Անցած կիրակի օրը, ուշացումով գնալով պատարագի, Փաշինյանը, իրականացնելով իր քաղաքական/ծառայողական գործունեությունը (ըստ քննիչների), մի քանի տասնյակ թիկնապահներով մխրճվել էր ժողովրդի մեջ՝ իր այդ «քաղաքական գործունեությամբ» խանգարելով հավատացյալներին: Ուղերձը պարզ է՝ «ես ժողովրդի օծյալն եմ, երբ ուզեմ՝ կգամ, ինչ կուզեմ՝ կանեմ»: Եթե դրան գումարենք, որ նա կաթողիկոսին անվանում է «Կտրիճ Ներսիսյան», բամբասում է եպիսկոպոսներից, ձերբակալում է հոգեւորականներին, նշանակում է թեմի առաջնորդներին եւ «ձեռնադրում է» քահանաներին, նման ամբարտավան վարքը չի կարող վրդովմունք չառաջացնել:
Գերակշռող կարծիքն այն է, որ դա հատուկ կանխամտածված սադրանք է: Չգիտեմ, չեմ կարող ասել՝ ես նույնիսկ համեմատաբար ադեկվատ քաղաքական գործիչների վարքը չեմ կարող վերծանել, ուր մնաց՝ Փաշինյանի:
Խնդիրը հենց այն է, որ քաղաքական գործիչներն ընդհանրապես հեռու են ադեկվատությունից, ինչպես որ ես եմ դա հասկանում: Առավել եւս, երբ խոսքը Փաշինյանի տիպի գործիչների մասին է: Ի՞նչ պետք է աներ սովորական, խիղճ ունեցող, պարկեշտ (իմ պատկերացմամբ՝ ադեկվատ) մարդը 2020 թվականի նոյեմբերի 10-ին: Նա պետք է խոստովաներ, որ այնքան դիվանագիտական շնորհք չի ունեցել, որ կարողանար կանխել պատերազմը, իսկ հետո այնքան կազմակերպչական շնորհք չի ունեցել, որ կարողանար դիմադրություն կազմակերպել, ներողություն խնդրեր, եւ ընդմիշտ հեռանար քաղաքական եւ հասարակական ասպարեզից:
Բայց Փաշինյանն այդպես չի վարվել՝ նա սկսել է հոխորտալ, աջուձախ վիրավորել, սպառնալ, դիմել է վայրագ բռնաճնշումների, որոնց կնախանձեին Պուտինը եւ Լուկաշենկոն: Բնականաբար, մեղքը չընդունելը բերել է այլ մեղավորներ «նշանակելուն»՝ նախկիններ, ռուսներ, 5-րդ շարասյուն, գեներալներ, դասալիքներ եւ այլն: Բանը հասավ նրան, որ նա հայտարարեց, թե միտումնավոր է պարտվել պատերազմում, որպեսզի Ռուսաստանից անկախանա: (Դա անմիջապես առնչվում է այսօրվա՝ «կանխամտածվածությանն» առնչվող թեմային):
Կարդացեք նաև
«Միտումնավոր պարտության» մասին թեզը հնչում է որպես կատարյալ ցինիզմ, եւ ընդդիմադիրները դրանից շատ են ոգեւորվել՝ «ահա՜, տեսաք, խոստովանեց»: Բայց բանը նրանում Փաշինյանի այդ պնդումը… նույնպես սուտ է: Պարզապես նրան ավելի հեշտ է ասել, որ պարտությունը խորապես մտածված խորամանկություն էր, քան խոստովանել, որ անընդունակ է երկիր կառավարել:
Այնպես որ, Փաշինյանի գործողությունների «կանխամտածվածությանը» ես կասկածում եմ: Եթե մենք, Աստված տար, ինչ-որ հրաշքով հաղթեինք պատերազմում, նա ինքն իրեն բրոնզե արձան կդներ, իսկ պալատականները կփառաբանեին նրան՝ որպես մեծն զորավարի, որը ջախջախեց թշնամուն: Ինչպես որ հիմա փառաբանում են նրա «խաղաղասիրությունը»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































