Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չես կարող «վերադասին» «ոչ» ասել

Մարտ 25,2026 14:00 Share

Ագրեսիայի վերահասցեագրումը կենդանիների եւ մարդկանց մոտ, ինչպես նաեւ՝ ժամանակակից Հայաստանում

Շատ տարիներ առաջ «Ա1+»-ի խմբագրություն էր ներխուժել «տեղական նշանակության» օլիգարխներից մեկն՝ իր «ախրաննիկներով», եւ ոչ հոդաբաշխ բառապաշարով բողոքում էր իմ ինչ-որ հրապարակումից: Ես ապարդյուն փորձում էի պարզել, թե ինչի մասին է խոսքը եւ կոնկրետ ինչից է նա դժգոհ: Անկոչ հյուրը դրանից ավելի շատ բորբորքվեց եւ հասավ կատաղության այնպիսի աստիճանի, որ սկսեց ծեծել… իր թիկնապահին:

Ավստրիացի հոգեբան Կոնրադ Լորենցը դա անվանում էր «ագրեսիայի վերահասցեագրում» (redirected aggression), երբ կենդանին կամ մարդը չի կարողանում իր ագրեսիան ուղղել իրական թիրախին եւ ընտրում է առավել անվնասը: Տվյալ պարագայում օլիգարխը հասկանում էր, որ ինձ ծեծելը կարող է վատ հետեւանքներ ունենալ, իսկ ամբողջությամբ իր բարեհաճությունից կախված թիկնապահը, բնականաբար, ոչ մի տեղ չի բողոքի:

Ագրեսիայի նման վերահասցեագրումը օգնում է խուսափել անցանկալի կոնֆլիկտից եւ երբեմն թուլացնել ներքին հոգեբանական լարումը (ժողովրդական լեզվով ասած՝ «սիրտը հովացնել» կամ «փուքսը թողնել»): Լորենցի բերած օրինակներից, իմ կարծիքով, ամենապերճախոսներից մեկը հետեւյալն է. դոմինանտ աքլորը ճնշում է ավելի թույլ աքլորին, բայց վերջինս չի համարձակվում պատասխան տալ «շեֆին» եւ հարձակվում է ավելի թույլ աքլորի կամ նույնիսկ ճուտիկների վրա: Այսպիսով նաեւ պահպանվում է տվյալ խմբի հիերարխիան: Մոտավորապես այնպես, ինչպես աշխատավայրում պետը ձեզ կոպտում է, իսկ դուք գալիս եք տուն եւ ձեր չարությունը թափում եք երեխաների կամ կնոջ վրա:

Ավելի ուշ շրջանի կենսաբանները՝ 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարում, ընդունելով, որ գոյություն ունի Լորենցի նկարագրած պաշտպանողական մեխանիզմը, վիճարկում էին դրա «օգտակարությունը»: Մարդկանց դեպքում, համենայնդեպս, դա կարող է ոչ միայն չօգնել, այլեւ՝ հակառակը. իրենց կատաղությունը թույլի վրա թափելով՝ շատ մարդիկ դա սովորություն են դարձնում, եւ, այդպիսով, նրանց ագրեսիվության մակարդակը ոչ միայն չի իջնում, այլեւ աճում է:

Զիգմունդ Ֆրոյդը, խոսելով նմանատիպ «շեղումների» (Verschiebung) մեխանիզմների մասին, նշում էր, որ դրանց միջոցով ագրեսիվ վարք դրսեւորողը ոչ թե պարզապես «հովացնում է սիրտը», այլ հասնում է ցանկության եւ արգելքի փոխզիջման: Ըստ Ֆրոյդի, դա, այո, պաշտպանողական մեխանիզմ է, բայց ա/ խեղաթյուրում է իրականությունը, բ/ կարող է հանգեցնել նեւրոզների, գ/ չի լուծում առաջնային կոֆլիկտը:

Նույն մեխանիզմը սոցիալական, մշակութային մակարդակով ավելի ուշ ուսումնասիրել է ֆրանսիացի պատմաբան եւ փիլիսոփա Ռենե Ժեռարը: Հասարակության մեծ մասը նույն բանն է ուզում, նույն բարիքներին է ձգտում (գլոբալացումը եւ սոցցանցերն այդ համահարթեցումն ավելի են ուժեղացրել), ինչը բերում է համընդհանուր կոնֆլիկտի: Կոնֆլիկտը լուծելու համար ինչ-որ մի պահի ագրեսիան վերակողմնորոշվում է եւ գտնում է մի հարմար թիրախ, «քավության նոխազ»: Դա կարող է լինել ավելի թույլը, «օտարը», տարբերվողը, կասկածելին:

Դա բերում է «մեղավորների» փնտրտուքին, «թշնամիների» դեմ քաղաքական կամպանիաների, բուլինգի, հասարակության մեջ ատելության բռնկումների:

Հենց այդ մեխանիզմն է օգտագործում ներկայիս իշխանությունը՝ մշտապես նշելով ատելության թիրախները՝ «նախկիններին», ռուսներին, հոգեւորականներին, «ղարաբաղցիներին»:

Բայց ժամանակակից հայաստանյան կյանքում ագրեսիայի վերակողմնորոշման մեխանիզմի դրսեւորումները դրանով չեն սահմանափակվում: Ինչո՞ւ են ագրեսիվ ՔՊ-ականները եւ Փաշինյանի այլ ստորադասները: Որովհետեւ, վստահ եմ, պարբերաբար ստորացվում են իրենց «շեֆի» կողմից՝ ընդ որում, դա դրսեւորվում է հիստերիկ նոպաների տեսքով: Կարո՞ղ են նրանք պատասխանել: Բնականաբար՝ ոչ. մանդատը եւ պաշտոնն ավելի թանկ են: «Սիրտը հովացվում» է ընդդիմադիրների եւ լրագրողների հասցեին «ջղայն» գրառումներով:

Կարո՞ղ է Փաշինյանը «ոչ» ասել Ալիեւի հերթական ստորացուցիչ պահանջին: Իհարկե՝ ոչ. աթոռն ավելի թանկ է: Բայց նա կարող է իր ագրեսիան վերահասցեագրել վերոհիշյալ թիրախներին, ինչպես նաեւ՝ փողոցում իր հետ չհամաձայնվող սովորական քաղաքացիներին: Դրա համար իր ձեռքի տակ կան գրպանային քննչական մարմինները, դատախազությունը, դատարանները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ հարյուրավոր թեկնապահներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031