Մարդիկ իրար ջրում են, Վարդավառ են նշում: Տեսնո՞ւմ եք, թե ժողովուրդը որքան երջանիկ է: Մարդիկ շաբաթ-կիրակի օրերին գնում են Սեւան: Տեսնո՞ւմ եք, թե որքան լավ են սկսել ապրել: «Էլցանց» զանգահարելիս՝ օպերատորը պատասխանում է: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես Ռոմանոս Պետրոսյանը, նշանակվելով կառավարիչ, մի քանի օրում կարողացավ բարելավել ՀԷՑ-ի աշխատանքը:
2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո պաշտոնական քարոզչության «մանտրան» էր՝ «մարդկանց դեմքերին վերջապես ժպիտ է երեւացել»: Այդ ժպիտը (հավանաբար, այն պատճառով, որ 2022 թվականի հոկտեմբերից հետո Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր) վերածվեց բուռն ուրախության եւ հրճվանքի:
«Կյանքն ավելի լավն է դարձել, ավելի ուրախ»՝ այսպիսի խորը դիտարկում էր արել Ստալինը՝ 1935 թվականին հանդիպելով ստախանովյան շարժման առաջամարտիկների հետ: Կթվորուհիներն ու պողպատագործները դրա հետ չէին վիճում. հակառակը՝ ուրախ շուրջպար էին բռնել «մեծն առաջնորդի» շուրջ: Կային, իհարկե, կասկածողներ: Բայց նրանք փտած ինԾիլիգենտների պսեվդոէլիտար խմբակի ներկայացուցիչներ էին: Այդ «հակապետական տարրերի» հարցերը շատ արագ լուծվեցին:
Կարդացեք նաև
Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ կատարյալ անմեղսունակ մարդկանց ուղղված PR-ը ենթադրում է, որ անցած տարի կամ 10 տարի առաջ Վարդավառ չէր նշվում, մարդիկ Սեւան չէին գնում, իսկ ՀԷՑ-ի օպերատորները քաղաքացիների զանգերին չէին պատասխանում: Ինչի՞ մասին է խոսում այս տեսակի քարոզչությունը: Նախ, իհարկե, այն մասին, որ մեր հասարակության ընդհանուր մտավոր մակարդակն ընկել է:
Բայց որքան էլ ընկած լինի, ակնհայտ է, որ ՔՊ-ն վարկանիշի խնդիր ունի, եւ այս, ոչ այնքան խելամիտ արձանագրումներով, իշխանությունները փորձում են իրենք իրենց ոգեւորել: Այսպես ասած՝ «սև սրտի մխիթարանք»:
Ենթադրենք, սակայն, որ ՔՊ-ի վարկանիշը 100 տոկոս է, եւ Հայաստանի բնակչությունը բաղկացած է 3 միլիոն անմեղսունակ մարդկանցից: Որեւէ սուտ, մանիպուլյացիա կամ շուստրիություն արդյո՞ք փոխում է այն իրողությունը, որ Արցախն այլեւս Ադրբեջանի ձեռքն է, որ հարեւան երկիրը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, որ մենք ունենք 120 հազար փաստացի փախստականներ, իսկ հայերը շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այսպես-կոչված-վարչապետը իսկապես ուղղել է այդ խոսքերը իր ոհմակին. ‘Տեսեք Արցախը տվինք, 5000 երիտասարդ զոհեցինք, ազրբժնցիները ներխուժել են ՀՀ, 120000 հայ փախստական ունենք և հայերը Բաքվում ենթարկվում են այսպես կոչված դատավարության,…վրաերթ եմ անում հղի կնոջը, Աժ նախագահը թքում է քաղաքացու դեմքին նրա ձեռքերը ոլորել հրամայելուց հետո… էլ որն ասեմ, սակայն մարդիկ գնում են Վարդավառի, լողանում Սևանում, երեխաները ժպտում են: Հավատացեք ինձ, Սյունիքն ամբողջությամբ էլ տանք շատ բան չի փոխվի: Կասենք թե միջանցք չի, խաչմերուկ ա: Մենք պետք ենք ու երկար ժամանակ դեռ մեզ պեսները չեն ծնվի հայ մորից: Ռեզերվում Ջերմուկն ու Սևանը տալն էլ կա: Նենց որ համարյա հավերժ ենԿ: Մենք կուշտ ենք և հանգիստ` այս միտքը թող դեմքներիցդ չջնջվի: Վերջը լավ ա լինելու` մեզ համար:’ Կետ:
