«Ազգի» նախորդ համարում «Դիվանագիտական ցուցում՝ Նախիջեւան բառի էթնիկ շեշտադրման վտանգը» վերնագրյալ մեր հոդվածը շարունակում ենք՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւին ուղղված՝ գերմանական ZDF երկրորդ հեռուստաալիքի թղթակցի հարցով: Մարտի 7-ին ZDF-ի թղթակից Սեբաստիան Էհմը (Sebastian Ehm) X-ում հարցրել էր՝ «Ես էլ եմ մինչեւ հիմա Նախիջեւան ասել: Այդպես է արձանագրված առցանց աղբյուրների մեծ մասում: Երբվանի՞ց է միայն Նախչեւան ձեւը կիրառվում»: Աղաեւը պատասխանել էր՝ «Խնդրում եմ հարգեք Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական գրելաձեւը՝ իր աշխարհագրական անվանումների վերաբերյալ: Դուք էլ Kyjiw եւ Lwiw ձեւերն եք գործածում, ոչ թե Kiew կամ Lwow»: «Սիրով կանեմ, բայց իմ հարցն այն էր, թե երբվանի՞ց է այդպես Nachtschiwan ասվում : Սա նո՞ր կիրառություն է, թե՞ պարզապես մինչ այժմ անտեսվել է», լրագրողը նորից էր հստակեցում ակնակալում Աղաեւից: Վերջինս կտրուկ էր՝«Միշտ այդպես է եղել: Նախչիվան տեղանունը (գերմաներեն գրությամբ՝ Nachtschiwan, անգլերեն՝ Nakhchivan) ամրագրված է նաեւ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության մեջ»:
Նույն հարթակում այլ օգտատերեր Աղաեւին հիշեցրել էին, թե «Nakhijevan է իրականում, հայերեն բառ է՝ հատուկ նշանակությամբ, թուրքերեն տարօրինակ հնչող բառ է, որեւէ բան չի նշանակում» կամ՝ «Հայաստանի հնամենի տեղավայր է», բազմաթիվ նմանաբովանդակ գրառումներ, որոնք Բաքվի դեսպանն անպատասխան էր թողել:
2024-ին Նախիջեւանի մասին գերմանալեզու մամուլում տպված երկրորդ հիշարժան հոդվածը շվեյցարական «Ռեփուբլիկ»-ի դեկտեմբերի 27-ի լուսանկարներով հագեցած ռեպորտաժն է: Բեռլինաբնակ լուսանկարիչ Մարիո Հելլերը (Mario Heller) պատմում է տարածքի մեկուսացման մեջ գտնվող բնակիչների, իրենց ապագան Թուրքիայում որոնելու, Ալիեւի վերահսկողության աճի, Նախիջեւանի հրաշք բնության մասին: Խիստ հսկողությամբ եւ կամայական ձերբակալություններով Նախիջեւանին վաղուց ի վեր բնութագրող անուն է տրվել՝ «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա»: Սակայն այստեղ եկողները կգտնեն մի վայր, որը լի է պատմությամբ, հիասքանչ բնապատկերներով, հույսի ու անորոշության, մեկուսացման մեջ ապրող մարդկանցով, գրում է Հելլերը:
«Այնուամենայնիվ, Նախիջեւանը, որը հայտնի է որպես «Նոյի երկիր», աշխարհի ամենահին անընդհատ բնակեցված տարածքներից մեկն է: Հնագետներն այստեղ հայտնաբերել են քարե հուշարձաններ, որոնք հարյուր հազարավոր տարեկան են: Ավանդույթի համաձայն, Նոյի տապանը մոտեցել է վեհաշուք Իլանդաղ լեռանը՝ (Օձասար, Վիշապասար), կազմելով դրա երկմասը:
Կարդացեք նաև
Միջնադարում տարածքը խիտ բնակեցված էր հայերով, մի փաստ, որն այժմ հերքում է Ադրբեջանի կենտրոնական կառավարությունը», – շվեյցարական թերթում արձանագրել էր բեռլինաբնակ լուսանկարիչը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































