Պատերազմի օրերին ու դրանից հետո մեր փաստահավաքի նպատակը ներպետական քննությանն ու միջազգային հարթակներում համապատասխան մեխանիզմներին աջակցելն է եղել: Այս պահին լուրջ մտահոգություններ ունենք ներպետական մակարդակով իրականացվող քննության արդյունավետության հետ կապված՝ հաշվի առնելով բարձրաստիճան հայ պաշտոնյաների հայտարարությունները: Այսօր «Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը:
-Բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ երկկողմանի պայմանավորվածության, ջենթլմենական համաձայնության համատեքստում դադարեցվում է միջազգային հետախուզումը ենթադրյալ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ այն անձանց, որոնք նույնականացվել են որպես գերիների նկատմամբ հանցագործություններ կատարողներ, այդ թվում՝ սպանություններ կատարողները: Սա մեզ համար լուրջ մտահոգություն է, որ ներպետական մակարդակում այլեւս որեւէ արդյունավետ քայլ չի ձեռնարկվելու բացահայտելու այդ անձանց: Ենթադրաբար «Խաղաղության պայմանագրի» ուժի մեջ մտնելու ու ենթակառուցվածքների բացման համատեքստում կարող են այդ անձինք նույնիսկ այցելել Հայաստան ու անպատիժ մնալ, խնդիրների չբախվել,-նկատեց Մելիքյանը:
Աննա Մելիքյանին մտահոգում է նաեւ այն, որ գերիների անհապաղ վերադարձի հարց չկա «խաղաղության պայմանագրում». «Ավելին՝ օգոստոսի 8-ից հետո բարձրաստիճան հայ պաշտոնյաների հայտարարությունները շատ ավելի սահմանափակ են այդ հարցի վերաբերյալ: Եվ վերջին երկու հնարավորությունը, որը կարող էր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում եւ ԵԽԽՎ-ում, վարչապետն օգտագործել գերիների վերադարձի հարցը բարձրացնելու համար համարում ենք բացթողնված: Ընդ որում՝ գուցե դիտավորյալ բացթողում: Կես նախադասություն է ընդամենը վարչապետն ասել, որ անազատության մեջ պահվող անձանց հարցը պետք է հասցեագրվի: Ի՞նչ է դրա տակ հասկացվում, արդյոք պահանջո՞ւմ ենք, որ այդ անձինք պետք վերադարձվեն: Արդյոք ուզո՞ւմ ենք արձանագրել, որ պարզապես այնտեղ պահվում, դատվում են, թե՞ ոչինչ չունենք պահանջելու, այդ թվում՝ միջազգային հանրությունից, որը ողջունեց համաձայնագիրը, բայց կարծես թե մոռացավ, որ մարդու իրավունքների շատ հարցեր մնացին այդ համաձայնագրից դուրս, այդ թվում՝ անազատության մեջ պահվող անձանց իրավունքները»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ Հայաստանը հրաժարվել է գերիների պաշտպանության արդյունավետ միջոցներից ու այս պահին Ադրբեջանում պաշտոնապես հաստատված 23 գերին լրիվ անպաշտպան վիճակում են. «Մենք ունենք արդեն 7 անձ, որոնք դատապարտվել են ու հանրային դաշտում չեն երեւում: Նրանց որպիսության մասին իմանալու միակ տարբերակը իրենց ընտանիքների հետ քմահաճույքով տրամադրված զանգերն են՝ հաշվի առնելով, որ վերահսկվող զանգեր են, վստահաբար, նրանք երբեք չեն կարող ասել, որ ունեն աջակցության եւ պաշտպանության կարիք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը: Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցել է, որ դեռևս հուլիսին ադրբեջանական կողմը դատարանին միջնորդել էր վերացնել հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը: Սակայն, Հայաստանի կառավարության և եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչների առարկություններից հետո դատարանն ի վերջո մերժել է Ադրբեջանի միջնորդությունը և պարտավորեցրել Բաքվին հայ գերիների մասին տեղեկություն ներկայացնել: