Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ենք այստեղ՝ տեղեկացնելու, որ բանկերում տեղի է ունեցել զեղծարարություն, երկրում առկա է կողոպուտ ու թալան»․ քաղաքացիները դիմեցին Հակակոռուպցիոն կոմիտե

Մայիս 13,2025 16:29

Բանկերում եւ վարկային կազմակերպություններում կատարված խարդախության դեպքերով տուժած քաղաքացիներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի դիմաց։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագյոզյանն ասաց, որ առկա են կոռուպցիոն տարրեր, եւ իրենք ակնկալում են ընդունելություն Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Եկել ենք այստեղ՝ տեղեկացնելու, որ բանկերում տեղի է ունեցել զեղծարարություն, երկրում առկա է կողոպուտ, թալան։ Ուզում ենք այստեղ հիմնավորումներ ներկայացնել, որ առկա են կոռուպցիոն տարրեր»,- ասաց նա։

Ըստ Կարագյոզյանի՝ քաղաքացիների անձնական տվյալների ոչ միայն գաղտնիությունը, այլ նաեւ այդ տվյալների պաշտպանությունը բանկերի եւ պետական մարմինների պարտականության տիրույթում է։

«Տեւական ժամանակ բանկերի կողմից իրականացվել է քարոզչություն, որ քաղաքացիներ, մի տվեք ձեր անձնական տվյալները։ Այսինքն՝ մեղքը բարդել են քաղաքացիների վրա։ Դա բերել ու հանգեցրել է այն վիճակին, որ հանցագործությունները մինչեւ էսօր չեն կասեցվել։ Մենք կասկածներ ունենք, որ այստեղ առկա է բանկերի շահագրգռվածությունը, կարող են լինել նաեւ կոռուպցիոն տարրեր։ Կոռուպցիոն տարրերը հատկապես ուրվագծվում են հետեւյալ դեպքերում։ Մենք ունենք քաղաքացիներ, որոնց անունով վարկերն են վերցվել, փոխանցվել են հաշվեհամարին, հետագայում երկրորդ քաղաքացու անունով է վարկ վերցվել, փոխանցվել է նույն հաշվեհամարին։ Եթե առաջին դեպքում պետական մարմինը քրեական գործ է նախաձեռնել, այդ հաշվեհամարն ինչո՞ւ չի փակվել, ինչու չի սառեցվել, որ նմանատիպ հանցագործության դեպքում նորից նույն հաշվեհամարն է օգտագործվել»,- ասաց Կարագյոզյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկման հրավիրեցին բողոքող քաղաքացիների ներկայացուցիչներին։

Այսօր քաղաքացիները բողոքի ցույց էին արել նաեւ Կենտրոնական բանկի շենքի մոտ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Հանրային վերահսկողություն» ՀԿ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031