Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու այլ մեխանիզմներ գոյություն ունեն, որոնց շուրջ Հայաստանը պետք է հստակ աշխատանք իրականացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Երբ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վատ են կամ բացակայում են, հումանիտար բնույթի նման հարցերում ներգրավվում է երրորդ երկիր, որը ստանձնում է գերիներին տեսակցելու և նրանց մասին տեղեկություններ փոխանցելու գործառույթը։ Մեր հասարակական կազմակերպությունն այս հարցով դիմել էր Շվեյցարիային։ Նրանք պատրաստակամություն էին հայտնել ստանձնել այդ պատվիրակի դերակատարումը։ Պարզապես անհրաժեշտ է, որ հայտը պաշտոնապես ներկայացվի պետության կողմից»,- նշել է Սահակյանը։
«Վստահություն, իհարկե, չենք կարող ունենալ, որ Ադրբեջանը կընդունի այդ մոտեցումը, քանի որ գործ ունենք նման բնույթի պետության հետ։ Սակայն չընդունելն անպայմանորեն միջազգային բացասական արձագանքի կհանգեցնի, քանի որ գոյություն ունեն Հայաստանի սուվերեն իրավունքներ, որոնք կարող են իրացվել՝ ուղղակի կամ միջնորդավորված ձևով։ Եթե Ադրբեջանը համաձայնություն չտա, դա կնշանակի սուվերեն իրավունքների ոտնահարում։ Կան այլ հակամարտություններ, որտեղ նման մեխանիզմներն արդեն կիրառվել են՝ չեզոք երրորդ երկրի ներգրավմամբ։ Հնարավոր է՝ Ադրբեջանը քննարկման առարկա դարձնի այդ երկրի թեկնածությունը՝ չեզոքության ապահովման նպատակով։ Բայց չեզոք երկրի մերժումը միջազգային հանրության տեսանկյունից անընդունելի կլինի։ Եվ անգամ եթե նման զարգացում կանխատեսվում է, կարծում եմ՝ անհրաժեշտ է դիմել, ստանալ մերժում և բարձրաձայնել այդ փաստը։ Ինձ համար անթույլատրելի կլինի, եթե Հայաստանը չձեռնարկի նման քայլեր՝ չփորձի գտնել չեզոք երկիր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին՝ նախ պետք է քայլեր արվեն, ապա նոր գնահատել իրավիճակը»,- հավելել է Սահակյանը։
Նա ընդգծեց, որ նման հարցով կարող է դիմել բացառապես պետությունը, քանի որ դա ՀՀ սուվերեն իրավունքն է՝ այցելել օտարերկրյա պետություններում ազատազրկված իր քաղաքացիներին։ Միջազգային իրավունքը նախատեսում է մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ պետությունը չունի հյուպատոսական ներկայացուցիչ, որը կարող է կազմակերպել տեսակցությունները։ Այդ դեպքում պետությունը կարող է իր իրավասությունները պատվիրակել չեզոք երրորդ երկրին։ Հայաստանը պետք է դիմի նման չեզոք պետության, որն էլ՝ համաձայնության գալով, կարող է իր անունից իրականացրել այդ այցելությունները։ Այդ մասին պետք է տեղեկացվի Ադրբեջանին, և վերջինս առանց հիմնավորման չի կարող մերժել։
Կարդացեք նաև
Մերժումը պետք է ուղեկցվի հստակ հիմնավորումներով, օրինակ՝ չեզոքության հարցով։ Եթե Ադրբեջանը հիմնավորում չներկայացնի, ապա դա կդիտվի որպես ոտնձգություն թե՛ Հայաստանի, և թե՛ երրորդ երկրի իրավունքների դեմ՝ խոչընդոտելով գերիների իրավունքների իրացումը, ինչը կհանգեցնի հերթական մարդու իրավունքների խախտմանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: