Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի գաղտնի մեխանիզմներով և ընթացակարգերով են այսօր Հայաստանում նշանակվում դպրոցների տնօրենները». Արտակ Քյուրումյան

Հունվար 29,2026 21:12

Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը գրում է.

«Բոլոր նրանց, ում հետաքրքրում է, թե ինչպես են Հայաստանում դպրոցի տնօրեն նշանակում։

Հատկապես հրավիրում եմ նախկինում կրթության ոլորտի կառավարման համակարգն ուսումնասիրած և տեղեկատվության ազատության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ուշադրությունը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան – Transparency International Armenia (Sona Ayvazyan)
Asparez Journalists Club (Լևոն Բարսեղյան), Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center (Շուշան Դոյդոյան) 2026թ. հունվարի 22-ին 4 հարցում էի ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Ժաննա Անդրեասյան)։

1․ Դպրոցների տնօրենների նշանակման վերաբերյալ որոշումները կայացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը։ Մասնագիտական հանձնաժողովի կազմի վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ։ Խնդրել էի տրամադրել մասնագիտական հանձնաժողովի ձևավորման և դրա կազմի փոփոխության վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանների պատճենները։ Հանրությունը չգիտի, թե ովքե՞ր, ի՞նչ մասնագետներ են կայացնում դպրոցի տնօրենի ընտրության հետ կապված որոշումները։

2․ ԿԳՄՍՆ կայքում առկա չէ մասնագիտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ որևէ տեղեկատվություն։ Հիշեցնում եմ, որ սա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում առանցքային դերակատարություն ունեցող կառույց է։ Հանրությունը չգիտի, թե որ թեկնածուն մասնագիտական հանձնաժողովից ստացավ դրական եզրակացություն և կարող է դառնալ դպրոցի տնօրեն։ Խնդրել էի տրամադրել մասնագիտական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները։

3․ ՀՀ կառավարության որոշման համաձայն դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդի մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ հանդիպումների արձանագրությունները պետք է հրապարակվեն դպրոցի ինտերնետային կայքւոմ և ներկայացվեն ԿԳՄՍՆ։ Դպրոցների կայքերում այդ արձանագրությունները հասանելի չեն (երբեմն հասանելի է միայն վերջին արձանագրությունը)։ ԿԳՄՍՆ-ին խնդրել էի տրամադրել վերը նշված արձանագրությունների պատճենները։

4․ Հավակնորդի ներկայացրած դպրոցի ծրագիրը պետք է ստուգվի համակարգչային հատուկ ծրագրի միջոցով, որպեսզի բացահայտվի, թե ծրագրի որ մասն է արտագրված կամ գրված արհեստական բանականության կողմից։ Եթե ծրագրի 30% կամ դրանից ավելին արտագրված է կամ գրված է արհեստական բանականության կողմից, այդ հավակնորդը հանվում է մրցույթից։ Խնդրել էի տրամադրել համակարգչային ծրագրի ստուգումների արդյունքները և ներկայացնել ստուգման ընթացակարգը (ով է իրականացնում ստուգումը, ինչ հսկողություն կա, ինչպես են արձանագրվում ստուգման արդյունքները, որտեղ և որքան ժամանակ են պահվում ստուգման արդյունքները և այլն)։ Իմ ուղարկած հարցումների պատճեները տեղադրում եմ մեկնաբանություններում։

ԿԳՄՍՆ-ն որոշել է մեկ գրությամբ պատասխանել իմ ուղարկած բոլոր գրություններին և պահանջվող տեղեկատվությունից ոչինչ չի տրամադրել։ ԿԳՄՍՆ-ն մի քանի պարբերությամբ ներկայացրել է 2023թ փետրվարի 9-ի №181-Ն որոշումը։ Ուղարկածս հարցումները վկայում են, որ ես լավ ծանոթ եմ այդ որոշման պահանջներին։ Եթե որևէ մեկը ծանոթ չէ, կարող է ծանոթանալ։ Դրա համար ԿԳՄՍՆ կարիքը չկա։ ՀՀ օրենքները և ենթաօրենսդրական ակտերը հիմնականում հասանելի են www.arlis.am կայքում։

ԿԳՄՍՆ-ն որոշել է, որ «մասնագիտական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները վերաբերում են հանձնաժողովի աշխատանքներին և հրապարակման ենթակա չեն»։

Կրկնեմ, եթե մասնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա վերադաս մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, Երևանի քաղաքապետը կամ մարզպետներն այդ թեկնածուին նշանակում են դպրոցի տնօրեն։ Եթե դրական եզրակացություն ստանում է մի քանի թեկնածու, ապա վերադասն է որոշում, թե որ մեկին նշանակի տնօրեն։

ԿԳՄՍՆ համաձայն ստացվում է, որ մասնագիտական հանձնաժողովը գաղտնի կառույց է և հանրությունը չի կարող իմանալ, թե որ օրերին է այն նիստեր գումարում և ինչ որոշումներ է կայացնում։

Այսպիսի գաղտնի մեխանիզմներով և ընթացակարգերով են այսօր Հայաստանում նշանակվում դպրոցների տնօրենները։

Հաջորդ անգամ, երբ միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկելիս լինեք ՀՀ կառավարության գործունեության թափանցիկության հետ կապված հարցեր, հիշեք այս մասին։ SIGMA-ի 100 հնարավորից տված 26 միավորն է նույնիսկ շատ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031