Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
ԱԺ-ում վերջին խայտառակ ծեծկռտուքից հետո, որում երևում է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նրա տանը խուզարկություն կատարելը, նրա որդուն ձերբակալելը, ինչպես նաև ՀՅԴ որոշ անդամների տներում խուզարկությունների իրականացումն ու ձերբակալումը ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվում, հանրությանը պետք է տեղեկացնել հստակ բացատրություններ և հիմնավորումներ։
Եթե ծեծկռտուքի հետ է կապված, ապա ինչու են խուզարկվում նաև ԱԺ-ում ծեծկռտուքին չմասնակցած անձանց տներում, կամ ինչու միայն ծեծկռտուքին մասնակցած միայն ընդդիմադիր պատգամավորի տանը, իսկ մեծամասնության ԱԺ պատգամավորների հանդեպ նման գործողություններ չենք տեսնում։
Եթե ծեծկռտուքի հետ չի կապված, ապա ինչով է հիմնավորվում ոստիկանության նշված գործողությունները։
Կարդացեք նաև
Անկախ որևէ հիմնավորվածությունից, որի մասին շուտափույթ պետք է իրազեկել հանրությանը, իրավական պաշտպանության անհրաժեշտություն ունեցող անձանց իրենց փաստաբանների մատչելիության խոչընդոտումը, արգելումը հանդիսանում է իրավական պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում։
Ակնհայտ է միայն քաղաքական ընդդիմադիրների հանդեպ իրավապահների անթաքույց, ակտիվ գործողությունները, որը չենք տեսնում քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների կողմից օրենքի խախտման դեպքերում նման ակտիվ և հրապարակային գործողություններ։
Նման ընտրողական մոտեցումը հիմք է տալիս պնդելու ակնհայտ քաղաքական հետապնդման մասին։
Նման եզրահանգման հակափաստարկ կարող է հանդիսանալ միմիայն ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության կողմից հրատապ և հրապարակային բացատրությունները, թե օրենքի ինչ խախտման հիմքով են իրականացվում խուզարկություններն ու ձերբակալությունները։
Օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության և իրավունքի գերակայության սկզբունքների անվերապահ պահպանումը առավել քան անհրաժեշտ է ներքաղաքական լարվածության իրավիճակներում։