Այսօր վաղ առավոտից Մայր Աթոռում միաբանների ժողով է հրավիրվել, քննարկվելու է նաև ուրացող եպիսկոպոսների կարգալուծության հարցը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը:
Նրա խոսքով՝ 56 եպիսկոպոսներից ընդամենը 8 եպիսկոպոս է երեկ գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման՝ այդ կերպ իրենց հավատարմությունը հայտնելու ընդդեմ Մայր Աթոռի շարժման:
Հոխիկյանը պատմեց, որ երեկ երեկոյան իրենք Մայր Աթոռում միաբանների հետ են հանդիպել. «Փաստացի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձում է ներսից քանդել եկեղեցին, գտնել այնպիսի մարդկանց, որոնք ունեն խոցելի տեղեր՝ անձնական կյանք եւ այլն: Չի բացառվում, որ էլի կլինեն եպիսկոպոսներ, որոնք իրենց հավատարմությունը կհայտնեն Փաշինյանին՝ ընդդեմ վեհափառի»:
Ինչ է այսօր սպասվում, ըստ Հոխիկյանի՝ հնարավոր է՝ ուրացյալները ընդհանուր հայտարարություն անեն ընդդեմ վեհափառի, փորձեն ներքին հեղափոխություն անել. «Վտանգ կա, որ փորձ է արվելու վեհափառին մեկուսացնել, կալանավորել»:
Կարդացեք նաև
Հոխիկյանի խոսքով, ոչ թե կաթողիկոսի անձի հարցն է, այլ խնդիրը ՀԱԵ համակարգն է, որի քանդվելու պարագայում ևս մեկ ազգային կառույց է քանդվելու. «Վստահ եմ՝ բոլոր հոգևորականները ունեն խոցելի տեղեր, մենք բոլորս մեղավոր ենք, կատարյալ է միայն Աստված: Բայց ինչպես Բագրատ սրբազանն էր ասում՝ քարը սուրբ է այնքան ժամանակ, քանի դեռ եկեղեցու վրա է, երբ հանում ես այդ քարը, գցում գետնին, դառնում է սովորական քարի կտոր: Եկեղեցու քարերը պահպանենք եկեղեցու վրա: Փաշինյանը փորձում է քարերը հատ առ հատ հանել, իսկ քարերն առանձին դառնում են ոչ մի բան, սա դրսից հրահրված նախաձեռնություն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































