Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը գրեթե բացառում է, որ ԿԸՀ-ն հիմքեր գտնի որեւէ կուսակցության, դաշինքի չգրանցելու կամ գրանցումը մերժելու, ինչպես նաեւ՝ անվավեր ճանաչելու համար․ «Ընտրական օրենսգիրքը երեք տեսակի կարգավորում է նախատեսում՝ գրանցման-չգրանցման հետ կապված։ Մի տարբերակը գրանցումն է, ապա՝ մերժումը, բայց այստեղ իրենք բռնվելու տեղ գրեթե չունեն, որովհետեւ ներկայացված են ֆորմալ պահանջներ, որոնք պետք է առկա չլինեն ընտրացուցակում եւ ԿԸՀ-ին հիմք տան չգրանցելու համար։ Եթե իրենք որոշում են ընդունում կուսակցությունը կամ դաշինքը չգրանցել այն հիմքով, որ պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել կամ թերի են, կամ` կեղծված, կամ էլ՝ 83-րդ հոդվածին չեն համապատասխանում, այսինքն՝ ցուցակում գրել են մարդկանց, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն, մշտական բնակություն չունեն, դատավոր են, քննիչ, ԱԱԾ աշխատակից եւ այլն․․․ Բայց կոնկրետ հիմքերն այնպես են շարադրված, որ ես բացառում եմ, թե կարող են չգրանցել կամ մերժել: Նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն էլ 2/3-ով պետք է այդ որոշումն ընդունի։ Ինչպես նաեւ՝ Ընտրական օրենսգիրքն էլ հստակ ասում է, որ երբ թերի են փաստաթղթերը ներկայացված, պետք է մատնանշվեն թերությունները, եւ ժամանակ տան, որ թերությունները շտկվեն, ուստի հենց այս նկատառումով եմ ասում, որ գրեթե բացառում եմ, որ կարող են չգրանցել կամ մերժել»։
ԿԸՀ-ն, ըստ օրենքի, կարող է նաեւ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչել անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են։ «Եթե, օրինակ, ԸՕ-ն ասում է, որ ցուցակի առաջին 30 համարը պետք է համագումարով հաստատվեն, հետո պարզվում է, որ համագումար չեն արել կամ ինչ-որ բան համագումարին այնպես չեն արել, ինչպես նախատեսված է, ապա ԿԸՀ-ն այս դեպքում եւս 2/3-ով պետք է որոշում կայացնի։ Բայց այս դեպքում էլ ես չեմ տեսնում, որ բռնվելու տեղ կա»,- նկատում է Վարդան Պողոսյանը։
ԸՕ 88-րդ հոդվածն էլ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն է վերաբերում, բայց մեր զրուցակցի խոսքով, այս հոդվածով էլ քիչ հավանական է, որ կկարողանան ուժը կորցրած ճանաչել։ Հիմքերը չորսն են․ եթե կուսակցությունն ինքնաբացարկ է հայտնել, լուծարվել է, կամ նրա գործունեությունն արգելվել կամ կասեցվել է Սահմանադրական դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ՝ «կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից»: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միայն վերջին կետով է հնարավոր ինչ-որ քայլեր իրականացնել։ ««Ուժեղ Հայաստանի» պարագայում, եթե երկու նոր կուսակցություններին համոզեն դուրս գալ պայքարից, նոր հնարավոր է, բայց չեմ կարծում, որ որեւէ կուսակցություն նման քայլի կգնա»,- ասում է Վ. Պողոսյանը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































