Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը
– Գործող իշխանությունը ՀԷՑ-ը բացահայտ ապօրինի եղանակով խլեց գործարարից․ սա ի՞նչ ազդակ պետք է լինի մյուս գործարարների համար, ՀԷՑ-ով կսահմանափակվի՞ իշխանությունը, թե՞ այս գործընթացն էլ շարունակություն կունենա։
– Մեր հանրությունը հրաշալի է հասկանում՝ Փաշինյանն այս ապօրինությունը կատարեց ոչ միայն ՀԷՑ-ը թուրքերին հանձնելու համար, այլ նաեւ ընդամենը մի քանի տասնյակ հազար ընտրող ունենալու հույսով։ ՀԷՑ-ում, իր նշանակած հակաօրինական անաստված գործիչը գրեթե ամբողջապես հեռացրեց մասնաճյուղերի տնօրեններին եւ նշանակեց անգրագետ, գործից անտեղյակ ՔՊ-ական կամակատարների։ Կարծում եմ նույնը կատարել է նաեւ տեղամասերի առումով։ Որպես հետեւանք, ՀԷՑ-ը վատ վիճակի մեջ կընկնի, բնականաբար կտուժենք մենք, ժողովուրդը։ Սակայն, սա կարող է չնչին նշանակություն ունենալ իրենց սպասվող ձայների առումով՝ ընտրություններում, որովհետեւ ատելությունը ՔՊ-ի նկատմամբ ահռելի է, համատարած է մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ, այդ թվում եւ իր հենարան ուժային կառույցներում։ Իսկ ՀԷՑ-ի խլումը գործարարից շատ ծանր եւ լուրջ հետեւանք կունենա, դա ազդակ է դառնալու այն գործարարների համար, որոնք կարող է իրենց մտքի մի անկյունում մտադրություն ունեին Հայաստանում ներդրում կատարելու, որպեսզի նրանք վերջնականապես մոռանան այդ մասին, քանի դեռ իշխանության գլխին սրանք են։
-Եթե 2026-ի ընտրություններում ՔՊ-ն պարտվի, ի՞նչ ճակատագրի պետք է արժանանան այդ կուսակցության ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
-ՔՊ-ն պետք է ճանաչել ահաբեկչական խմբավորում՝ հայ ազգի նկատմամբ իրականացրած հանցագործությունների համար, ինչպես նաեւ հակաժողովրդական, հակաժողովրդավարական, ապազգային, օտարին ծառայող խմբակ։ Սեփական ժողովրդի եւ պետության նկատմամբ իրականացրած հանցագործությունների համար, նախ, բոլորի նկատմամբ պետք է հարուցել քրեական գործեր եւ արգելել բոլորի ելքը Հայաստանից։
Որպես կուսակցություն պետք արգելվի ՔՊ-ի գործունեությունը, որից էլ բխում է, որ պետք է արգելվի հաջորդ ընտրություններին նրա մասնակցելը, իսկ կուսակցության վերնախավին եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվի որեւէ այլ կուսակցության միջոցով առնվազն տաս տարի մասնակցել համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ զբաղեցնել պետական պաշտոններ։
-Այդ պարագայում արդյո՞ք Անկարան եւ Բաքուն չեն սաստկացնի իրենց ճնշումները Հայաստանի վրա։ Անկարայի մասնակցությամբ արդյոք Բաքուն նոր ագրեսիա չի ձեռնարկի Հայաստանի դեմ։
-Հնարավոր է։ Սակայն դա հնարավոր է նաեւ այն դեպքում, երբ այլեւս Հայաստանը չբավարարի թուրքերի պահանջը, տարբեր դրսեւորումներով, կամ ստեղծվի այնպիսի իրավիճակ միջազգային առումով, որը նպաստավոր հանդիսանա թուրքերի համար իրականացնելու իրենց ծրագիրը, իսկ Հայաստանը չդիմակայի եւ հանձնվի։
