Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում. Գոհար Մելոյան. «Փաստ»

Հոկտեմբեր 14,2025 09:30

Հայաստանում ընթացող դատական գործընթացներին զուգընթաց՝ «դատավարություններ» են ընթանում նաև Բաքվում։ Դրանց վերաբերյալ ինֆորմացիայի միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը շեշտում է՝ ունենք փաստացի իրողություն, որ մեր հայրենակիցները գերու կարգավիճակում գտնվում են թշնամի պետությունում։

«Ունենք իրողություն, որ 2020 թվականից ի վեր գործող իշխանությունն ասում է՝ մի շտապեցրեք, աշխատում ենք, վերադարձնում ենք։ Իրողություն է նաև հանգամանքը, որ այս իշխանությունն այդ ամենը զուգակցում է 2020 թվականից ի վեր Բաքվին ոչ միայն նրանց գերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործների վերադարձն ապահովելով։ Հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ռազմական հանցագործներին, հայկական կողմը 2020 թվականից ի վեր, ըստ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Բաքվին է հանձնել տարածքներ, որոնք գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, հայկական կողմը Բաքվին երկու անգամ տրամադրեց ականապատված տարածքների քարտեզներ։ Սրանցից յուրաքանչյուրը խաղաքարտ էր, որը կարող էր ապահովել գերիների վերադարձի անվերապահ նախապայմանը։

Եվ, վերջապես, հայկական կողմը բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել՝ սկսած Պրահայից, վերջացրած վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով։ Գնալով խաղաղության, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքային ամբողջականության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը՝ պատմական խայտառակություն և ողբերգություն է, որ հայկական կողմի ղեկավարը կարող է նման փաստաթուղթ ստորագրել, այս ամենի հետ մեկտեղ առնվազն չի երաշխավորվում գերիների վերադարձը։

Տեսել ենք հայտնի երկխոսությունը, երբ անգամ Թրամփն է համարում, որ այդ պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի գերիների վերադարձը, ասում՝ ես դա կանեմ, իսկ մեր երկրի ղեկավարը, աչքերը փախցնելով, խուսափում է պնդելուց կամ այդ խոսակցությունը վերջնակետին հասցնելուց՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։

Առաջին՝ կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։

Երկրորդ՝ հեղինակավոր մասնագետ, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նրա գործով փորձում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարել, որպեսզի Վարդանյանի գործով որևէ իրավական շարժ ապահովեր։ Այդ մարդը բազմաթիվ հաջող դեպքեր էր ունեցել, նույնիսկ նա չդիմացավ և հայտնի գրառումն արեց թվիթերյան հարթակում, որ նման նախադեպ չի տեսել, ու գերիների վերադարձը բացառապես տվյալ պետության իշխանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր։ Այդ մարդը, փորձելով գնալ երկխոսության՝ այս հարցին որևէ դրական ընթացք տալու համար, արձանագրել էր, որ հայկական կողմի իշխանությունն անդրդվելի է և չունի որևէ շահագրգռվածություն թեման օրակարգ դարձնելու հարցում։ Միանշանակ է՝ այն թեզը, որ իրենք խաղաղություն են բերում մեր երկրին, սին է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031