Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստանին» Արայիկ Հարությունյանն անվանեց՝ «խալաստոյ փամփուշտներով կրակող» ուժ

Ապրիլ 15,2026 18:50 Share

«Գիտե՞ք՝ մինչև 2018 թվականն ինչո՞ւ ընդդիմությունը չէր հաջողում։ Որովհետև այդ ընդդիմությունն իր իրական ուժերն ու հնարավորությունները չէր կարողանում ճիշտ գնահատել, և ամեն «թեժ աշուն», «թեժ գարուն» ու նաև համապետական ընտրություններում մի շատ չարչրկված և արդեն վերջում ծիծաղ առաջացնող արտահայտություն կար՝ «ռեժիմը խուճապի մեջ է»։

Դա հիմա այս ընդդիմությունն է սկսել կիրառել»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արայիկ Հարությունյանը։

Լրագրողներից մեկը նկատել էր՝ երեկ մրցակից ուժի ներկայացուցիչները հայտարարում էին՝ իշխանությունում այնքան են վախեցած, որ մանկահասակ երեխաների մայրիկներին են ձերբակալում։ Խոսքը «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի ձերբակալությունների մասին էր։

«Մեզ մոտ աշխատում են ինստիտուտներ, և երբ մարդը հանցանք է գործում՝ լինի երիտասարդ կին, ծեր տղամարդ, պաշտոնյա, համակարգն արձագանքում է և ըստ սահմանված օրենքների, տվյալ դեպքում՝ ՔՐՕՐ-ի, գործում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն հումանիստական նկատառումներով է առաջնորդվել՝ միջնորդությունները ներկայացնելիս։

Երեկ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ իշխող ուժի ընտրական ցուցակի 24 համարը բարեգործությամբ է զբաղվում։ «Ինչ-որ Լուսինե մենք չունենք։ 24 համարը Ղազարյան Սոնան է»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով հիմք չընդունել հայտարարությունները։

«Դուք առնվազն ազնիվ չեք ձեր պնդման մեջ․ քաղաքական դաշտում կա ևս մեկ քաղաքական ուժ, իհարկե՝ «խալաստոյ փամփուշտներով կրակող», որը ՔՊ-ից շատ ավելի շատ գործիքներ է կիրառում՝ քաղաքական, նաև ռեսուրսներ, նաև մարդկային»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ մեղադրելով որոշ լրատվամիջոցների՝ անաչառ չլինելու մեջ։

Իշխող ուժն առաջինն էր, որը իր փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Փաստաթղթերը ԿԸՀ էին տարել Արայիկ Հարությունյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը։ ՔՊ-ի պատգամավորական ցուցակում 283 թեկնածու կա։ Ցուցակի ձևավորումն անցած տարի էր սկսել․ առաջին փուլում քվեարկվել են 300 թեկնածուներ՝ առաջին հիսունը որոշելու համար, ապա 50-ի մեջ է քարոզարշավ եղել, և ըստ այդմ ընտրվել են առաջին 50 տեղերի հավակնորդները։

«Քաղաքական ուժերը վերջին օրը, վերջին ժամին այստեղ հերթ են կանգնում, այնպես որ՝ ձեր գործը հեշտացնում ենք»,- փաստաթղթերն ընդունող հանձնաժողովին այսպես դիմեց Արայիկ Հարությունյանը։

Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց՝ ՔՊ-ն հավակնում է միանձնյա Սահմանադրություն փոխել, ինչ կլինի՞, եթե հաջորդ խորհրդարանում իրենք բացարձակ մեծամասնություն չունենան։

«Քաղաքական ուժն առաջադրում է խնդիրներ և հետո լուծում դրանք։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև մեր վերջին շփումները հանրության հետ և ընդհանուր գործընթացները ցույց են տալիս, որ կլուծենք խնդիրները»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930