ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ ՀՀ իշխանությունների գործողություններին։ Մասնավորապես, անդրադառնալով ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին հայտարարություններին, պատգամավորն ասաց․ «Մեր շուրջ խորանում են աշխարհաքաղաքական ճգնաժամերը, եւ այստեղ շարքային քաղաքացու մոտ հարց է առաջնում՝ դուք ադեկվա՞տ եք։ Դուք իսկապե՞ս չեք տեսնում՝ մեր կողքն ինչ կատարվում։ Եթե դա էլ մի կողմ թողնենք, լավ, արխային եք, հանգիստ եք, բայց դուք ադեկվա՞տ եք, երբ այս ամբիոնից հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում՝ անելու եք, խլելու եք»։
Էլինար Վարդանյանը հարցադրում արեց՝ այս կառավարությունը հասկանո՞ւմ է, թե դրանով ինչ հարվածի տակ է դնում Հայաստանում իրականացվելիք ներդրողները։
«Գործադիրի ղեկավարն ու իր հրահանգով մի քանի պատգամավորներ այստեղից ասում են՝ տեսեք, ինչ ենք անելու, հեսա ՀԷՑ-ը ազգայնացնելու ենք։ Հիմա ներդրողի համար կանխատեսելին ո՞րն է՝ մի բան, որ այս երկրում որեւէ բան կանխատեսելի չէ եւ կայուն չէ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին՝ Էլինար Վարդանյանն ասաց․ «Մի խելքը գլխին խորհրդական չունե՞ք, որը կզգուշացնի,որ այդ գրառումները վաղը քրեական գործերի հիմք են դառնալու։ Կամ զգուշացնի, որ երկու օր անընդմեջ իրար հետեւող քաղաքական հետապնդում իրականացնելու գրառումները առերեւույթ գոնե Քր․ օր․-ի 441 հոդվածի առիթ են»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգների պատճառով քննիչներն ու դատավորներն օր ու գիշեր մտածում են՝ ինչ հորինեն, որ կարողանան մի քրեական գործ սարքել։ «Դուք հասկանո՞ւմ եք, որ անլրջացնում եք իրավապահ համակարգը, օրինակ, Սամվել Կարապետյանի դեմ հարուցված աբսուրդի հասնող եւ իրավունքի հետ կապ չունեցող մեղադրանքը դրա ապացույցն է»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