Նաև ‘երջանկության’ պաշտոնական արձանագրումը անհրաժեշտ է օտարեկրյա պատվիրատուներին` նրանք չեն պատրաստում իրենց տարեկան հաշվետվությունը իմ կամ Ձեր գնահատականներով: Կոպի-փեյստ են անում այսպես կոչված վարչապետի հայտարարածը:
Ես երբեք չեմ տեսել Երևանցիներին այսչափ փոշոտ ու գորշ դեմքներով, հայացքները խամրած ու շփոթված: Ոնց որ ուրվականներ լինեն:
Ինչպէս միշտ, վերանկախացումէն ի վեր, ՀՀ-ն՝ պատկեր մըն է: Մակերեսային պատկեր մը, պատրանք մը, խաբկանք մը:
Որոշ ժամանակ մը, խաբկանքը կը վերաբերէր՝ ՀՀի մէջ Հայոց ազգային գիտակցութեան: Թերեւս այսօր ալ կը վերաբերի՝ լայնատարած անհոգութեան, անզգամութեան, ոչ այլ հայրենակիցների այլ նոյնիսկ սեփական աղէտալի վիճակի նկատմամբ անտարբերութեան – արդարեւ, դեռ որեւէ խաղաղութեան դաշնագիր չէ կնքուած՛ ոչ իսկ ձեւական… մինչ ՀՀի պաշտօնական տարածք ներխուժած ասկեարները դեռ կանգնած են, ուր որ են… նոյնս այդ Սեւանէն ոչ շատ հեռու, ի դէպ…
Բայց ուրեմն, ինչպէս որ առաջ ազգայինը իրական չէր, կարելի է յուսալ որ այժմու այս հաւաքական յիմարութիւնն ալ, խորք չունի:
Աւանդական Սփիւռքի մէջ, շատերս ապրած են՝ պատերազմական ահաւոր ժամանակներ: Պէտք է ընդունիլ որ մենք ալ, այդ տարիներին, ամէն առիթով՝ «մենք մեր քեֆը կ’անէինք»: Մինչ մեր շուրջը կը տիրէր տեւաբար՝ սուգ, սարսափ, ծայրագոյն վտանգներ, համատարած խաւարներ…
Այստեղ անբնական երեւոյթը այն է որ, երկրին գերագոյն ղեկավարը, կարծես իսկապէս խաբվում է, ինքզինքն է խաբում՝ պատկերներով, պատրանքներով: Կամ էլ, շատ լաւ գիտակցում կացութեան, սակայն կարծում է թէ կարող է այդ խաբկանքը «ծախել»… չգիտեմ ճիշդ որո՞ւն: Նուազագոյն չափով խելքը գլխին հայը, աշխարհի որեւէ մէկ տեղ, շատ լաւ էլ տեսնում է դաժան իրականութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան
Չնայած, Աւանդական Սփիւռքն ալ մասնակցում է նոյն խաբկանքին, իր զբօսաշրջիկներով… Իր բանակումներով, իր խաղերով… comme si de rien n’était… business as usual…
ՀՀ գացող՝ գնդակ խաղացող, Երեւանի քաֆէները այցելող, վարունկ-պամիտորով հիացող սփիւռքահայերէն շատերը, քառորդ դար ժամանակ՝ ոտք չէին դրած ՀՀ: Սակայն հիմա մէկէն, Աղէտէն ետք, «գիւտը ըրին» ՀՀին… Trendy դարձաւ, այդ պտոյտը…
Որպէս մե՜ծ հաճոյք, երթալ այդ՝ Արցախը կորսնցուցած, հազարաւոր լուսաւոր կեանքեր կորսնցուցած, պատիւն ու արժանապատուութիւնը կորսնցուցած, այդ խղճալի եւ դատապարտուած, մնացորդ «երկիրը, ու այդտեղ զուարճանալ:
Խնդիրը, համայն հայ ժողովուրդն է: Որ երբեք չկարողացաւ ազգ դառնալ, եւ հետեւաբար անկարող է երբեւիցէ պետութիւն ունենալու: