«Ինձ հետաքրքիր է՝ եթե Նիկոլ Փաշինյանը օրով ու ամսաթվով գիտի, թե Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ինչպե՞ս է խոսում խաղաղության դարաշրջանից ։ Այդ երկուսը իրար չեն հակասո՞ւմ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն փոխվելը պայմանավորում է պատերազմ լինելու հետ ինչպե՞ս կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր բերած խաղաղության օրակարգը չկա, ոչ թե կեղծ է, այլ չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով երեկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարության մասին հարցին, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանում իշխանություն փոխվի, ապա ամենաուշը աշնանը Հայաստանում պատերազմ կսկսվի։
Քրիստինե Վարդանյանը հավելում է՝ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որը շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով եւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դա այլեւս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի անում, դա անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք՝ կա՞ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ, որը պայքարում է, որ գա իշխանության եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի, դա ինչպե՞ս կարող է լինել»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչ միայն պատերազմ է լինելու, այլ ԹՐԻՓՓ-ը չի լինելու, ԵՄ-ն հեռանալու է Հայաստանից եւ հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ կառույցներն աշխատում են ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական ուժի հետ, Քրիստինե Վարդանյանը հեգնանքով անդրադարձավ․ «Իսկ արեւը ծագելո՞ւ է արեւելքից եւ մայր մտնելո՞ւ է արեւմուտքում։ Սեւանը փայլփլելո՞ւ է, թե՞ այլեւս ցամաքելու։ Երեխաները ծիծաղելո՞ւ են երբեւէ այլեւս Փաշինյանից հետո, թե՞ ծիծաղը կտրվելու է երեխաների։ Ես հասկանում եմ, որ ՔՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ ծրագրին, տարածաշրջանային մյուս ծրագրերին եւ զարգացումներին, ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ տարածքում այնպիսի փոփոխություններ են, որ դեռ հարցական է՝ ո՞վ կլինի, ի՞նչ կլինի, ինչպիսի՞ իշխանություն կփոխվի եւ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կմնա՞ն, թե՞ ոչ։ Հարցը հենց դա է համարում, որ չէր կարելի գալ եւ ասել ժողովրդին, որ «ԱՄՆ մեկ նախագահի անունով մենք պրոեկտ ենք արել՝ դա հավերժ է, դա դարերի համար է»։ Քրիստինե Վարդանյանը խոստանում է՝ Նիկոլ Փաշինյանից հետո ոչ միայն կյանք լինելու է, այլ ավելի լավ կյանք է լինելու, ինչպես կար նրանից եւ ՔՊ-ից առաջ։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է՝ 2021-ի ընտրությունների ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը նույն խոսույթով էր խոսում, պատերազմի մասին նույն սպառնալիքներն էր հնչեցնում եւ հարցնում է․ «Դրանից հետո քանի՞ պատերազմ տեսավ մեր ժողովուրդը։ Էթնիկ զտում ենք տեսել»։
Ինչ վերաբերվում է ՔՊ-ից հնչող հայտարարություններին, թե «Հայաստան» դաշինքն անգամ խորհրդարան մտնելու շեմը հաղթահարելու դժվարություններ ունի, Քրիստինե Վարդանյանը խորհուրդ է տալիս կողմնորոշվել․ «Բա ինչո՞ւ են իրենց խոսույթի 90 տոկոսը մեզ նվիրում։ «Քաղաքական դիակների» դեմ այդքան խոսո՞ւմ են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































Հա, քաղդիակների մասին այդքան խոսում են, որ, ուրվական դարձաց, ասպարեզից դուրս գան` ի հակառակ քաղպայմանգրիստների դոկտրինայի, կա կյանք քաղաքական կրեսլաներից քամակը պոկելուց հետո:
Ուրվականներ, պոկվեք նիկոլից, որ մարդ վերա դառնաք: