Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող «դատավարության» տարելիցի կապակցությամբ այսօր տեղի է ունեցել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նաև հետևյալ փաստերը.
2025թ. հունվարի 17-ին՝ ուղիղ մեկ տարի առաջ, Բաքվի ռազմական դատարանում սկսվեց ապօրինի պահվող 16 հայ գերիների և քաղբանտարկյալների «դատավարությունը»:
Այս ընթացքում իրականցվել են երկու զուգահեռ «դատավարություններ». Արցախի յոթ գործիչների՝ ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի և ևս ութ գերիների, այսպես կոչված «15-ի գործը» քննվում է առանձին, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանինը՝ առանձին: Հենց առաջին նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդել էր իր գործը քննել մյուսների հետ միասնական վարույթով՝ հաշվի առնելով մեղադրանքների գրեթե նույնականությունը: Դատարանը, սակայն, մերժել էր այդ և նրա մյուս միջնորդությունները:
Այս «դատավարությունները» չեն կարող լեգիտիմ համարվել, քանի որ իրականցվում են արդար դատաքննության երաշխիքների կոպտագույն խախտումներով: Առաջադրված մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և խորապես աղավաղում են իրավական հիմնարար սկզբունքները։
Կարդացեք նաև
Թեև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին «բաց դատավարությունների» մասին, դրանց մասնակցում է միայն պետական «Ազերթաջ» լրատվամիջոցը: Միջազգային բոլոր անկախ դիտորդների դիմումները՝ ներկա գտնվելու դատավարությանը, մերժվել կամ անտեսվել են: Ադրբեջանի դատախազությունը թույլ չի տվել անգամ Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան Ջարեդ Գենսերի մուտքը երկիր՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը դեռ 2024 թ. դեկտեմբերի 16-ին հայտարարել էր , որ Վարդանյանի նկատմամբ շուրջ 42 մեղադրանք է առաջադրվել: Շինծու ապացույցները ներկայացվել են 422 հատորով, կազմել են 105,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներենով: Դրանց ծանոթանալու համար չի ապահովվել ո՛չ պատշաճ թարգմանություն, ո՛չ էլ ժամանակ:
Արցախցի մյուս գործիչներին ևս գրեթե նույն քանակի և նույնաբովանդակ մեղադրանքներ են առաջադրվել: Վարդանյանի գործով հավելյալ մանրամասները պայմանավորված են նրանով, որ մինչև 2025թ. հոկտեմբերը նա ուներ ընտանիքի կողմից ներգրավված մասնավոր փաստաբան՝ Աբրահամ Բերմանը, իսկ մյուսների շահերը ներկայացնում են պետության կողմից նշանակված հանրային պաշտպանները:
2025թ. հունվարի 16-ին՝ դատական նիստերի մեկնարկի նախօրեին, Ռուբեն Վարդանյանին հաջողվել է ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել ՝ հայտարարելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ինքը ոչ մի ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իսկ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
2025թ. հունվարի 17-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արձագանքել էր այդ հայտարարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ապահովել արդար դատաքննության իրավունքը:
2025թ. հունվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը Բաքվում ապօրինի պահվելու ընթացքում հայտարարել է երկրորդ հացադուլը՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով դատական ֆարսի նկատմամբ. «Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»:
2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջելով նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։
2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպություններն էր, որը հնարավորություն ուներ այցելել Բաքվում պահվող հայ գերիներին:
2025թ. հոկտեմբերի 22-ին Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցեց պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ: «Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին»:
2025թ. նոյեմբերի 13-ի նիստում դատախազը ցմահ ազատազրկում պահանջեց Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և Լևոն Մնացականյանի համար: Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում նա առաջարկել է 20 տարվա ազատազրկում՝ նրանց 65 տարին լրացած լինելու կապակցությամբ: Մյուս հայ գերիներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Հետագա նիստերի ընթացքում արցախցի գործիչներն ու մյուս գերիները հանդես են եկել եզրափակիչ խոսքերով՝ նշելով, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և ներկայացնել են իրենց հակափաստարկները։
2025թ. դեկտեմբերի 18-ին մեղադրողը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման դատապարտել: Երբևէ զինվորական գործունեությամբ չզբաղված, բայց ռազմական դատարանում դատվող Ռուբեն Վարդանյանին նաև վերագրվում են արարքներ, որոնք անգամ ժամանակային առումով նա չէր կարող կատարել: Նրա գործով դեկտեմբերի 26-ին նշանակված նիստը չի կայացել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, փաստաբանի վատառողջ լինելու պատճառով, իսկ դեկտեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվել է այն պատճառաբանությամբ, թե մյուս գործով դատական կազմը գտնում է խորհրդակցական սենյակում: Հաջորդ նիստի ժամկետը հայտնի չէ:
2025թ. դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 15 քաղբանտարկյալների ու գերիների գործով վերջին նիստը, որից հետո դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատավճիռը կհրապարակվի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:
***
«Դատավարության» մեկ տարվա ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել հայ գերիների «հանցագործությունների» մասին: Մեղադրանքը նրանց հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք: Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Մեղադրական եզրակացություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքին, որը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Ըստ էության, հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում:
FREE ARMENIAN PRISONERS ԹԻՄ


















