Սակայն պետք է հաշվի առնենք հայ ժողովրդի կամքն ու կարողությունները։ Հայ ժողովուրդը միշտ թշնամուն հաղթել է փոքրաթիվ ուժերով։ Այնպես որ, թշնամին դեռ տեսնելու է Հայոց հաղթական բազկի ուժը։
Ուզում եմ այստեղ հիշեցնել մեր ապագա իշխանությանը կամ այն կառույցներին, որոնք միջազգային օրենքներով հնարավորություն ունեն միջազգային հարթակներում հարցեր առաջադրելու․ Ադրբեջան անունով տարածք այդ տարածաշրջանում չի եղել։ Ընդհուպ մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը այդ տարածաշրջանը հայտնի էր Բաքվի նահանգ, բնակեցված տարբեր ազգություններով, հիմնականում՝ հայերով եւ կովկասյան թաթարներով։ Այդ տարածքը հետագայում բոլշեւիկների կողմից անվանվեց Ադրբեջան, ի հակադրություն Պարսկաստանի, քանի որ Պարսկաստանում առկա է Ատրպատական նահանգը, որտեղ ժողովուրդը թուրքախոս է։ Այդպիսով, բոլշեւիկները հեռուն գնացող նկատառումներով՝ Պարսկաստանը մասնատելու նպատակով կովկասյան թաթարներին անվանեցին ադրբեջանցիներ, դրանով, իրենց խելքով նույնացրին միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող թուրքախոս պարսիկներին եւ կովկասյան թաթարներին։
Հայաստանը պետք է այլեւս այն անվանի Բաքվի խանություն, եւ նախաձեռնությամբ հանդես գա եւ վերացնի այդ անարդարությունը ու պատմության կեղծումը։ Պետք է Ադրբեջան անվանումով պետություն չճանաչի, իսկ ադրբեջանցի իրենց հորջորջողներին տեղեկացնել, որ այդպիսի ազգություն չի եղել եւ գոյություն չունի եւ վերականգնի նրանց անվանումը՝ կովկասյան թաթարներ, հետեւաբար, Հայաստանը այդ տարածքը՝ Քուռ գետից մինչեւ Կասպից ծով ճանաչում է որպես Բաքվի նահանգ՝ Պարսկաստանին պատկանելությամբ, որը ռուսական կայսրությունը այն գրավել էր Պարսկաստանից ընդամենը երկու հարյուր տարի առաջ։ Իսկ մինչեւ Քուռ գետը վերադարձվում է Հայաստանին, որպես նրա անբաժանելի մաս, եւ պատմականորեն եւ միջազգայնորեն ընդունված պայմանագրերով, եւ ամենակարեւորը՝ Պարսկաստանի հետ ունեցած դարավոր համակեցությամբ, եւ նրա կողմից ճանաչված սահմաններով։
Այսպիսով, Հայաստանը հարավից եւ արեւելքից սահմանակից է լինում Պարսկաստանին, որը ամրագրված է երկար դարերի պատմությամբ, եւ որպես հարեւաններ՝ համատեղ կեցությամբ։ Հայաստանը այս մասին պետք է տեղեկացնի միջազգային հանրությանը եւ առաջին հերթին ՄԱԿ-ին, որպես միավորված ազգերի կազմակերպություն եւ բոլոր միջպետական վիճելի հարցերը լուծող մարմին, ինչպես նաեւ միջազգային դատարան հայց ներկայացնի խնդիրը միջազգային իրավունքի սահմաններում լուծելու համար։
Այնպես որ, մտահոգվելու խնդիր չունենք, քանի որ Աստված մեզ օգնական է, երբ մեր պահանջները արդար են եւ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր իրավունքներն ու շահերը։ Աստված պահպանի մեր սուրբ Հայրենիքն ու պետությունը, եւ զորացնի Հայոց սուրբ Եկեղեցին, Աստծո օրհնությունն անպակաս լինի Իրեն եւ հայ ժողովրդին հավատարիմ ծառայող մեր հոգեւորականներից։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ


















































