«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է «հայելային» մոտեցում իրականացնել արցախցիների վերադարձի իրավունքի առնչությամբ. «Չնայած խնդիրն այս պահին իրականում ունի միակողմանի բնույթ։ Ինչպես գիտեք, Եվրոպական դատարանում մենք ունեինք Շահումյանից բռնի տեղահանված հայի իրավունքի վերականգնման վճիռ, որն առ այսօր կատարված չէ, և ունեինք Հայաստանի դեմ՝ Լաչինի հետ կապված վճիռ»:
Նշենք, որ խոսքը մի դեպքում «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, որը վերաբերում է Ադրբեջանի վեց քաղաքացիների սեփականության իրավունքներին, որոնք Արցախյան առաջին պատերազմի ընթացքում փախել են Լաչինի շրջանի իրենց տներից: Իսկ մյուսը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործն է, որը վերաբերում էր հայ փախստականի բողոքին առ այն, որ 1992թ. Շահումյանը հարկադիր կերպով լքելուց հետո այնտեղ կորցրել է իր գույքն ու ունեցվածքը:
«Երկար ժամանակ Ադրբեջանն այս վճռի կատարումը կախվածության մեջ էր դնում Չիրագովի վճռի կատարվածությունից, ասելով, որ խնդիրը հայելային է, երկկողմանի, և երկկողմանի լուծումներ պիտի ստանա: Հիմա խնդիրը դարձել է միակողմանի, «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով իրավունքի վերականգնումը կախված չէ Հայաստանի իշխանություններից: Բայց խնդիրն իր լուծումը չի ստանում, և «հայելային» պատկեր ստանալու համար Ադրբեջանն արդեն Հայաստանի Հանրապետությունից ինչ-որ խմբերի վերադարձի հարցն է առաջ քաշում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Համաձայնություն հայտնելով իր զրուցակցի պնդմանը, որ Ադրբեջանի քաղաքականությունը զավթողականությունն է՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավարն ասաց. «Վերադարձի իրավունքին «հայելային» պատկեր տալը կանխում է արցախցիների վերադարձի իրավունքի հնարավորությունները և փորձում է միջազգային օրակարգն այլ հունով շեղել, ինչն այս իրավունքը կդարձնի պատրանքային, ոչ թե գործնական։ Կարծում եմ, այդ զավթողականության տարրերից մեկն է, երբ «վերադարձ»-ի հովանու ներքո կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ադրբեջանցիներ, ովքեր կարող են անգամ ինքնորոշման իրավունք իրացնել Հայաստանի Հանրապետությունում։ Չմոռանանք, որ այստեղ մի քանի հայեցակարգեր են համադրվում, որոնց վերջնարդյունքն, այո, Հայաստանի Հանրապետությունում իրենց այդ զավթողական քաղաքականության իրացնելն է»:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նաեւ հիշատակեց, որ ԵԽ նախարարների կոմիտեն վերջերս անդրադարձել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերադարձի իրավունքի առնչությամբ վճիռը չկատարելուն: Նա ընդգծեց. «Հետաքրքիր է, որ միջազգային կառույցներն ընդունում են բանաձևեր, ընդունում են տարբեր փաստաթղթեր, որոնցով արձանագրում են, որ կա վերադարձի իրավունք, կա հայերի, էթնիկ հայերի պաշտպանության խնդիր լրջագույն, կոպտագույն խախտումներից, սակայն այս ամենը փորձ է արվում մերժել, հերքել հենց ներպետական մակարդակով»:
Փաշինյանը պնդել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոսը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել. «Տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են… Դա նախ նշանակում է կոնֆլիկտ… Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ: Երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է»:
Հարցադրմանը՝ արդյոք Ադրբեջանը հետևո՞ւմ է, թե պատարագների ժամանակ ինչ է ասվում, որ պատրվակ դարձնի հարձակման համար՝ Սիրանուշ Սահակյանը մասնավորապես այսպես արձագանքեց. «Ադրբեջանը բազմիցս մերժել է խնդրի կրոնական բնույթը: Երբ մենք շեշտադրում ենք նաև, որ նախկինում 23, այս պահին 20 հայեր, քրիստոնյաներ, պահվում են Ադրբեջանում, նրանք միշտ հակադարձում են, որ խնդիրը կրոնական հենք չունի։ Նրանք պատրաստ են ընդունելու խնդրի էթնիկ բնույթը, բայց մերժում են կրոնականը… Օրինակ, դատավարություններում մենք չենք տեսել այդ խտրականության կամ վատ վերաբերմունքի դրսևորումներ՝ պայմանավորված քրիստոնյա լինելով։ Բայց երբ դիտարկում ենք, օրինակ, բանտային պայմանները, ապա այստեղ տեսնում ենք, որ կրոնական հատկանիշն իր դերակատարումն ունեցել է. օրինակ՝ հարկադրել Ղուրան կարդալ, կամ չտրամադրել Աստվածաշունչ, կամ, օրինակ, ջնջել կրոնական դաջվածքները, հավաքել կրոնական իրերը։ Ռուբեն Վարդանյանին մերժել էին Աստվածաշնչի տրամադրումը: Այսինքն՝ մենք այստեղ տեսնում ենք որպես երկրորդական հատկանիշ կրոնականը, բայց իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը ռեսուրս, ժամանակ և այլն չի ծախսում քննարկման առարկա դարձնելու Հենց հայ առաքելական եկեղեցու խնդիրները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը զեկույցում նշել էր. «Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալները, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց բավարար իրավաբանական օգնության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի մատչելիության բացակայության, զրկվել են Աստվածաշնչից, խաչի դաջվածքներն են այրելու միջոցով ջնջվել»:
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































