Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Նա ոչ թե որպես հավատավոր հայ քրիստոնյա է այս գործընթացին մասնակցում, այլ օգտագործվում է վարչապետի պաշտոնը . Արթուր Դանիելյան

Դեկտեմբեր 07,2025 20:00

«Ինձ պետք չէ կաթողիկոս, ով կենթարկվի ինձ: Ինձ պետք է կաթողիկոս, ով չի ենթարկվի և ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտներին»,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ական պատգամավորները, սովորականի պես, երկրորդեցին նրան՝ պնդելով, թե երկրի ղեկավարի խոսքերը հիմնված են կոնկրետ տեղեկությունների վրա: Այս առնչությամբ հարցադրումներ են հնչում, որ եթե կա կասկած, որ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները կապ ունեն այս կամ այն հատուկ ծառայությունների հետ՝ ինչու չեն հետապնդվում հենց այդ մեղադրանքներով:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանն այս առնչությամբ նկատեց. «Եթե մարդուն մեղադրում են, որ նա գործակալ է և այլ երկրի շահերն է պաշտպանում, բնականաբար դա քրեական գործ հարուցելու հիմք է։ Եվ ես չեմ կարծում՝ իրենք այնպիսի վերաբերմունք ունեն այսօր մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու և նրա առաջնորդի նկատմամբ, որ միգուցե բացառություն անեին և այդ մասով զսպվածություն ցուցաբերեին։ Վստահաբար, ինչպես վերջին տարիների փորձն է ցույց տալիս՝ մարդկանց վարկաբեկելու համար տարբեր թեզեր կարող են առաջ բերվել առաջ… Սկզբում կարգում են մեղավոր, սրբապիղծ և այլն, և այլն, հետո փորձում են ինչ-որ իրար չկպնող տարբեր փաստեր կպցնել և վերջում ներկայացնել, թե իբր իրենք ճիշտ էին։ Հետևաբար՝ կարծում եմ, սա հերթական հայտարարությունն է, որը սկզբից կատարվել է միգուցե նաև էմոցիաների տրված լինելով, հետո փորձելու են ինչ-որ տարբեր՝ առնչություն չունեցող փաստերով սա ապացույց ներկայացնել»:

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն զբաղվում վարչապետի մասնակցությամբ պատարագներին կաթողիկոսի անունը չեզոքացնելու հարցով: Վարչապետն արդարացրել էր պետական պաշտոնյաների լիազորություններից դուրս այս գործողությունները. «Ես գնում եմ էն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել․ կախված է նրանից՝ ով, ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի»:

Նաեւ ապացույցներով հաստատվեց, որ ԱԱԾ-ն գաղտնալսել, հավաքագրել է տեղեկություններ հոգեւորականների մասին և զեկուցել վարչապետին։ Հարցադրմանը՝ արդյոք իրավական պետության մեջ այս ամենը չպիտի դառնար քննության առարկա՝ Արթուր Դանիելյանն արձագանքեց. «Հենց ձեր նշված երևույթները խոսում են նրա մասին, որ օրվա իշխանությունն իր ղեկավարի միջոցով ոչ թե որպես հավատավոր հայ քրիստոնյա է այս գործընթացին մասնակցում և, իրենց խոսքով, փորձում ապաքինել եկեղեցին, այլ հենց կոնկրետ վարչապետի պաշտոնը օգտագործվում է այդ նպատակին հասնելու համար։

Իսկ այն խոսույթը, որ ԱԱԾ աշխատակիցներ կարող են լինել, կարող են լինել ոստիկանության աշխատակիցներ, օգնական և այլն, կարծում եմ՝ միտում ունի մեր հասարակությանը ևս մեկ անգամ մոլորության մեջ մտցնելու, որպեսզի իրավական մշակույթը, իրավագիտակցությունը դեգրադացիա ապրի։ Այսինքն՝ սովորական քաղաքացին, որը չունի հետաքրքրվածություն ուսումնասիրելու իրավական ակտերը կամ իշխանությունների կարգավիճակը՝ իրենց տեսնեն որպես երկիրը միանձնյա կառավարող ուժ։ Դա կլինի իրենց իշխանությունը տարածելը օրենսդիր, դատական իշխանությունների վրա, թե այս պարագայում արդեն եկեղեցական իշխանության վրա։ Այսինքն՝ մարդկանց մոտ այս ամեն ինչի արդյունքում կարող է ձևավորվել տպավորություն, որ դե՛, երկրի վարչապետն է, ԱԱԾ-ն իրեն է ենթարկվում, բնական է, իր հունով ինքը իր աշխատանքը կատարում է։ Այսինքն՝ մարդկանց մոտ իրավագիտակցության նահանջ այստեղ կարող է լինել։ Ինձ թվում է՝ իրենք ունեն այդ միտումը, որպեսզի իրենց տեսնեն որպես բացարձակ իշխանություն ունեցող մարդիկ»:

Հաղորդումն ամբողջությամբ

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031