«2021 թվականից սկսած՝ իրավական գնահատականներ փորձում եք տալ եւ տրվում է այդ գնահատականը, դուք չէ, որ պիտի տաք։ Ինչ վերաբերվում է մանկապարտեզի շենքին, ձեր ինֆորմացիան կցկտուր է․ դա չգործող մանկապարտեզի տարածք է, որը օտարվել է եւ գործը մինչեւ հիմա էլ քննվում է։ Ինչ վերաբերվում է նոր կառուցվող մանկապարտեզին, այո, դուք ճիշտ եք․ դա իմ աշխատած ժամանակահատվածում է կառուցվել, դուք էլ ընդամենը ժապավենն եք եկել կտրել՝ մեծ շուքով։ Սուբվենցիոն ծրագրով դրված է, որ ընդամենը գույքի խնդիր պետք է լուծեիք 2022 թվականի դեկտեմբերին, ավարտեիք, 2024 թվականին չէիք կարողանում գույքով ապահովել»,- ԱԺ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Բաբկեն Թունյանին դուր չէր եկել Արման Ղազարյանի վերջին հարցազրույցներից մեկը, որում նա ՔՊ-ի կուսակցական «ուրախ ավտոբուսի» այցը Վարդենիսի տարածաշրջան անվանել էր բեմականացում, ասել էր՝ «իրենց մարդկանց են բերում հանդիպումների, որ ծափահարեն իրենց»։ Իր վրդովմունքը Բաբկեն Թունյանն ԱԺ ամբիոնից արտահայտեց՝ հիշելով Արման Ղազարյանի՝ համայնքի ղեկավար աշխատած տարիները, այդ ընթացքում եղած վատնումները, հարուցված քրեական գործերը եւ ընդդիմադիր գործընկերոջը հորդորեց՝ տարածաշրջան այցելության ժամանակ այդ մարդկանց հարցնել՝ իրենք բերվե՞լ էին ՔՊ-ի հետ հանդիպումներին, թե՞ սիրով էին եկել եւ իրենց սերն են արտահայտել, ինչն էլ ընդդիմադիր գործընկերոջ խանդն է շարժել։
Արման Ղազարյանի խոսքից հետո Բաբկեն Թունյանը նորից արձագանքեց՝ ասելով, որ վերջերս հանրային հեռուստաընկերությամբ ռեպորտաժ է դիտել՝ վիճահարույց մանկապարտեզն արդեն գույքով ապահովված է։ Ընդգծեց՝ մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, այսինքն, կառավարության էական աջակցությամբ։ Ինչ վերաբերվում է քրեական գործերին եւ վատնումներին՝ տարակուսեց․ «Եթե որեւէ խնդիր չկա, ինչի՞ համար է մարդը մի քանի միլիոն դրամ վերականգնել բյուջե»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































