«Առավոտի» զրուցակիցն է «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
-Ադրբեջանում շինծու դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն հայ ռազմագերիներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որեւէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը, այս դեպքում ի՞նչ միջազգային իրավական եւ մարդասիրական նորմերի խախտման հետ գործ ունենք եւ ինչպե՞ս պետք է իրականացվի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը։
-Այո, թեեւ կան նաեւ դատական ակտերի բողոքարկման ժամկետներ եւ ներպետական մարմինները պարտավոր են սեղմ ժամկետներում դատավճիռները տալ հասցեատերերին, սակայն որեւէ հայի այս պահին չի տրամադրվել որեւէ լեզվով իրենց առնչությամբ կայացված կեղծ դատավճիռները։ Առանձին դեպքերում տեղեկություն ունենք, որ հանրային պաշտպանները եւս պնդում են՝ դատավճիռներն ամբողջությամբ չեն ստացել։ Ունենք եզակի դեպք, երբ անձին տրամադրել են դատավճռի քաղվածքը, որը շատ սեղմ նկարագրություն է պարունակում պատժի եւ արարքի վերաբերյալ եւ այնտեղ բացակայում է դատարանի պատճառաբանությունը արարքի եւ մեղքի հիմնավորման վերաբերյալ։ Այստեղ մենք միտումնավոր գործելակերպ ենք տեսնում, եւ սա հանգեցնում է միջազգային կոնվենցիաներով երաշխավորված այլ իրավունքի խախտման, մասնավորապես կա ոչ թե բողոքի, այլ արդյունավետ բողոք ներկայացնելու իրավունքը, ինչը պահանջում է դատական ակտի տրամադրում հասցեատիրոջը։ Առանց դատական ակտի բովանդակության հնարավոր չէ արդյունավետ կերպով այն բողոքարկել ներպետական եւ միջազգային ատյաններում։ Քանի որ Ադրբեջանի իշխանությանը հայտնի է, որ այս ապօրինի դատավարությունները կարող են նաեւ միջազգային դատական վեճերի առարկա դառնալ, նրանք խոչընդոտում են միջազգային գանգատ ներկայացնելու իրավունքի իրացմանը՝ չտրամադրելով դատավճիռները։ Եթե այս խախտումը շարունակական բնույթ կրի, բոլոր դեպքերում կա միջազգային դատական պաշտպանության հնարավորություն, սակայն պետք է նաեւ հավելյալ վիճարկել գանգատ ներկայացնելու իրավունքի խոչընդոտման հարցը, ինչը պետք է հանգեցնի հավելյալ նոր իրավունքի խախտման արձանագրման միջազգային ատյաններում։
-Իլհամ Ալիեւը France 24-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հակամարտությունն արդեն ավարտված է եւ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Այն պարագայում, եթե Ալիեւի խոսքով՝ խաղաղություն է հաստատված, որպես արդյունք չպե՞տք է լինի նաեւ հայ ռազմագերիների՝ Հայաստան վերադարձը։
Կարդացեք նաև
-Խաղաղության մասով հստակ է այն բանաձեւը, որ մարդկային տառապանքներ պատճառող պետության միտումնավոր քաղաքականության պարագայում խաղաղության բոլոր թեզերը հերքվում են, եւ խաղաղություն հաստատելու միակ՝ կարճ ու մնայուն ձեւը մարդասիրական խնդիրների հրատապ լուծումն է։ Մարդասիրական խնդիրները նաեւ վստահություն վերականգնող միջոցներ են, եւ դրանց լուծումը նաեւ բացահայտում է իշխանությունների բարոյական կերպարը։ Կարծում եմ՝ նաեւ հայ հասարակության, միջազգային հանրության համար խաղաղության հաստատվածության մեկ ցուցիչ կա. գերիների վերադարձի լուծումն է, անհետ կորածների, բռնի անհետացածների ճակատագրի պարզումն է, ինչու ոչ այլ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների լուծումը, որտեղ պետք չէ անտեսել նաեւ վերադարձի խնդիրը։ Սակայն առաջնահերթ լուծում պահանջում է հենց գերիների վերադարձը, քանի որ նրանց՝ փակ հաստատությունում գտնվելը, արտաքին աշխարհից մեկուսի գտնվելը հանգեցնում է կյանքը ու առողջությունը վտանգող իրավիճակների։
-Նույն հարցազրույցում Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ներման հարց չկա օրակարգում», սա նշանակում է, որ Ալիեւը կանաչ լո՞ւյս է ստացել միջազգային հանրության կողմից նման հայտարարություն անելու համար, արդյոք սա չի՞ բարդացնում իրավական ընթացակարգով հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցը։
-Ալիեւի հայտարարությունը ցուցադրում է, որ գերիների խնդիրն այս փուլում դեռեւս լուծում չի ստանում հենց քաղաքական նկատառումներով։ Այո, խնդիրը բարդացնելու եւ դրա անլուծելիությունը ցուցադրելու նպատակով կատարվում են նման՝ իրավունք խախտող հայտարարություններ։ Բայց քանի որ սա ընդամենը քաղաքական հայտարարություն է եւ կատարվում է կոնկրետ աշխարհաքաղաքական համատեքստում, իմ գնահատմամբ՝ այն չի կարող կանխորոշել գերիների իրական ճակատագիրը։ Ես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների փորձի վերլուծությամբ եմ նման եզրահանգման գալիս։ Հիշեցնեմ, որ 2021-ին գարնանը՝ Իլհամ Ալիեւը տարբեր ամբիոններից, հարցազրույցներում նշում էր, որ Ադրբեջանում այլեւս գերիներ չկան. բոլոր նրանք, ովքեր պահվում են, ահաբեկիչներ են, գերիներ չեն եւ չեն վերադարձվելու։ Ընդ որում, այս հայտարարությունները հենց թիրախավորում էին Խծաբերդի զինծառայողներին, որոնք, օրինակ, տեղակայված էին մի տարածքում, որտեղ կար նաեւ ռուս խաղաղապահների ներկայությունը, բայց Ալիեւը նրանց որակում էր ահաբեկիչներ՝ սպառնալով, որ չի վերադարձնելու։ Այս պահին պետք է արձանագրենք, որ բոլոր 62 զինծառայողները հայրենադարձվել են, եւ աշխարհաքաղաքական գործոնների դինամիկան նպաստել է նրանց վերադարձին։ Ուստի սա պետք է ընկալել՝ որպես ժամանակավոր քաղաքական հայտարարություն, այլ ոչ թե վերջնական դատավճիռ։
-Ի՞նչ նոր տվյալներ ունեք Բաքվում պահվող գերիների թվի եւ ընդհանրապես նրանց՝ ազատ արձակման հետ կապված գործընթացի վերաբերյալ։
-Մենք այս պահին պաշտոնապես հաստատված հետեւյալ թվերն ունենք՝ 19 գերիներ, որոնք պահվում են 2020-ից եւ 2023-ից։ Նրանց գերեվարումը անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, եւ կարծում եմ՝ այս թվին պետք է հավելենք նաեւ Կարեն Ավանեսյանին, ով եւս երկարատեւ ազատազրկման դատապարտվեց ադրբեջանական դատարաններում։ Իր գործի առանձնահատկությունն այն է, որ բռնի տեղահանության ընթացքում վերջինս մնացել էր իր պատմական բնակավայրում, սակայն հետագայում նա եւս շինծու մեղադրանքի զոհ դարձավ։ Ըստ ադրբեջանական կեղծ վարկածի՝ նա իբր նռնակներ է նետել եւ կրակ բացել ոստիկանության ուղղությամբ, վիրավորել, եւ վերջինս դատապարտվել է ահաբեկչության եւ առանձնապես այլ ծանր հանցագործությունների մեջ։ Մենք այս պահին չունենք բռնի անհետացած անձ, որի կարգավիճակը հայտնի է դարձել եւ ստացել գերու կարգավիճակ, դրա համար բռնի անհետացածների մասով մենք տեղաշարժ չունենք, եւ հիմնականում ազատ արձակման գործընթացի վերաբերյալ է՝ հենց նշված 20 ողջ էթնիկ հայերի վերադարձի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2026


















































