Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախը հենց եկեղեցին է

Հունիս 03,2025 10:00

«Վարչապետը թիրախավորում է ոչ թե եկեղեցին, այլ առանձին հոգեւորականների», – վերջին օրերին դա՛ եմ լսում իշխանության ներկայացուցիչներից, քարոզիչներից եւ կողմնակիցներից: Եթե պարզապես կողմնակիցները գուցե եւ մոլորության մեջ են, ապա քարոզիչներն ու իշխանավորները, հստակ գիտեն, որ դրանք պարզապես հիմնավորումներ են՝ իրական հակաեկեղեցական արշավի համար:

Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող որոշել, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս: (Փաշինյանն ասում է, որ այստեղ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա», բայց, ասելով «Հայաստանի Հանրապետությունը», նա, բնականաբար, նկատի ունի ինքն իրեն): ՀՀ վարչապետը բյուզանդացի կայսր չէ, որ այդ հարցերում «վճռորոշ ձայն ունենա»:

Գործադիրի ղեկավարը չպիտի որոշի, թե որ հոգեւորականը պետք է շարունակի իր ծառայությունը, իսկ որը՝ կարգալուծվի: Նա չի կարող բարեվարքության կանոններ սահմանել հոգեւորականների համար եւ այդ հարցում «դատավճիռներ» կայացնել: Եվ ինչի՞ հիման վրա են լինելու այդ դատավճիռները: Գուցե ԱԱԾ-ն «ժուչոկներ» դնի հոգեւորականների ննջարաններում:

Փաշինյանի այդ բոլոր ասածներն ինձ թույլ են տալիս եզրակացնելու, որ թիրախը եկեղեցին է, ոչ թե «առանձին հոգեւորականները»: Որովհետեւ թիրախը եկեղեցու ինքնիշխանությունն է, որն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Թիրախը, մեծ հաշվով, պետության եւ եկեղեցու անջատ լինելու սկզբունքն է՝ սկզբունք, որը եվրոպական քաղաքական մշակույթի հիմնական դրույթներից մեկն է: Ի դեպ, զարմանում եմ, որ մեր հ/կ-ականները, որոնք, կարծես թե, դրամաշնորհ են ստանում եվրոպական արժեքները Հայաստանում քարոզելու համար, այդ հարցի շուրջ  գրեթե ձայն չեն հանում:

Չեմ բացառում, որ «փաշինյանական հանրության» մեջ այդ բոլոր հարցերում կա կատարյալ կոնսենսուս: Բայց, եթե Փաշինյանն ասի, որ Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը ապահովելու եւ պատերազմը բացառելու համար Հայաստանը պետք է մտնի Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմի մեջ, այդ հանրության ներկայացուցիչները դարձյալ կբացականչեն՝ «կեցցե՛ մեր հզոր վարչապետը»: Բացառված չէ նաեւ, որ այդ «հանրության» մեջ մտնում են հարյուր հազարավոր հայաստանցիներ: Թույլ տվեք ես այդ հանրության անդամը չլինեմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաշինյանին նպատակը՝ Հայոց Ազգային Եկեղեցւոյ մէջ սրսկել է իր յեղափոխութիւնը:

    Այսինքն այդտեղ, կղերականներուն մէջ ու միջեւ, հրահրել ու քաջալերել շարժում մը, որու յանգումը կը հանդիսանայ՝ Կաթողիկոսը իր տեղից հանել, եւ նրա տեղ իրեն, փաշինյանին ենթարկուող Կաթողիկոս մը տեղադրել:

    2018ի եւ 2021ի իր յաղթանակներէն ետք, նոյն թափին վրայ, ինք հաւանաբար կը հաւատայ իրապէս որ այս իրագործումն ալ կրնայ ձեռք բերել:

    Տակաւին չի փորձում իր համակիրներին կոչ ուղղելու, որ գնան ու պաշարեն Էջմիածնի Մայր Տաճարը, սակայն վստահաբար այդ մասին ալ կ’երազէ գիշերները:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30