Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը քննել է Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորը կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը եւ որոշել է տնային կալանք սահմանել նրանց նկատմամբ։
Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ նյութեր էին նախապատրաստում 2018-ից սկսած, սակայն որեւէ կոնկրետ քայլ չէին արել, եւ միայն հիմա, երբ նախօրեին նա հայտնվել էր Սամվել Կարապետյանի տան մոտ` ի պաշտպանություն իր վաղեմի ընկերոջ, հետո էլ` դատարանի բակում, հիշել եւ թարմացրել են այս քրգործը։
Սամվել Դարբինյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ գործը հարուցվել է 2019 թվականին: Ըստ իրավապահների՝ ենթադրյալ դեպքը սկսվել է 2006 թվականին եւ ավարտվել 2011 թվականին։ Իսկ մինչ Դարբինյանի ձերբակալումը նա եւ եղբայրը գործով որեւէ կարգավիճակ չեն ունեցել, անգամ՝ վկայի։ Փաստաբանը քրեական գործի հանգամանքները չբացահայտեց՝ ասելով, թե կաշկանդված է նախաքննական գաղտնիքով։
«6 տարի քննել են, հենց հիմա է ակտիվացվել։ Ոչ մի ապացույց չունեն, ես, 2019-ից սկսած, միջնորդություններ եմ ներկայացրել, որ կատարեք էս գործողությունը, էն գործողությունը, նույնիսկ իմ միջնորդություններն են անպատասխան թողնվել, առաջին շահագրգիռ անձինք, որ բացահայտվի` եղել են Դարբինյանները»,- նշեց փաստաբանը։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է քննիչի ներկայացրած փաստաթղթերով։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: