Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, այսօր քննում է «Տաշիր կապիտալ»-ն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործը։ Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ»-ը դատարանում վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։
«Հաշվի առնելով զարգացումները եւ խմբակի ցանկությունը՝ խլելու ՀԷՑ-ը, առանձնապես ակնկալիք չունեմ։ Եթե հիշում եք՝ դատարանը մերժեց մեր՝ կառավարչին եւ ՀԾԿՀ նախագահին որպես վկա ներգրավելու միջնորդությունը։ Ես պնդում եմ, որ իրենց կարիքը միանշանակ այստեղ կար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ մինչեւ մայիսի 25-ը սահմանվել է բանակցությունների փուլ, հետո նոր գերակա շահի հարցը կորոշվի։ Հարցին՝ որ դեպքում է հնարավոր հասնել կոնսենսուսի ՀԷՑ-ի հարցով, նա պատասխանեց․ «Դա սեփականատիրոջ միանձնյա որոշումը կարող է լինել, բայց մենք հակված չենք այդ բանակցություններին՝ հաշվի առնելով նաեւ իրենց կատարած առաջարկը։ Մի խոսքով՝ այդտեղ բանակցությունների լեզու ես չեմ տեսնում»։
Նա նշեց, որ ՀԷՑ-ի հարցով արբիտրաժային գործը գտնվում է քննության փուլում։ «Ես ունեմ համոզմունք, որ այդտեղ արդեն զանգովի արդարադատություն չի գործելու, եւ արդարությունը հաղթելու է։ Ուղղակի ՀԷՑ-ի գործը որպես այդպիսին դասագրքային գործ է դառնում, այսինքն՝ ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը։ Այստեղ միայն ՀԷՑ-ի խնդիրը չէ, եթե հիշում եք՝ Սամվել Կարապետյանն ասել է՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա որպես գույք»։ Եթե Սամվել Կարապետյանը մեկ սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված հանձնելու էին հետ, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։ Այստեղ խնդիրը ներդրումային միջավայրն է, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՀԷՑ-ի գործով ներդրողներին ուղղակի ասում են՝ հանկարծ չգաք այստեղ։ Հնարավոր չէ այդպիսի բան, այս փորձերն իմանալով՝ ինչ-որ խոշոր ներդրող գա այստեղ ներդրում կատարի»,- նշեց Ղազինյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ Հայաստանի Էներգետիկ համակարգը Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին միացնելու մասին՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Իհարկե, մեր թշնամական պետությունները կերազեն այստեղ ունենալ իշխանություն եւ այդ իշխանության միջոցով ներդրումներ կատարել։ Ինչո՞ւ փող ծախսել զենքի, զինամթերքի, պատերազմի վրա, ֆինանսական ներդրումներով կգրավեն, եւ կվերջանա ամեն ինչ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ղազինյանը միաժամանակ նշեց՝ համոզված է, որ հունիսի 7-ից հետո նոր ներդրումային միջավայր կունենանք՝ հաշվի առնելով ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի կապերը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































