քարոզիչը։
Ինչպե՞ս ստացվեց, որ խնդիրների կծիկ մեր երկրում, որը դեռ չի տեղավորել տասնյակ հազարավոր անտուն արցախցիներին, որն ունի ռազմագերիներ, պատերազմի հաշմանդամներ, ֆիզիկապես ոչնչացվող Արցախ, անվտանգության հետ կապված ծանրագույն խնդիրներ, տնտեսական ու սոցիալական լրջագույն հարցեր, վտանգավոր չափերի արտագաղթ, և այլն, և այլն, հանկա՜րծ, լուսադեմի՜ն, ամենակարևոր խնդիրը դարձավ հայ եկեղեցու սպասավորների կուսակրոնության հարցը։ Հարց, որն ունի մեկուկես հազարամյակի պատմություն։
Ու ահա բոլորը` մեծով, պստիկով, պետական պաշտոնյաներով, դասախոսներով, նախարարներով, մշակույթի գործիչներով, բժիշկներով, բոլորը հրատապ ներգրավվում են թեմայի քննարկման մեջ։
Կարդացեք նաև
Արցախի հայաթափման, չորս պատերազմի ու հազարավոր զոհերի պատասխանատուն ամեն առավոտ մեզ է մատուցում իր անառողջ մտքերը, որ հավեսով, լիքը բերաններով քննարկենք։ Ու մատուցում է հայհոյելով։ Որ քննարկումն անպայման կեղտոտ ստացվի։
Ու հանկարծ բազմաթիվ ուսյալ մարդիկ ոչ թե հակադարձում են նրան` ցուցադրելով ադրբեջանական մեդիադաշտի սինխրոնացումը նրա տեքստերի հետ, այլ իրե’նք են պատրաստակամ սինխրոնանում նրանց հետ ու սկսում քննարկել մեր եկեղեցու «բացերն» ու «թերացումները», մանրանալով երբեմն Նիկոլի բառապաշարն արդարացնելու աստիճանի։
«Գյալաջիի սեղանին» թեմաներ մատուցելու նպատակներից մեկը նաև այդ բոլոր թեմաներն ու դրանք քննարկողներին իր պղտոր ճահիճ ներքաշելն է։ Դիվերսանտի պես, որը պայթեցնում է իր առջև դրված բոլոր թիրախները, նա իր ոճի մեջ պայթեցնում ու թուլացնում է բոլոր դիմադրող թիրախներն ու հընթացս իրեն նոր հանցակիցներ ստեղծում։ Ամեն անգամ նոր «պարապ վախտի խաղալիք» է նետում մեր մանկական մանեժից ներս ու հետևում, որ բոլորը վերցնեն խաղալիքը, թեկուզ` զզվելով այդ գարշահոտից, թեկուզ` ուսումնասիրելու համար։ Կեղտոտվելով ու վարակվելով, մի քիչ հիվանդանալով ամեն անգամ։
Էս ամենից մենք փոխվում ենք։ Փոխվում ենք որպես մարդ, փոխվում է մեր շփման որակը, փոխվում է կյանքն ու իրականությունն ընկալելու մեր կերպը։ Փոխվում է մեր հասարակական մարմինը, ամեն անգամ այս վարակված ճահիճը մտնելով` մենք հարված ենք ստանում մեր իմունիտետին։
Մենք ստիպված ենք լինում բացատրություններ հորինել այս ամենին մեր մասնակցությանը։ Մենք ստիպված ենք լինում դառնալ մի քիչ հրեշ, որ դիմադրենք հրեշին։


















































