Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի հատված է հրապարակել «իրական Հայաստանի» իր դասախոսությունից, որտեղ որպես հայկական ինքնության առաջին երեք նշաններ առանձնացնում է հայոց գրերը, Քրիստոնեությունը, Հայ առաքելական եկեղեցին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։ Ինչո՞ւ ենք մենք քրիստոնյա, որովհետև Տրդատ մեծ թագավորը առավոտյան վերկացել է և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք, ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու չկա։
Հաջորդը, ինչու և ինչպես են ստեղծվել հայոց գրերը, Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը ո՞ւր են գնացել այդ հարցի լուծման համար, ո՞ւմ են դիմել։ Դիմել են Վռամշապուհ արքային, ասել են՝ թագավորն ապրած կենա, այն, որ դուք 100 տարի առաջ որոշմամբ Քրիստոնեություն եք ընդունել, մեր վրա էլ դրել եք պարտականություն, որ մենք Քրիստոնեությունը տարածենք, մի դար անցել է, բայց մեր բնակչության մեծամասնությունը շարունակում է մնալ հեթանոս, չի մտնում Քրիստոնեությունը մարդկանց մեջ։ Ինչո՞ւ, որովհետև հնարավորություն, գործիք չունենք մարդկանց հաղորդակից դարձնելու քրիստոնեության հետ, որովհետև առանց Աստվածաշնչի թարգմանության, հայերեն Աստվածաշնչի հնարավոր չի տարածել Քրիստոնեությունը։
Եվ Վռամշապուհ արքան է ասել՝ գիտեք ինչ, մի հատ Դանիել Ասորի կա, որը ինձ ասել է, որ ինքը ունի հայերեն նշանագրերը, գնացեք այդ նշանագրերը բերեք։ Գնացել են, բերել են Դանիելի գրերը, հետո պարզվել է, որ լեզուն զարգացել է և այդ տառերը չեն արտահայտում հայերենը։ Դրանից հետո Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը ձևավորվել է : Վռամշապուհ արքան անձամբ է դուրս եկել թափորի գլխավորությամբ Մեսրոպ Մաշտոցին դիմավորելու, երբ որ նա վերադառնում էր առաքելությունը կատարած։
Կարդացեք նաև
Այս դրվագը ևս մի ապացույց է, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը պետական առաքելություն էր։ Ի դեպ, Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դառնալուց առաջ պետական պաշտոնյա էր, ինքը կրոնավոր դարձել է, ըստ ամենայնի, կրթական համակարգում աշխատանքի անցնելու համար, որովհետև այն ժամանակ կրթվելու ուրիշ տեղ, քան եկեղեցին, չկար»:
Նա նաեւ նշել է. «Ինչո՞ւ է Մայր աթոռը Էջմիածնում։ Մի պատճառն այն է, որ միածինը իջել է այդտեղ, բայց ինչու է այդտեղ իջել, որովհետև ինքը իջել է մայրաքաղաքում, պետության մայրաքաղաքը եղել է Վաղարշապատը։
Հետևաբար սա է պատճառը, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է՝ մեր պետությունը մեր ինքնությունն է։ Բայց որպեսզի հանկարծ որևէ հարց չծագի այս թեզի հետ կապված, հարց է առաջանում՝ 301 թվից առաջ մենք հայ եղել ենք, թե չենք եղել, մենք հայ կոչվել ենք, թե չենք կոչվել։
Բնականաբար կոչվել ենք, բա Քրիստոնեությունն էլ չի եղել, տառերն էլ չեն եղել, Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ չի եղել, բա ո՞նց է, որ մենք հայ ենք կոչվել։ Մենք հայ ենք կոչվել մեր պետության քաղաքացիների, մեր թագավորների հայ լինելու պատճառով, մեր երկրի Հայաստան լինելու պատճառով, որովհետև դրանից 300 տարի առաջ էլ ենք մենք հայ եղել, 400 տարի առաջ էլ ենք մենք հայ եղել, 500 տարի առաջ էլ։
Հետևաբար` մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունը»:


















































