Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ և քույրեր,
Արցախի հայության անունից նախ և առաջ ցանկանում ենք մեր խորին ու անկեղծ շնորհակալությունը հայտնել ամբողջ հայ ժողովրդին՝ մեր նորագույն պատմության ամենածանր պահերին մեզ անփոփոխ աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանը և Սփյուռքը միշտ կանգնած են եղել Արցախի կողքին, հատկապես դաժան փորձությունների տարիներին, երբ հույս գրեթե չէր մնացել։
Արցախի, Հայաստանի և Սփյուռքի եռամիասնությունը միշտ եղել և մնում է մեր հենարանը, մեր ուժի, ոգեշնչման և վերածննդի աղբյուրը։ Հայաստանը՝ անկախության առաջին իսկ օրերից` եղել է մեր անվտանգության վստահելի երաշխավորը, Արցախը՝ ամուր վահան, որ պաշտպանում էր մեր ընդհանուր Հայրենիքի արևելյան սահմանները՝ ապահովելով պաշտպանության խորությունն ու ամրությունը։ Սփյուռքը մշտապես օգնել է մեզ հաղթահարել դժվարին մարտահրավերները և կառուցել պետականություն։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայից հետո Արցախի ժողովուրդը ստիպված եղավ լքել հայրենի հողը՝ կանխելու սպասվող ցեղասպանությունը և պահպանելու մարդկային ու ազգային արժանապատվությունը։ Ավելի քան երեք տասնամյակ մենք պայքարել ենք մեր երեխաների խաղաղ կյանքի, ազատ զարգացման և հայրենի տներում ապրելու իրավունքի համար։ Մենք դիմակայել ենք ցանկացած լուծման, որը վտանգի տակ էր դնում մեր ինքնիշխան իրավունքը՝ ապրել մեր հողում, մեր նախնիների արյամբ նվաճված ու սրբացված հողում։ Եվ այս պայքարը դեռ ավարտված չէ։ Մենք հավատում ենք, որ ճշմարտության և արդարության ուժով կկարողանանք վերադարձնել մեր Հայրենիքը:
Կարդացեք նաև
Մենք խորապես երախտապարտ ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք ջերմությամբ և հոգատարությամբ ընդունեցին տասնյակ հազարավոր արցախցիների 2020–2023 թթ. ողբերգական իրադարձություններից հետո, երբ մեր փոքր Հայրենիքը ենթարկվեց էթնիկ զտման և այլ ցեղասպանական գործողությունների։ Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանի կառավարության կողմից բնակչության տեղահանությունից հետո՝ առաջին ամիսներին ձեռնարկված քայլերը՝ ուղղված այս ազգային աղետի սոցիալական հետևանքների մեղմացմանը։
Առանձին շնորհակալության խոսք ենք հղում բարեկամ երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ մեզ համար այդ դժվարին պահին ցուցաբերած համերաշխության և աջակցության համար։
Այսօր Հայաստանի իշխանությունները, տարբեր պատճառներով, լիարժեքորեն չեն իրականացնում այն առաքելությունը, որը նախորդ տասնամյակներին կատարում էին Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ։ Այս պայմաններում Սփյուռքի ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը ձեռք են բերում առանձնահատուկ կարևորություն։ Մենք կոչ ենք անում Սփյուռքի կազմակերպություններին և անհատներին աջակցել արցախահայությանը՝ ակտիվորեն պաշտպանել մեր հավաքական և անհատական իրավունքները, ամրապնդել մեր դիրքերը Հայաստանում, և նպաստել մեր ինքնության ու մշակութային ինքնատիպության պահպանմանը։
Արցախահայության առաջնահերթ խնդիրն է ինքնակազմակերպումը՝ ի նպաստ իր սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների արդյունավետ պաշտպանության։
Կարևոր է, որ արցախցիները շարունակեն ապրել և արարել Հայաստանում՝ պահպանելով իրենց համայնքային ամբողջականությունն ու ինքնությունը։
Սա կարելի է իրականացնել՝ արցախցիների համար հիմնելով պարփակ բնակավայրեր և ստեղծելով նոր կենտրոններ՝ հասարակական, կրթական, ստեղծագործական և մարզական, որոնք կկարողանան միավորել և ուժեղացնել արցախցիներին։
Այս իրավունքները հիմնված են միջազգային իրավունքի անխախտ նորմերի և արդարության սկզբունքի վրա։ Դրանց ակտիվ առաջմղումը համապատասխանում է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական հիմնավորումներին, և այդ իսկ պատճառով չի վնասում Հայաստանի շահերին և անվտանգությանը։
Սա մեր պարտքն է անցյալի առաջ և մեր պարտավորությունը՝ ապագա սերունդների նկատմամբ՝ պայքարելու արդարության և հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքի համար։
Միայն մեր միասնականությունն ու յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը կարող են պահպանել արժանապատիվ ապագայի հույսը և վերադարձի հնարավորությունը մեր հայրենիք՝ հիմնված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությանը հասցեագրված լեգիտիմ Դիմումում ամրագրված հինգ պայմանների վրա.
1. Մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանի զինված ուժերը, ոստիկանությունը և վարչական կառույցները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից։
2. Արցախի Հանրապետության ողջ սահմանագծի երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի բազմազգ միջազգային խաղաղապահ ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի։
3. Միջազգային ճանաչում ունեցող Լաչինի միջանցքը պետք է լիարժեք փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողության և կառավարման ներքո։
4. Արցախի Հանրապետության տարածքը անցումային շրջանում պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի պայմանների ապահովման, ժողովրդավարական և իրավական ինստիտուտների ձևավորման, տնտեսության վերականգնման համար։ ՄԱԿ-ի հովանու ներքո նոր հանրաքվեն պետք է հաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքները իրավական ուժով ճանաչվելու են բոլոր պետությունների կողմից։
5. Պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդման հնարավորություն՝ հակամարտության ամբողջ շրջանի հետ կապված որևէ մեղադրանքով։ Ադրբեջանում կալանավորված և արդեն իսկ դատապարտված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։
Մեր ուժերին՝ հավատով, մեր ժողովրդի հանդեպ հպարտության զգացումով և երախտագիտությամբ՝ Ձեր նվիրվածության համար