«Ահավոր։ Այսքան վատ երբեք չի եղել։ Լուրջ ճնշումների ենք ենթարկվել, մեր դեմ ինչ ասես՝ կիրառվել է․ հինգ հազար ձերբակալված մարդիկ ենք ունեցել, հարյուրավոր քաղբանտարկյալներ, բայց երբեք չի եղել, որ պետության ղեկավարը վեր կենա ու ասի՝ օրենքը ես եմ»,-«Իրավունքի և Ազատության Կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկումից լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում արդարադատության համակարգի այսօրվա վիճակը, այսպես պատասխանեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Անդրադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններին՝ նա ասաց․ «Ակնհայտ է, որ Վեհափառին հրաժարականի դրդելու նպատակով ուղղակի գործ են սարքում իր շրջապատի վրա և փորձում նրա վրա ճնշումներ կիրառել։ Հովհաննավանքի օրինական տերը գալիս է՝ կադաստրի թղթով, ասում, որ Հովհաննավանքը մեր սեփականությունն է, և ոստիկանությունը ոչ թե կանգնում է օրինական սեփականատիրոջ թիկունքին, այլ օրինախախտի՝ տվյալ դեպքում վարչապետի թիկունքին։ Սրա անունը ի՞նչ դնես։ Հիմա մարդիկ բացահայտ խախտում են իրավունքը։ Սա ցույց է տալիս, որ այսօր ՀՀ ժողովրդավարական, քաղաքացիական ազատությունների, մեր Սահմանադրության վրա աննախադեպ գրոհ է տեղի ունենում, և այս ամենի դեմը պետք է առնել։ Հարցը միայն Փաշինյանի հեռացմամբ չէ, որը անպայման պիտի լինի, այլ նաև համակարգային փոփոխությունների մեջ է։ Եթե դա իրագործվի կամ դրա՝ ավելի լավ մոդիֆիկացված տարբերակն իրականացվի, ես չէի բառացի, որ մի անկախ քննիչ կկարողանա գնալ կալանավորման օրդերով Փաշինյանի մոտ և հանգիստ նրան ձերբակալի այս ամենի համար։ Ես ասում եմ՝ մեզ օդի պես պետք են համակարգային մեխանիզմներ, որոնք թույլ կտան հանցագործ վարչապետին կալանավորել, քրեական հետապնդման ենթարկել»։
Կարդացեք նաև
Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել անկլավների վերադարձի մասին, Լևոն Զուրաբյանը վտանգավոր է համարում․ «Շատ վտանգավոր եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին։ Դա նշանակում է, որ ինքը պատրաստ է, և նրանց պահանջն են, որ վերադարձնի երեք անկլավները՝ Տիգրանաշենն ու Տավուշի շրջանի անկլավները։ Դա շատ վտանգավոր զարգացում է, և հերթական անգամ Ադրբեջանի պահանջն է ցույց տալիս։ Այսօր մի լուծում կա․ պետք է փոխանակենք այդ տարածքները ադրբեջանական անկլավների հետ։ Իսկ մեր ռազմավարական ճանապարհների վրա են դրանք դրված, ու պարզվելու է, որ մեր կարևոր ռազմավարական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի տարածքային վերահսկողության տակ, ինչը վտանգավոր է։ Արծվաշենը ոչ մի խնդիր չի ներկայացնում Ադրբեջանի համար, ինքը կտրված մի կղզյակ է, որը ռազմավարական ճանապարհ կամ խնդիր չի բարդացնում Ադրբեջանի համար, հետևաբար այս անվստահության, կոնֆլիկտայնության պայմաններում, եթե մենք գնանք փոխանակման, դա էապես խփելու է ՀՀ անվտանգությանը և ռազմավարական շահերին։ Երկու հնարավոր լուծում եմ տեսնում․ մեկն ուղղակի անկլավները փոխանակելն է կամ այդ հարցը հետաձգել շատ երկարաժամկետ առումով և զբաղվել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներով։ Հետո, երբ համարենք, որ վստահությունը լիակատար կառուցված է, կարող ենք անդրադառնալ այդ հարցին։ Այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, հերթական հարվածն է ՀՀ անվտանգությանը։»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































