Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանը նկատի ունի Արցախի օրհներգը, այո՛, դա կարող է Վրթանես սրբազանը, որպես վտարանդի, եկեղեցու բակում հնչեցնի, հետո անցնի եկեղեցում բուն պատարագին. Տեր Վրթանես

Դեկտեմբեր 08,2025 15:09

«Կարծում եմ՝ դա Արցախի թեմի առաջնորդի ՝ Վրթանես սրբազանի առաջարկը կլինի, որ Արցախի օրհներգը երգվի: Վատ չէր լինի, որ Արցախի թեմի առաջնորդն ու Արցախի հոգեւոր դասը, որոնք վտարանդի վիճակում են, առավոտյան իրենց օրը սկսեն եկեղեցու բակում Արցախի օրհներգով, հետո նոր անցնեն եկեղեցում բուն պատարագի: Արցախի օրհներգը ճիշտ կլինի այս պարագայում, քանի որ Արցախը բռնազավթված է, հնարավորություն չկա Արցախի օրհներգը Արցախի պետական հիմնարկներում բարձրացնել: Իսկ Հայաստանի օրհներգը, փառք Աստծո, դեռեւս Հայաստանի հանրապետություն ունենք, թող պետական հիմնարկներում օրը պետական օրհներգով սկսեն, մենք դրան որեւէ կերպ դեմ չենք: Եթե Արցախի օրհներգի մասին էր Փաշինյանի գրառումը, լուրջ եմ ընդունում իր ասածները, իսկ եթե ոչ՝ ուրեմն հերթական անլուրջ հայտարարությունն է»,- Aravot.am-ին ասաց Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, թե Հայ Առաքելական եկեղեցիներում սուրբ եւ անմահ պատարագից առաջ արժե հնչեցնել ՀՀ պետական օրհներգը:

Փաշինյանն առաջարկել էր նաեւ քննարկման առարկա դարձնել ՀՀ տարածքում՝ եկեղեցիներում, մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը, ընդգծելով, որ աշխարհի մի շարք երկրներում դա ընդունված պրակտիկա է:

Անդրադառնալով այս առաջարկին՝ Տեր Վրթանեսն իր առաջարկությունն արեց. «Այո՛, Արցախի պետական հիմնարկների վրա կրկին պետք է Արցախի հանրապետության դրոշը բարձրացվի: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ խաղաղ ճանապարհով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական ճանապարհով Արցախի հանրապետության բոլոր պետական հիմնարկների վրա Արցախի դրոշը ծածանելու համար»:

Տեր Վրթանեսի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ինչ վերաբերում է Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում երեկ Փաշինյանի «շրջիկ» քահանայի մատուցած պատարագին նաեւ մի շարք թեմերի առաջնորդների մասնակցությանը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան, Գեւորգ սրբազան եւ այլն, Տեր Վրթանեսը հավելեց. «Ինձ ոչ այնքան իրենց այդտեղ հայտնվելն էր տհաճություն, որքան այն, որ իրենք իրենց թեմերի պատարագներին չկան: Շատ անգամ նույն այդ թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում իրենք իրենց թեմերում պատարագների չեն մասնակցում, չգիտեմ ինչու: Իրենց սրբազան եղբայրը՝ Միքայել սրբազանը, որ թեմում չէ ու իրենց հրավեր չի արել մասնակցելու իր թեմում պատարագի, առանց Միքայել սրբազանի հրավերքի իրավունք չունեին այդտեղ գալ ու պատարագի մասնակցել, այդ թվում՝ պատարագիչ քահանան: Առանց այդ թեմի առաջնորդի օրհնության իրավունք չունի պատարագ մատուցել այլ թեմում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031