Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է անհատական եւ խմբային դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ. Անդրանիկ Գրիգորյան

Հունիս 20,2025 14:08

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ-ն նախաձեռնել է «Փախստականներ. իրավունքներ, գործողություններ, պատասխանատվություն եւ հիշողություն» խորագրով աշխատաժողով՝ նվիրված Փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հունիսի 20-ը սահմանել է որպես Փախստականների իրավունքների պաշտպանության օր։ 2025 թվականի օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Համերաշխություն փախստականների հետ»:

Aravot.am-ի հետ զրույցում «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ-ի նախագահ Անդրանիկ Գրիգորյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ աշխատաժողովին հրավիրված են ոլորտի մասնագետներ, պատմաբաններ, իրավաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ: «Նման աշխատաժողովներ, գիտաժողովներ, քննարկումներ պարբերաբար կազմակերպում ենք՝ նպատակ ունենալով վեր հանել ծառացած խնդիրները, փորձել գտնել ուղիներ՝ հարցի միջազգայնացման համար, մասնավորապես արցախցիների վերադարձի իրավունքի համատեքստում քայլեր մշակել՝ հետագայում գործողություններ իրականացնելու նպատակով»,-ասաց «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ-ի ղեկավարը:

Նրա խոսքով. «Աշխատաժողովի ժամանակ հիմնական շեշտադրումը վերադարձի իրավունքին էր վերաբերվում, որի վերաբերյալ մասնագետներն իրենց տեսակետները, իսկ տեղահանված մեր հայրենակիցներն իրենց մտահոգող հարցերն են բարձրացրել: Մասնագետները շեշտել են, որ հնարավոր է անհատական եւ խմբային դատական հայցեր ներկայացնել միջազգային դատական ատյաններ, դատական պրոցեսներ նախաձեռնել: Շատ ակտիվ, բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել այսօր»:

Մեր հարցին, որ ինքը հաճախ է միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնում արցախցիների իրավունքների մասին, ի՞նչ պետք է անել, որ արցախցիների վերադարձի իրավունքը եւ այլ հարցեր ավելի ընկալելի լինեն միջազգային հանրության համար, որը լուռ էր Արցախյան 44-օրյա պատերազմի եւ Արցախի հայաթափման ժամանակ, Անդրանիկ Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Մենք մեր ռեսուրսների ու հնարավորությունների չափով փորձում ենք հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել խնդրի բարձրաձայնման համար, արտասահմանյան հասարակության իրազեկման ապահովման համար, բոլորս էլ հասկանում ենք, որ սա մեկ-երկու օրվա հարց չէ, այլ երկարատեւ ու դժվարին աշխատանք է, որը պետք է կատարվի: Հուսամ ինչ-որ մի ժամանակ մեր ջանքերը վերջապես արդյունք կտան»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտում խոշտանգվելու, անօրինական դատավարության եւ հայ գերիների խնդրին: «Աշխատաժողովի պանելային քննարկման մի կարեւոր մասն էլ նվիրված էր Ադրբեջանում պահվող անձանց, ապօրինի դատավարություններին, գերիներին: Մասնագետները նշեցին հնարավոր ուղիները, տարբերակները, խոսվեց միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, խոշտանգումների, ապօրինի դատավարությունների մասին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Անդրանիկ Գրիգորյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30