«Մեր խնդիրն այն է, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունենա, տեղի ունենա հնարավորինս շուտ ու սահմանադրական ճանապարհով։ Սահմանադրությունն ունի ոչ միայն տառ, այլ նաեւ ոգի։ Եվ ոգին այդ Սահմանադրության հենց մեր Անկախության հռչակագիրն է, որն աչքի փուշ է դարձել, խաչ է տարաբնույթ սատանաների համար, սխտոր է տարաբնույթ չարքերի համար, ինչպիսին են այսօրվա Հայաստանի կառավարիչները։ Մեզանից հասնում է չհանձնվել։ Իսկ ավտորիտար կառավարիչները գիտե՞ք, թե երբ են սկսում դմփալ, երբ շատ են վստահ, որ մնալու ենք։ Ինչքան ինքը ինքնավստահ լինի, որ վերջ, ինքը մնալու է, Զանգեզուրը տվել է, Սեւանը տալու է, մեզ տալու է, այդ ժամանակ գալու է չարի վերջը։ Չարի վերջը գալիս է այն ժամանակ, երբ իրեն թվում է, որ անպատժելի է»,- Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօրվա դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ ամոթ է մեզ բոլորիս, որ այսօր Միքայել սրբազանին պետք է տեսնենք մեղադրյալի աթոռին՝ ոչ մի բանի համար։ «Հայաստանում այսօր 30-ից ավելի քաղաքական բանտարկյալներ կան, եւ նրանց ճնշող մեծամասնությունը ոչ միայն քաղաքական հայացքների, այլ իրենց համոզմունքների ու խղճի համար են նստած։ Քաղաքական բանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում երկրի եւ այդ ժողովրդի ամոթն է։ Կրկնակի ամոթ է, երբ հասարակությունը հավուր պատշաճի չի պայքարում այդ մարդկանց ազատության համար։ Ես կարծում եմ, որ այն քաղաքական տարաձայնությունները, որոնք իմ ու Միքայել սրբազանի միջեւ միշտ եղել են, բացարձակ զրոյական եւ ոչինչ են համեմատ այն իրողության, որ իմ եկեղեցու հոգեւոր սպասավորն այսօր իր համոզմունքների համար շինծու, ապօրինի ձեւով ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ անազատության մեջ է, ճիշտ այնպես, ինչպես անազատության մեջ են ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Բագրատ սրբազանը, ԱԺ պատգամավորներ թե Հայաստանից, թե Արցախից, զոհված ազատամարտիկների ծնողներ, կին, տարբեր այլ մարդիկ»,- նշեց Աշոտյանը։
Նա անդրադարձավ նաեւ միջազգային հանրության դիրքորոշմանը Հայաստանում առկա քաղբանտարկյալների հարցով։ «Ստեղծվել է լռության պատ եվրոպական, ամերիկյան քաղաքական, հասարակական շրջանակները կարծես թե լռության պատ են ստեղծել այս հարցի շուրջ, չեն խոսում։ Բելառուսի քաղբանտարկյալների մասին ոչ միայն խոսում են, այլ ԱՄՆ նախագահը գրառում է անում այդ մասին։ Հայաստանի քաղբանտարկյալների շուրջ կա լռության պատ, եւ այդ պատը պետք է ճեղքել։ Թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս պետք է պայքարել մինչեւ վերջին քաղբանտարկյալը։ Քաղաքական հետապնդումները չեն շրջանցել եւ չեն շրջանցելու ոչ մեկի, ամենաաբսուրդ բաները մենք դեռ կտեսնենք, եթե այս մարդը մնա իշխանության, եթե այս մարդը իշխանության մնալու համար ոչ միայն մարդկանց ճնշում ու լռեցնելու փորձ է անում, այլ նաեւ հայրենիք է վաճառում»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   