Այս պահին Եռաբլուրում տասնյակ քաղաքացիներ իրականացնում են մոմավառություն։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և «Կամավորական շարժում» ՀԿ-ի հետ համատեղ՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների ոգեկոչման և անմար հիշատակի համար կազմակերպված ավանդական մոմավառությանը մասնակցում են նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։
Գառնիկ Դանիելյանը նշեց՝ պետք է շատ խոսենք, պատմենք մեր հերոսների մասին․ «Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղ ենք, պետություն ու պետականություն ունենք, կարևոր է, որ ամեն օր հիշենք, իրենց հերոսությունների մասին խոսենք, մատաղ սերնդին դաստիարակենք նրանց հերոսություններով»։
Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ նաև ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն են ՀՀ եկել Ֆրանսիայից և մարզաբնակ զոհված հերոսների ընտանիքների երեխաներին ամանորյա նվերներ են բաժանում․ «Պարտավոր ենք հերոսների ընտանիքներին նեցուկ կանգնել, աջակցել»։ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ այսօր այցելել է նաև անազատության մեջ գտնվող սրբազաններին։
Կարդացեք նաև
Խոսելով 2026-ից ակնկալիքների մասին՝ Գառնիկ Դանիելյանը հույս հայտնեց, որ 2026-ին կփակվի ամոթի էջը․ «Հույս ունենք, որ այդ ամոթի էջը կշրջվի, ու սրբազանները, հերոս նահատակների ծնողները, մեր քաղբանտարկյալները ազատության մեջ կլինեն։ Այս օրերին էլի ականատես ենք լինում քաղբանտարկությունների։
Այդ ընտանիքների անդամների ապրումները․ երեկ տեսա Խաչիկ Գալստյանի մանկահասակ երեխայի արցունքները, չէի ուզի, որ մեր ընկերների քաղաքական հայացքների համար տուժեն նրանց ընտանիքները։ Մեր աղոթքները հղենք Բաքվում գտնվող մեր պատանդառված հայրենակիցների համար։ Թող 2026-ը իրապես լինի ուրախության, ձեռքբերումների, առանց քաղբանտարկյալների, առանց Բաքվում գտնվող պատանդառված անձանց տարի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































