Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

«Տմարդի որոշումով Սուրեն Պապիկյանը փորձ է արել վրեժ լուծել աղանդավորական շարժմանը չմիացած գնդերեցներից»․ Գեղամ Մանուկյան

Փետրվար 01,2026 10:30

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը, որով ՀՀ ԶՈւ-ում լուծարվում է գնդերեցների գունդը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի բնութագրմամբ, ամբողջությամբ տեղավորվում է գործող իշխանության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող վայրագ, անօրինական եւ բազմաթիվ բռնություններով լեցուն քաղաքականության շրջագծում։

Միաժամանակ, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի, կոնկրետ այս քայլում շատ ակնառու է մեկ այլ փաստ․ «Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր կան, որ գնդերեցներին ևս ստիպում էին դուրս գալ հոգեւոր տիրոջ՝ Գարեգին Սրբազանի դեմ՝ միանալով տիրադավ եպիսկոպոսների արշավին։ Գնդերեցները, ինչպես հայրենիքի պաշտպանության ժամանակ՝ զինվորների հետ հայրենիքի պաշտպանությանն են մասնակցել եւ չեն լքել խրամատը, այս դեպքում էլ որեւէ կերպ չեն ընկրկել։ Եվ այսպես՝ տմարդի որոշումով, Սուրեն Պապիկյանը փորձ է արել վրեժ լուծել այդ աղանդավորական շարժմանը չմիացած գնդերեցներից։ Այն չքմեղանքը, թե այլ կանոնակարգում են առաջարկել գնդերեցներին, ուղղակի նրանց բոլոր իրավունքների սահմանափակում եւ ոտնահարում էր։ Այդ կանոնակարգումներով, հրամանատարների անմիջական հրամանով գնդերեցները ուղղակի պարտավոր էին լինելու դեմ դուրս գալ Վեհափառին, հակառակ դեպքում կհամարվեին զինվորական կարգազանցներ։ Բնականաբար, որեւէ գնդերեց այսօր պատրաստ չի լինելու ծառայություն մատուցել զինված ուժերում՝ նման ստորացուցիչ պայմաններում»։

Հիշեցնենք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրամանագիր է ստորագրել՝ գնդերեցների գունդը լուծարելու մասին։ Հիշեցնենք նաեւ, որ այս գնդի ստեղծման համար ՊՆ-ի եւ ՀԱԵ միջեւ ստորագրված փաստաթղթում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունն է։ Նա այժմ ՀԱԵ դեմ դուրս եկած եւ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների շարքում է։

ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ. 1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր: Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար:

Գեղամ Մանուկյանի մեկնաբանությամբ, իր այս քայլով, փաստորեն, Սուրեն Պապիկյանը ջնջում է մեր երկրի, ՀՀ ԶՈՒ մի ամբողջ էջ։ Նա հիշում է, որ գնդերեցների ինստիտուտի ներդրումը ՀՀ զինված ուժերում, նպատակ ուներ կանխել երկրում, նաեւ զինված ուժերում տարածված աղանդավորական շարժումների բացասական ազդեցությունը, ինչը դրական արդյունք տվեց։

Գեղամ Մանուկյանը նաեւ հավելում է՝ Սուրեն Պապիկյան որոշումը խախտում է ՀՀ մի շարք օրենքներ, այն հակաիրավականության լուրջ հիմքեր ունի։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728