Դպրոցում իմ աշակերտներին ես բազմիցս ասել եմ, որ բոլոր ազգերի մեջ (այդ թվում՝ թուրքերի) կան լավ եւ վատ մարդիկ, որ մեր կոնֆլիկտը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քաղաքական է եւ ոչ՝ ազգային, առավել եւս՝ ոչ կրոնական: Վստահ եմ, որ 16-17 տարեկան երեխաների հետ կարելի է եւ պետք է խոսել նման թեմաներով (համենայնդեպս՝ «հասարակագիտություն» առարկայի շրջանակներում): Աշակերտների մի մասն ինձ հետ համաձայն է, մի մասը՝ ոչ, եւ այդ խնդիրը մենք հանգիստ քննարկում ենք դասարանում: Միշտ զգուշացնում եմ երեխաներին, որ կան հարցեր, որոնք միանշանակ պատասխաններ չունեն: Վստահ եմ, որ նման քննարկումները ժամանակակից ուսումնական գործընթացի կարեւորագույն մասն են:
Երեխաները մեծանում են, դառնում են, ասենք, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆեյսբուքյան ստատուսագիրներ ու մեկնաբանողներ եւ չեն կարողանում իրար հետ մարդավարի շփվել, չեն կարողանում հարցերը հանգիստ քննարկել. դրա մեջ ես տեսնում եմ ընտանեկան եւ դպրոցական դաստիարակության բացը: Լինել միշտ ճիշտ, լինել մեծամասնության հետ, ամեն կերպ կորզել մարդկանց հավանությունը, ծափահարությունները, կռվի մեջ «տակ չտալ»՝ դրանք այն նպատակներն են, որոնք հետապնդելով մարդկանց խումբը դառնում է ոհմակ:
«Բուլինգը», վստահ եմ, «ինքնաբուխ» չի ծնվում երեխաների միջավայրում՝ դա մեր՝ ծնողներիս, տատիկ-պապիկներիս, ուսուցիչներիս տրամադրությունների եւ կամա-ակամա ուղղորդումների արտացոլումն է: Tribune.am-ի ռեպորտաժում Մերձավանի դպրոցի մասին կա մի դրվագ, երբ երեխան, մեղմ ասած, անհարգալից է խոսում ուսուցչի մասին (ինչպիսին էլ նա լինի), եւ հավաքված ծնողները խրախուսում են նրան: Եթե սաստեին՝ մի՞թե նա կփորձեր այդ ձեւով բոլորին դուր գալ:
Լինել ինքնուրույն, չվախենալ մնալ փոքրամասնության մեջ, նույնիսկ՝ մենակ մնալ, չթշնամանալ այն մարդկանց հետ, որոնք քեզնից տարբերվող կարծիք ունեն, չկպցնել նրանց որեւէ պիտակ՝ կարծում եմ, այդպիսի բաներ պետք է սովորեցնել դպրոցում: Իհարկե, ոչ միայն դպրոցում:
Կարդացեք նաև
… Երկրորդ համաշխարհային պատերազմի այն մասը, որն առնչվում էր մեզ՝ հայաստանցիներիս, ես ընկալում եմ որպես Մեծ Հայրենական պատերազմ: Իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը դրան կտրականապես դեմ է, եւ դրա վերաբերյալ հոդված է գրել «Առավոտում»: Այդ անհամաձայնությունը մեզ թշնամի չի դարձնում, մենք մնում ենք բարեկամներ՝ ոչ ես եմ նրան «սորոսական» համարում, ոչ էլ նա ինձ՝ «Պուտինի լրտես»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։
Հարգելի պարոն Աբրահամյան,
Համաձայն եմ ամեն բառի հետ։
Շնորհակալություն: Ես հազվադեպ եմ նման մեկնաբանություններ ստանում
Երբ որ հայ երեխաներին ասենք որ թուրքերի մէջ կան լաւ եւ վատ մարդիկ, նրանք, բնականաբար, թուրքերի մէջ պիտի տեսնեն միայն լաւերը:
Որովհետեւ հայերը բարի, հեզ, խաղաղապաշտ ժողովուրդ մըն են, որոնք միայն կ’ուզեն երգել, պարել, ուտել ու խմել, անձնական հանգիստ կեանքեր ունենալ:
Եւ այսպէսով՝ հայերը կը կորսնցնեն Արցախը, հազարաւոր կեանքեր, եւայլն: Կը մնան խեղճ ու խեղճուկ, տեւաբար կոտրուող, ոտնակոխուած, լքուած ու մոռցուած:
Այդպէսով է, նաեւ, որ Փաշինյան մը կը դառնայ ու կը մնայ «Հայաստան» անունով անիրական տարածաշրջանի մը գերագոյն ղեկավարը:
Քեզ ուտել ուզող գազանին դէմ երբ որ կ’ուզես պայքարիլ վե՜հ ու բարի յղացքներով, յանգումը շատ յստակ է: Չնայած, եթէ ոչխար ես, ունի՞ս այլընտրանք…
Եւ ուրեմն, հասնում ա:
Ես այլեւս չեմ կրնար այպանել՝ թուրքերին: Երբ որ քո դիմաց ունիս այս տեսակի ժողովուրդ մը, կարելի չէ դիմանալ զայն ճզմելու, կոտորելու, ձեռքիցը ամէն բան խլելու անզսպելի փորձութեան:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Վերեւ բացատրուած միւս «դաստիարակչական» մօտեցումն ալ կ’արտադրէ՝ անհատապաշտութիւն: Այդ ալ ուրիշ հիմնական պատճառ մըն է, որ հայերը հասան այս վիճակին: Քանզի ազգային ինքնութիւն ըսուածը, հաւաքական բնոյթ ունի: Մինչ անհատապաշտութիւնը հոյակապ ապաստան մըն է ամենատկար արարածին համար, նամանաւանդ երբ որ Համացանցը իրենց կը շնորհէ այն համոզումը որ ինք է աշխարհի կեդրոնը:
1. ’Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում մեզ հետ ապրել կողք կողքի՝ նրանք գրեթե բացահայտ ասում են՝ կա՛մ գնացեք այս տարածաշրջանից, կա՛մ մենք ձեզ կմորթենք’, Արամ Աբրահամյան, Ապրիլ 24, 2016
2. Ինչ է պետք սովորեցնե՞լ դպրոցում. ‘Թուրքերի հաշտվելը պատրանք էր. չհարձակվելու համար՝ նրանք պետք է մեզնից վախենան’ Արամ Աբրահամյան, Ապրիլ 24, 2016
Շնորհակալություն հիշեցման համար: Իմ տեսակետն այս առումով չի փոխվել: Մեր կոնֆլիկտը Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների հետ է՝ դա քաղաքական կոնֆլիկտ է:Ոչ թե թուրթ եւ ադրբեջանցի ժողովուրդների հետ: