Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեմակալ առաջնորդին աշխատանքային հարաբերությունների շրջանակում դիտարկելը մեծագույն իրավական մառազմ է»․ Վարազդատ Հարությունյան

Փետրվար 02,2026 16:35 Share

«Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է Եկեղեցուն՝ «ես ձեր հախից գալու եմ»․ այդ շրջանակներում դատարանը վարույթ է ընդունում, հայցի ապահովում է կիրառում, քրեական գործեր են հարուցվում, դրանցով խափանման միջոցներ են կիրառվում։ Ի՞նչ է, այդպես զուգադիպությո՞ւն է, պատճառահետեւանքային կապը հատուկ պիտի շեշտե՞նք, որ մարդիկ հասկանան՝ այս ամենն ուղիղ պատճառահետեւանքային կապի մեջ է։ Մարդիկ լավ էլ հասկանում են, չհասկանալու խնդիր չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստից հետո, ճեպազրույցում արած հայտարարությանը, որին էլ հաջորդեց Բարձրագույն հոգեւոր խորհրդի անդամների նկատմամբ քրեական գործի հարուցումը, խորհրդի անդամների նկատմամբ երկրից չբացակայելու խափանման միջոցների կիրառումը։

«Իմիջիայլոց, էդտեղ մենք արդեն իրավական արձանագրումներ ունեք եւ պետության մեջ բոլորը պարտավոր են հաշվի նստել իրավական արձանագրումների հետ՝ անկախ նրանից՝ որտե՞ղ են աշխատում․ վարչապետ են, կառավարության շենքում են աշխատում, թե՞ որեւէ այլ տեղ՝ ներառյալ դուք, ներառյալ այն մարդիկ, ում անունը տալիս եք»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀԱԵ Մասյացոտնի թեմի պաշտոնանկ եւ կարգալույծ արված առաջնորդին, որի դիմումով դատարանը նրան ժամանակավորապես վերականգնել է թեմակալ առաջնորդի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Թեմակալ առաջնորդին աշխատանքային հարաբերությունների շրջանակում դիտարկելը մեծագույն իրավական մառազմ է»,- ասում է Վարազդատ Հարությունյանը՝ ավելի զավեշտալի օրինակ բերելով․ «Այսինքն, եթե դատարանն ասում է, որ ինքը կարող է հայցի ապահովում կիրառել եւ թույլ չտալ, որ թեմակալ առաջնորդին ազատես իր պաշտոնից, նշանակում է՝ նույն կերպ դատարանը քննի եւ լուծի ինչ-որ մեկի դիմումը Կաթողիկոսին, որ իրեն օծի եպիսկոպոս ու դատարանը լուրջ դեմքով այդ գործը քննի։ Ավելի մառազմատիկ իրավիճակ հնարավոր չէ պատկերացնել»։

Հարցը, ըստ իրավապաշտպանի, այս հայցի քննության շրջանակներում չի տեղավորվում, քանի որ կարգալույծ է արվում հոգեւոր կանոնները չպահպանելու պատճառով․ «Եպիսկոպոսն իրեն եպիսկոպոսի նման չի պահել, հոգեւոր, կանոնական կանոններ է խախտել, այդ կոչմանն էլ արժանի չէ, կարգալույծ է արվել։ Այդ հարցերի մեջ դատարանն ընդհանրապես չի կարող խառնվել, որովհետեւ հարցը ամբողջովին հոգեւոր կանոնակարգման դաշտում է։ Դատարանը չի կարող քննել նման հարցեր, քանի որ կանոնական իրավունքի չի տիրապետում եւ չպիտի էլ տիրապետի»։

Իրավապաշտպանն ասում է՝ պետությունը տեւական ժամանակ է՝ միջամտում «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպության ներքին գործերին։ ՀԱԵ-ն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ինքնուրույն սուբյեկտ է, միավոր, որն ունի իր կանոնադրությունը, իր ղեկավար կազմը․ «Երբ պետությունը սկսում է միջամտել, ասում է, օրինակ, ես չեմ ընդունում, որ այդ կազմակերպության գլուխը հանդիսացող կաթողիկոսը ինչ-որ թեմակալ առաջնորդի աշխատանքից ազատել է, դա ուղիղ միջամտություն է այդ սուբյեկտի ներքին գործերին, ինչը օրենքով արգելվում է։ Այդ չճանաչելուց, չընդունելուց անմիջապես հետո, երբ հայց է տալիս պաշտոնանկ արված թեմակալ առաջնորդը դատարան եւ դատարանը հայցի ապահովում է կիրառում՝ ասելով՝ հանկարծ չհանես իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից, դա էլ երկրորդ միջամտությունն է»։

Ինչեւէ, ըստ մեր զրուցակցի, եթե անգամ վերցնենք զուտ իրավական առումով եւ մի պահ ենթադրենք, որ հարցը հնարավոր է աշխատանքային իրավահարաբերությունների համատեքստում դիտարկել, դատարանը հայցի ապահովում է կիրառել՝ ասելով՝ մի ազատիր իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից, այնինչ, արդեն ազատված էր մարդը․ «Այսինքն, այդ հայցի ապահովումը կատարելու հնարավորություն գոյություն չուներ։ Տեղի ունեցածը՝ ազատված լինելը, իրավաբանական փաստ է եւ դատարանը չէր կարող հայցի ապահովում կիրառել՝ ասելով՝ վերականգնիր թեմակալ առաջնորդի պաշտոնին, մինչեւ ես գործը քննեմ։ Եթե նման բան աներ, կստացվեր, որ հայցի ապահովումը հայցի առարկայի հետ է համընկնում, ինչը քաղաքացիական դատավարության կարգով հնարավոր չէ։ Հիմա, որպեսզի այդ խնդիրը շրջանցեն, հայցի ապահովումն այսպես են կիրառել, որպեսզի զերծ մնան Արման Սարոյանին աշխատանքից ազատելու գործողություններից, այնինչ, ինքն արդեն աշխատանքից ազատված էր»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728