Փետրվարի 10-ին Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարության վերջին նիստը։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։ Պաշտպանության ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովը այն չի ներկայացրել Վարդանյանի խնդրանքով։ Բաբիշովը հայտարարել է, որ իրենք կտրականապես համաձայն չեն առաջադրված մեղադրանքների հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուբեն Վարդանյանը իր եզրափակիչ խոսքում անդրադարձել է ընդհանուր հարցերի։ Լրատվամիջոցների հրապարակումներում Վարդանյանի խոսքից շեշտվել է միայն այն դրվագը, որտեղ Արցախի նախկին պետնախարարը նշել է, որ ավելի քան երկու տարվա կալանքի ընթացքում բացահայտել է ադրբեջանական պոեզիան։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։
Կարդացեք նաև


















































